ԱՊՀ անդամ 12 երկրների ընդհանուր ռազմական բյուջեն մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 20 տոկոսով. եթե անցած տարի ԱՊՀ երկրները պաշտպանության ոլորտի վրա ծախսել են մոտ 22,5 միլիարդ դոլար, այս տարի այդ ցուցանիշն անցնելու է 29 միլիարդից: Առատաձեռնությամբ աչքի է ընկնում Ադրբեջանը, որն այս տարի կրկնապատկել է ռազմական բյուջեն՝ այն հասցնելով 600 միլիոն դոլարի: Վրաստանը նույնպես բազմապատկել է այս ոլորտի ծախսերը՝ մոտ 80 միլիոն դոլարից հասցնելով մինչեւ 240 միլիոնի: Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, այդ համարձակ քայլը կատարվել է ոչ թե ի հաշիվ ակնկալվող տնտեսական աճի, այլ՝ սոցիալական ներդրումների ու կարիքների: Հայաստանը, ըստ պաշտոնական տվյալների, այս նպատակների համար ծախսում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)
3 տոկոսը՝ մոտ 150 միլիոն դոլար: Ընդ որում, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի վերջին հայտարարության համաձայն՝ «այս ցուցանիշը կարող է վերանայվել»: Այս առումով «ամենախաղաղասերները» ԱՊՀ տարածքում, թերեւս, Ղազախստանը, Տաջիկստանն ու Բելառուսն են, որոնք պաշտպանության ոլորտին տրամադրում են ՀՆԱ-ի մոտ
1 տոկոսը: «Ամենախաղաղասերների» ցուցակը, սակայն, գլխավորում է Թուրքմենստանը, որը ռազմական ոլորտի վրա ծախսում է ընդհանուր բյուջեի ընդամենը 0,5 տոկոսը: