Տ. Սարգսյանի այս մտադրությունից, բնականաբար, դժգոհեցին «կարգապահ» բանկերը: ԿԲ նախագահն այս շաբաթ բանկերին մեկ այլ սպառնալիք է ներկայացրել: Այն է` եթե Բանկերի միությունն առարկի իր այս առաջարկությանը, ապա կդիմի լրատվամիջոցներին: Այսինքն` Տ. Սարգսյանը պատրաստվում է լրատվամիջոցների միջոցով կարգավորել իր խնդիրները բանկերի հետ:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նմանատիպ խախտումների դեպքում բանկերն օրենքի շրջանակներում արդեն պատժվում են, ապա բանկերի դժգոհությունն ինչ-որ առումով կարելի է համարել «արդարացված»: Սակայն այդ տույժերը ԿԲ-ին չեն բավականացնում, որովհետեւ կիրառվող տույժերը բանկերի համար «զսպաշապիկ» չեն, եւ վերջիններս շարունակում են շեղվել նորմատիվներից: Ուստի ԿԲ-ն որոշել է այլ մեթոդներ կիրառել այդ խախտումների ծավալը նվազեցնելու համար: Իսկ նման բանկերի անունների հրապարակումը, բնականաբար, կվտանգի բանկերի հեղինակությունը, որն այժմ նրանց հաջողվում է ձեռք բերել քիչ ջանքերի շնորհիվ, եւ հենց դա է նրանց կողմից բարձրացված դժգոհության հիմնական պատճառը:
Հավանաբար, մոտ ապագայում ԿԲ նախագահի ցանկությունն իրականություն կդառնա, քանզի նա, ինչպես արդեն նշեցինք, օրերս հայտարարել էր, թե վերջնական որոշում կայացնելու համար սպասում է ՀՀ Բանկերի միության գնահատականին:
Այսօր որոշ առեւտրային բանկեր հաճախակի են խախտում բանկային նորմատիվները, եւ ԿԲ-ն գտնում է, որ եթե այդ բանկերի անունները պարբերաբար հրապարակվեն, ապա վերջիններս «հաճախորդներին չկորցնելու համար» առավել մեծ ուշադրությամբ կաշխատեն եւ խախտումներ թույլ չեն տա:
Իսկ ճի՞շտ է արդյոք նման քայլն այս պահին, երբ Հայաստանի բանկային համակարգը, կարելի է ասել, գտնվում է կայացման փուլում: Այս որոշումը չի՞ հանգեցնի արդյոք բնակչության կողմից բանկերի նկատմամբ առանց այդ էլ թույլ վստահության նվազմանը: Պարզվում է` ո՛չ: Համենայնդեպս, այս կարծիքին է տնտեսագիտության դոկտոր, Աժ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: Նրա կարծիքով, Տ. Սարգսյանի որոշումն «ինչ-որ տեղ» նույնիսկ ուշացած է, եւ գտնում է, որ ԿԲ-ն դեռ վաղուց պետք է զբաղվեր «անկարգապահների» անունների հրապարակմամբ: Մասնագետի խոսքերով, բանկային համակարգի առողջացման համար շատ կարեւոր է նորմատիվները չխախտելը, ինչը կկարգավորվի Տ. Սարգսյանի վերոնշյալ որոշումն իրականացնելու դեպքում: Թ. Մանասերյանի համոզմամբ, դա արդեն կստիպի բանկերին մտածել ոչ թե մակերեսային, այլ իրական հեղինակության մասին: Ավելին, տնտեսագիտության դոկտոր Թ. Մանասերյանը վստահեցնում է, որ ԿԲ-ի փոխարեն այս հարցում պետք է շահագրգռված լինեին հենց բանկերն ու իրենք լինեին այս գործընթացի նախաձեռնողները: Ի դեպ, պատգամավոր Թ. Մանասերյանն իրատեսական է համարում նաեւ բանկային ներկայիս նորմատիվների վերանայումը եւ նորերի մշակումը:
«Սա շատ լավ գործիք է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում»,- ասում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ` Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, Տնտեսության եւ ֆինանսների ամբիոնի վարիչ Էդվարդ Սանդոյանը: Նրա հավաստմամբ, այս քայլով ԿԲ-ն ոչ թե դասակարգում կամ կարծիք է ստեղծում ինչ-որ բանկերի նկատմամբ, այլ, ըստ էության, հաղորդում է այն, ինչ կա: Է. Սանդոյանը նաեւ նկատեց, որ այս ինստիտուտն այսօր էլ գործում է, սակայն դրա ազդակներն արդյունավետ չեն եւ «տեղ չեն հասնում»: Բանն այն է, որ բանկերը պարտավոր են եռամսյակը մեկ հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները, որտեղ առանձին տողով նշվում է, թե նրանք քանի նորմատիվ են խախտել եւ որքանով են շեղվել այդ սահմաններից: Է. Սանդոյանի կարծիքով, սակայն, այս հաշվետվություններից հասկանում են միայն մասնագետները, իսկ հասարակության լայն խավերի համար այնքան էլ պարզ չէ, որ այդ հրապարակումներով որոշ բանկեր տեղեկացնում են իրենց «անկարգապահության» մասին: Այսինքն` շարքային քաղաքացին նույնիսկ չի էլ ընթերցում նրանց պաշտոնական հաշվետվությունները: «Բացի այդ, այն ավելի ծանրակշիռ ազդեցություն է ունենում, երբ այդ մասին ասում է ԿԲ-ն»,- գտնում է Է. Սանդոյանը: Նա, որպես մասնագետ, ընդունում է, որ ԿԲ-ն բանկային գործառնությունների դաշտում պետք է լինի առավել ազատական: Այսինքն, որքան հնարավոր է` քիչ միջամտի բանկերի գործունեությանը: Սակայն, Է. Սանդոյանի կարծիքով, վերահսկողության դաշտում ԿԲ-ն պետք է իրականացնի խիստ քաղաքականություն` կիրառելով կոշտ գործիքներ: Դրանցից մեկն էլ խախտումներով գործող բանկերի անունների հրապարակումն է: