«Լավ աշխատավարձով լավ աշխատանք»՝ սա է ողջ աշխարհում քաղաքական գործիչների խոստումը: Այս խոստումները կատարելու համար կառավարությունները պետք է ազատություն տան նորարարության վերափոխելու կարողությանը: Այն երկրները, որոնք ստեղծում են իրենց մարդկային ռեսուրսները եւ խթանում են նորարարության առեւտրային կիրառումը` շատ ավելի լավ վիճակում կլինեն, քան նրանք, որոնք ցիկլային աննախադեպ աճ են արձանագրում:
Այս պնդումն այժմ կարող է ընդունված դատողություն համարվել, սակայն որոշ կառավարություններ ավելի առաջ են անցնում մյուսներից, հիմք ստեղծելով գիտելիքով առաջ շարժվող տնտեսությունների համար, եւ ապահովելով իրենց քաղաքացիներին տրված ամենամեծ խոստումը: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի նախկին կենտրոնական պլանային տնտեսությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էստոնիայի, Լիտվայի, Սլովակիայի, Լեհաստանի եւ Չեխիայի նման երկրներին համեմատաբար հաջողվել է պայմաններ ստեղծել, որպեզի իրենց գիտելիքային ակտիվներում՝ կրթություն, տեղեկատվական ենթակառուցվածքներ եւ այլն, կատարվող ներդրումները վերածվեն արտադրական, առեւտրային եւ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների:
Մյուս երկրներում, մասնավորապես` Կենտրոնական Ասիայի պետություններում, վտանգ կա, որ իրենց ժողովրդի տաղանդը կվատնվի եւ նրանք բարեկեցության հեռավոր սահմանում կմնան, եթե նորարարությունը խթանելու համար չստեղծվեն խթաններ եւ դրանից առեւտրային հասույթ չստացվի:
Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա՝ երկրները հանդիպում են այս մարտահրավերներին, քանի որ պետական պլանավորման ընդհանուր փորձ ունեն: Նրանց մեծ մասը կրթական նվաճումների հպարտության արժանի ժառանգություն ունի եւ մեծ թվով հետազոտողներ: Մեկ միլիոն բնակչի հաշվով շուրջ 3500 հետազոտողների թվով Ռուսաստանն ունի նույնքան հետազոտողներ, որքան Գերմանիան եւ Կանադան: Սակայն տարածաշրջանում միայն մի քանի պետությունների է հաջողվել այս պոտենցիալ հզորությունները վերածել առեւտրային առումով կենսունակ ինովացիաների:
Խնդիրներից մեկը հետազոտություններին եւ զարգացմանն ուղղվող ծախսերի ցածր մակարդակն է, որը ՀՆԱ-ի մեկ տոկոսից ցածր ցուցանիշ է կազմում: Սա Եվրամիության պետություններից շատերի կողմից ներդրվող մակարդակից ցածր է, որոնք որպես իրենց նպատակային ցուցանիշ են սահմանել երեք տոկոսը, իսկ Ճապոնիայում եւ Միացյալ Նահանգներում նմանատիպ ծախսերի մեկ երրորդն է կազմում: Սակայն խնդիրը միայն չափազանց փոքր ներդրումները չեն: Հավասարապես կարեւոր է այն հարցը, թե որն է ֆինանսավորման աղբյուրը. Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի նախկինում կենտրոնական պլանային տնտեսություններ ունեցող երկրներում հետազոտություններին ուղղվող ծախսերի երկու երրորդը ստացվում է լավ մտադրություններ ունեցող կառավարություններից: Արեւմտյան Եվրոպայում համամասնությունը հակառակն է, որտեղ մասնավոր հատվածից ստացվում է ընդհանուրի 65-70 տոկոսը: Ճապոնիայում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս:
Սա կարեւոր է, քանի որ մի կողմից` համալսարանների եւ հետազոտական ինստիտուտների, մյուս կողմից` մասնավոր ձեռնարկությունների միջեւ կամուրջներ ստեղծելու առումով անցումային տնտեսությունների կառավարությունների նախկին փորձը վատն է: Մինչդեռ առանց նման կապերի նորարարությունը հաճախ «մեռելածին» է: ԱՊՀ երկրներում հետազոտական կազմակերպությունների մեծ մասը պետական է եւ նրանց ուշադրությունը կենտրոնացած է իշխանություններից ֆինանսավորում ապահովելու հարցի, ոչ թե մասնավոր ձեռնարկությունների «ինովացիայի կարիքի» վրա:
Հետազոտության եւ զարգացման փոխակերպումը բարեհաջող առեւտրային կիրառության, ինչը կայուն տնտեսական աճի կարեւոր տարրերից է, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների կառավարություններից կպահանջի դադարեցնել իրենց սահմանափակ ռեսուրսների ծախսումը արխաիկ ինովացիոն համակարգերի վրա եւ սկսել մասնավոր ձեռնարկությունների խրախուսումը, որպեսզի լրացնեն բացը, ինչպես անում են արեւմուտքի իրենց գործընկերները:
Կառավարությունները չպետք է հետազոտությունների ֆինանսավորումն ընդհանրապես դադարեցնեն. սակայն երբ ներդրվում են պետական միջոցները, նրանք պետք է ուշադրությունը բեւեռեն մասնավոր ձեռնարկությունների կողմից կամ նրանց համար կատարվող հետազոտությունների վրա. այսինքն` այն ձեռնարկությունների, որոնք օտարերկրյա ուղղակի ներդրումների կամ առեւտրի միջոցով իրենց ինովացիայի ենթարկելու կամ նոր տեխնոլոգիաներ ներգրավելու ներուժ ունեն: Եվ պետական այս ներդրումները պետք է «խելամիտ» լինեն՝ դրանց ազդեցությունը հավասարակշռելով դրամաշնորհների եւ համաֆինանսավորման սկզբնական կապիտալի համապատասխանեցման միջոցով:
Սակայն կառավարության առավել կարեւոր դերն անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է, որպեսզի հետազոտություններում կատարված ներդրումներն արդյունք տան: Կառավարության կողմից ուղղակի հետազոտությունների մասով խնայված միջոցների ուղղումը կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ցանցեր, կօգնի նաեւ՝ բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը: Բացի այդ, անհրաժեշտ է, որ կառավարությունը խթանի հասարակության համար ինտերնետի մատչելիությունը, խրախուսի ընկերությունների կողմից արժանահավատ հաշվետվությունների ներկայացումը եւ պահպանի օրենքի գերակայությունը: Նույնը վերաբերում է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին եւ մտավոր սեփականության պաշտպանության կանոնների կիրարկմանը:
2004թ.-ին Լեհաստանում միայն 19 նոր պատենտ է գրանցվել, իսկ Չեխիայում՝ 32: Համեմատության համար նշենք, որ Ճապոնիայում այս թիվը հասնում է 37.000-ի, Գերմանիայում` 11.400-ի, իսկ Ֆինլանդիայում՝ Եվրոպայի ամենամրցունակ տնտեսությունում, 950-ի:
Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա պետությունները ձգտում են ընդօրինակել եվրոպական մոտեցումները, երբ նրանց առջեւ ծառանում են օրեցօր ինտեգրվող աշխարհում մրցակցելու գերխնդիրները, սակայն նրանք չպետք է մոռանան նայել նաեւ մյուս կողմ՝ դեպի արեւելք, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ: Չինաստանում եւ Հնդկաստանում կա հսկայական, աստիճանաբար ավելի լավ կրթություն ստացող բնակչություն, որի հմտություններն օգտագործվում են տեղական եւ միջազգային ընկերությունների կողմից, որոնք ծաղկում են իրավամբ մրցունակ գործարար միջավայրերում:
Քաղաքական գործիչները կարող են կյանքի կոչել աշխատատեղերի եւ հնարավորությունների մասին տրված խոստումները, որոնք հաճախ հնչում են որպես սպառված խոստումներ, սակայն միայն այն դեպքում, երբ նրանք շրջահայաց լինեն, ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնց ժամանակ նորարարություն կատարողներն ի վիճակի կլինեն առաջնորդել դեպի առավել բարեկեցիկ եւ կայուն ապագա: