Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել էինք, որ փետրվարի 3-ին Մարտակերտի N զորամասի ժամկետային զինծառայող, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զինկոմիսարիատի կողմից բանակ զորակոչված Վարդան Սահակյանն անհետացել էր դիրքերից: Անհայտ կորած զինծառայող Վ. Սահակյանի հայր Մարտիկ Սահակյանը որդուն գտնելու նպատակով դիմում էր գրել «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանը, ինչի արդյունքում պարզվել էր, որ Վ. Սահակյանն իսկապես գտնվում էր ադրբեջանական սահմանում: Ինչպես նշել էինք, Վարդանը զինակիցների կողմից դաժանաբար ծեծվել էր, ինչի պատճառով էլ դիմել էր փախուստի: Մեր տեղեկություններով՝ Մարտակերտի N զորամասի մի քանի զինվորների դեմ, ովքեր այս միջադեպի հետ կապ ունեն, քրեական գործ է հարուցվել: Խմբագրություն այցելած Վարդանի հորաքույր Ռիտա Սահակյանից տեղեկացանք, որ մարտի 24-ին Վարդանին Հայաստան են վերադարձրել: «Խնդրում եմ, այդքան տառապանքներից ու սթրեսներից հետո, որ մեր տղային ետ են վերադարձրել՝ շնորհակալությունս հայտնեք մեր կառավարությանը, «Կարմիր խաչին» եւ «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանին»,- ասաց նա: Ըստ տիկին Ռիտայի, Վարդանը զինակիցների կողմից դաժանորեն ծեծվելով` դիրքերից հեռացել է, ապա անձրեւի եւ մառախուղի պատճառով մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Վարդանին Հայաստան վերադարձնելու պահից տեղափոխել են Կանազի հոսպիտալ, սակայն երեկ նրան տեղափոխել են Ռազմական ոստիկանություն: Մեր տեղեկություններով՝ զինծառայողին բժշկական լուրջ հետազոտության չեն ենթարկել: Հարկ է նաեւ նշել, որ նա հոսպիտալում մնացել է ուրբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի, իսկ շաբաթ-կիրակի օրերին, որքան տեղյակ ենք, բուժանձնակազմը հանգստանում է, եւ դժվար թե նրան բուժզննման ենթարկած լինեին: Ի դեպ, մեր տեղեկություններով` ադրբեջանական բանտերում պահվող հայերին դիտավորյալ ստիպում են մերձենալ սպիդով հիվանդ կամ այլ վարակիչ հիվանդություններ ունեցող կալանավորների հետ: Թե ինչ ֆիզիկական եւ հոգեկան վիճակում է Վարդանը՝ դեռեւս պարզ չէ, քանի որ հոսպիտալում նրա հարազատներին թույլ են տվել տեսակցել ընդամենը մի քանի րոպե: Հորաքրոջ նկարագրմամբ՝ Վարդանի արտաքին տեսքը նորմալ է եղել, սակայն թե ինչպես են Ադրբեջանում վերաբերվել Վարդանին` դեռեւս պարզ չէ, քանի որ հարազատներին առանձնապես նրա հետ խոսելու հնարավորություն չեն տվել: