Երեկ խմբագրություն էր այցելել Արթիկի հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Մկրտչյանը, որպեսզի ներկայացներ հիվանդանոցի մասին շրջանառվող լուրերի իսկությունը: Ինչպես նշել էինք «168 Ժամ»-ի նախորդ համարում, հիվանդանոցի շենքային պայմանները ծայրահեղ վատ վիճակում են, քանի որ գոյության 35 տարվա ընթացքում այն ոչ մի անգամ չի վերանորոգվել: Այն, որ հիվանդանոցը վատ վիճակում է՝ հաստատում է նաեւ տնօրենը: Բանն այն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիվանդանոցը վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը հատկացնելու ցանկություն է հայտնել, որից հետո լրատվամիջոցները տարածել են մի տեղեկատվություն, ըստ որի` հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել 300.000 դոլար տրամադրել շինարարական աշխատանքների համար, ինչն էլ զարմացրել է հիվանդանոցի տնօրենին. «Այո՛, «Հայաստան» հիմնադրամը պատրաստ է հիվանդանոցը վերանորոգել։ Իրոք, մեր բախտը բերել է, որ հիմնադրամը հանձն է առել այս գործը, սակայն տպավորություն է ստեղծվել, թե 300.000 դոլարի հայտարարությունն իմ կողմից է հնչեցվել, բայց այդպես չէ: Քաղաքի շինարարներն իրենք իրենց հաշվարկներ են արել եւ ենթադրաբար նման անհիմն թիվ են տարածել»,- ասաց պրն Մկրտչյանը: Այնուհետեւ «Շանթ» հեռուստաընկերությունը եթերով հայտարարել է, թե հիմնադրամը հիվանդանոցում 300.000 դոլարի շրջանակներում վերանորոգում է իրականացնելու, եւ լրատվամիջոցները նման տեղեկատվություն են տարածել: Տնօրենի հավաստմամբ՝ ներկայումս նախագծանախահաշվային աշխատանքներ են կատարվում, հետեւաբար գումարի չափը որեւէ մեկը չի կարող որոշել: Ըստ նրա, հնարավոր է, որ հիմնադրամը 300.000-ից ավելի կամ պակաս գումար հատկացնի, այնպես որ, շրջանառվող գումարի չափն անտրամաբանական է: Ի դեպ, ի պատասխան մեր հարցին, թե վերանորոգումից հետո հնարավո՞ր է, որ հիվանդանոցը մասնավորեցվի, պրն Մկրտչյանը վստահեցրեց, որ մասնավորեցնելու արգելանք կդրվի, ամենայն հավանականությամբ՝ 30 տարի ժամկետով: Թեեւ հիվանդանոցն իր պայմաններով մասնավորին չի գայթակղում, այդուհանդերձ, տնօրենի կարծիքով՝ չվերանորոգելու դեպքում հիվանդանոցի մասնավորեցումը հնարավոր է: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս հիվանդանոցը 80-90%-ով պետպատվերի շրջանակներում է հիվանդներին բուժում, իսկ վճարունակ զանգվածը նախընտրում է քաղաքում բուժվել. «Չնայած բուժանձնակազմից շատ գոհ են, որովհետեւ լավ ենք աշխատում, բայց շատերի համար մեր հիվանդանոցային պայմաններում բուժվելը վայել չէ»,- նշեց պրն Մկրտչյանը: