Քաղաքական վերնախավը մինչ օրս դեռ քննարկում է այդ հեռացման հետ կապված քիչ թե շատ հայտնի հանգամանքները եւ փորձում է գուշակել հնարավոր բոլոր պատճառները: Այս պահին նախագահի վերահսկողության ծառայությունն ուսումնասիրում է Լինսի հիմնադրամի գործունեությունը: Որքան հայտնի է, Ա. Թումանյանի տնտեսական գործունեությունը ստուգվում է նաեւ Հարկային պետական ծառայության կողմից: Լուրեր կան, որ նաեւ Ազգային անվտանգությունն է Ա. Թումանյանով զբաղվում:
Հիշեցնենք, որ Ա. Թումանյանն իր «Նոր երկիր» կուսակցության մեջ փորձում էր ներգրավել իշխանության միջին դասի պաշտոնյաներին, հավաքագրել էր անգամ իր ենթականերից մեկին՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ եւ իր հայրենակից Հովհաննես Հովսեփյանին, ինչը դուր չի եկել Ռ. Քոչարյանին: Այդպիսով, Ա. Թումանյանից հետո պաշտոնից ազատվեց նաեւ Հ. Հովսեփյանը:
Մինչ այժմ որեւէ կոնկրետ մեկնաբանություն չի հնչել, թե ինչո՞ւ հեռացավ Արտաշես Թումանյանը: Լռում է նաեւ ինքը: Բայց օրերս հայտնի դարձավ, որ նա դիմել է ԱՄՆ դեսպանություն` ԱՄՆ մեկնելու համար: Որքան հայտնի է, ԱՄՆ-ում նա տուն ունի:
Այս ընթացքում լույս աշխարհ են գալիս որոշ մանրամասներ, թե նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն իր պաշտոնն օգտագործելով ինչերի է կարողացել տիրանալ: Մեր նախորդ հոդվածում նշել էինք, որ նրա որդուն՝ Սամվել Թումանյանին է պատկանում «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի»՝ նախկին Մերգելյան ինստիտուտի եւ տարածքում գտնվող պլաստմասսայե շշերի կապսուլաներ արտադրող «Հիտեքս-Պլաստիկ» ընկերությունը: Այս ընկերությունից բացի, այդ տարածքում է գրանցված նաեւ նրա փեսայի՝ Գագիկ Երանյանի անունով ձեւակերպված հայ-ամերիկյան «Հայտեքս» ընկերությունը: «Հիտեքս-Պլաստիկ» ընկերությունը 2002թ. սեփականացրել է այդ տարածքները: Դա համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ այդ ինստիտուտը «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում անցավ Ռուսաստանին: Այդ ընթացքում Ա. Թումանյանն իր պաշտոնական դիրքն օգտագործելով կարողացել է ինստիտուտի եւ գործարանի տարածքներից բավականին մեծ կտորներ չնչին գներով սեփականացնել: Դրա համար 2002թ. հունվարի 29-ին եղել է նույնիսկ կառավարության թիվ 71 որոշումը:
Այն է՝ «Թույլատրել Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին 494 քմ տարածքը եւ «Երեւանի մաթեմատիկական մեքենաներ գործարան» ՓԲԸ-ին 288 քմ տարածքն ու այդ տարածքում տեղադրված սարքավորումները՝ 8 մլն 495.000 դրամ ընդհանուր արժեքով (ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» համար 209 որոշմամբ հաստատված կարգով 17323,3 հազար դրամ գնահատված տարածքի արժեքի 40 տոկոսը՝ գումարած 1809,6 հազար դրամ արժեքով սարքավորումների գնահատված արժեքը), սահմանված կարգով օտարել «Հիտեքս-Պլաստիկ» ՍՊԸ-ին»:
Այդ ժամանակվա դոլարի կուրսով հսկայական այդ տարածքը մասնավորեցվել է մոտ 21.000 դոլարով: Նույն ժամանակ այդ տարածքում բազմաբնակարան շենքերի 3 սենյականոց բնակարաններն ավելի թանկ գնով էին վաճառվում: Իսկ Արտաշես Թումանյանն ընդամենը 20.000 դոլարով կարողացել է Երեւանի կենտրոնական մասում ձեռք բերել 782 քմ տարածք: Այս տարբերությունից կարելի է հասկանալ, թե այս մեկ օրինակով որքան վնաս է հասցվել պետությանը: Կառավարության այս որոշման մեջ, սակայն, հողի մասին խոսք չկա, միայն նշվում է տարածքի եւ շինության մասին: Սակայն, Ա. Թումանյանը 2003թ. անշարժ գույքի սեփականության վկայական է հանում, որի մեջ ներառում է ոչ միայն այս 782 քմ-ն, այլեւ շինության դիմացի հսկայական հողատարածքը՝ 2236 քմ: Ընդ որում, այդ ժամանակ Երեւանի քաղաքապետն էր Ռոբերտ Նազարյանը, որի եղբայրը՝ Յուրի Նազարյանը կադաստրի Դավիթաշեն համայնքի տարածքային բաժնի պետն էր, որին, եթե հիշում եք, որոշ անախորժություններից հետո հեռացրին աշխատանքից: Այս հողատարածքի ձեռքբերման գործընթացը բավական մութ է: 31.07.2002թ. ՀՀ տնտեսական դատարան էր դիմել «Հիտեքս-Պլաստիկի» ներկայացուցիչ Գ. Երանյանն` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շինությունների օտարման պայմանագրերը վավեր ճանաչելու եւ շինությունների օգտագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասի առանձնացման պահանջների մասին: Դատավոր Կ. Ստեփանյանը վավեր է ճանաչել «Հիտեք-Պլաստիկի» կողմից գնված 782 քմ (միասին) շինությունների օտարման պայմանագրերը եւ քաղաքապետարանին պարտավորեցրել է նշված շինությունների օգտագործման եւ սպասարկման համար առանձնացնել անհրաժեշտ հողամաս: Այդ ժամանակ «Հիտեք-Պլաստիկը» չուներ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական. այն ձեռք է բերել 20.02.2003թ.:
Դժվար է ասել, թե Ա. Թումանյանն այս գործարքի ժամանակ ընդամենը 20.000 դոլար է ծախսել: Հնարավոր է, որ այդ գործարքի համաձայնությունը ձեռք բերելու համար նա մի քանի անգամ ավելի գումար էլ ծախսել է վերեւներում: Այս դեպքում դժվար է նաեւ հասկանալ, թե «վերեւները» նախագահականո՞ւմ էին, թե՞ կառավարությունում: Էականը դա չէ: Ուղղակի ցավալի է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքն իր շուկայական արժեքից տասնապատիկ անգամ էժան է վաճառվել:
Ի դեպ, 2006թ. փետրվարի 3-ի տվյալներով` այս տարի «Հիտեքս-Պլաստիկ» ընկերության հաշվին մուտքեր չեն եղել, իսկ 2005թ. եղել են ընդամենը 29124 հազար դրամի կամ մոտ 64.000 դոլարի մուտքեր: Հեռախոսազրույցի ժամանակ ընկերությունից պատասխանեցին, որ պլաստմասսայե շշերի կապսուլաների համար իրենց պատվիրատուներն են «Ջերմուկ-գրուպ», «Բջնի», «Կոկա-կոլա», «Հայ կոլա» եւ այլ ընկերություններ: Ավելի պարզ պատկերացնելու համար նշենք, որ այս ընկերությունները կապսուլաները տանում են, հատուկ տեխնոլոգիաների միջոցով պլաստմասսայե շիշ են ստանում եւ օգտագործում են իրենց հանքային ջուրը կամ հյութը շշալցնելու համար: Իսկ վերը նշված ընկերություններն իրենց բնագավառում առաջատարներն են, այսինքն` մեծ սպառում ունեցող արտադրանք են թողարկում: Հետեւաբար նրանց սպառած շշերն էլ պետք է որ մեծ քանակությամբ լինեն: Այնինչ 2005թ. «Հիտեքս-Պլաստիկն» ունեցել է ընդամենը 64.000 դոլարի մուտքեր: Իսկ այս տարի ընդհանրապես չի ունեցել: Ընկերությունից մեզ տեղեկացրին, որ իրենք աշխատում են եւ պատվերներ կարող են ընդունել: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ այդ ընկերությունն իր գործունեության ծավալները փոքր է ներկայացրել, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց:
Ինչ խոսք, շատ լավ է, որ Հայաստանում նման արտադրություն կա, բայց պետք է նշել, որ Ա. Թումանյանը (Պետեկամուտների նախարարի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի) իր լծակներով կարողացել է այդ ոլորտում հասնել մենաշնորհի՝ խեղդելով մանր ձեռնարկատերերին: Նույն մեխանիզմով Ա. Թումանյանի հովանավորյալ «Մեծ անիվ» ՍՊԸ-ն, որը մարտկոցներ, անվադողեր եւ յուղեր, քսայուղեր է ներկրում, լուրջ խոչընդոտներ է ստեղծում «Էլեկտրոն»՝ մարտկոցներ արտադրող եւ «Դողագործ»՝ անվադողեր արտադրող գործարանների համար: Այժմ «Հիտեքս-Պլաստիկը», որը պլաստմասսայե շշերի կապսուլաների հումքը գնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, մուտք է գործում Վրաստանի շուկա: