Թե ինչպես Թումանյանը չինովնիկից դարձավ օլիգարխ

02/04/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Նախագահի աշխատակազմի ղեկավար եղած տարիների ընթացքում Արտաշես Թումանյանի ծավալած գործունեությունը լավագույն ապացույցն ու նմուշը կարող է լինել, թե ինչպես են Հայաստանում չինովնիկները` պաշտոնական դիրքը չարաշահելով, վերափոխվում մեծ ու փոքր օլիգարխների:

2005-ի հոկտեմբերի 16-ին Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, բացի ՀՀԿ-ից` ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի թեկնածությունը պաշտպանում էին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը, ՀՀ ԱԱԾ պետի սահմանապահ զորքերի գծով տեղակալ, Արտաշես Թումանյանի բարեկամ, նախկինում Լոռու մարզային ԱԱԾ պետ Ռոմիկ Հարությունյանը եւ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արտաշես Հարությունյանը, ով տարիներ առաջ, որպես ՀՅԴ անդամ, ներքին գործերի նախարարի հրամանով հեռացվել էր ՆԳ համակարգից։ Հետագայում, սակայն, նա դաշնակցական Վահան Հովհաննիսյանի եւ դաշնակցական հովեր ունեցող Արտաշես Թումանյանի «իշխանական» միջնորդությամբ վերականգնվում է Ոստիկանության համակարգում։ Քաղաքապետ Սամվել Դարբինյանի օգտին աշխատելու համար ուժային կառույցների վերահսկողությունը դրվում է Ա. Թումանյանի վրա: Բնականաբար, Ա. Թումանյանը դա հենց այնպես չէր անում. նրա նպատակը Լոռու մարզում իր տնտեսական լծակները հզորացնելն էր:

Սակայն ամեն ինչ` հերթականությամբ. նախ` Ա. Թումանյանը Լոռու մարզային ԱԱԾ այլեւս նախկին պետ Ռոմիկ Հարությունյանի միջոցով (այժմ նա ՀՀ ԱԱԾ պետի սահմանապահ զորքերի գծով տեղակալն է) Տաշիրի մաքսակետով առանց որեւէ խոչընդոտի երկաթ է արտահանել Վրաստան, ինչի մասին տեղյակ է եղել Ոստիկանության Վանաձորի բաժնի նախկին պետ, գնդապետ Ալիկ Ալեքսանյանը: Վերջինս էլ իր բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, մայոր Արթուր Շահվերդյանին (մականունը` Շախտ), հանձնարարում է զբաղվել երկաթի արտահանման եւ այդ գործի հետեւում կանգնած անձանց բացահայտելու գործով: Արդյունքում` Ա. Շահվերդյանը մի քանի անգամ Ոստիկանություն բերման է ենթարկել երկաթի գործով զբաղվող բանվորներին, որոնք Վանաձորի չշահագործվող գործարաններում ապամոնտաժում էին երկաթե կոնստրուկցիաները:

Ռոմիկ Հարությունյանն այդ հարցով մի քանի անգամ զրուցել է Ոստիկանության մարզային վարչության պետ Ա. Հարությունյանի հետ, սակայն` զգալով, որ միլպետն ու քրեականի պետը չեն ուզում ենթարկվել վարչության պետին, Ռ. Հարությունյանն այդ մասին տեղեկացնում է Արտաշես Թումանյանին։ Ա. Հարությունյանը մի քանի անգամ ստուգումներ կատարելու պատրվակով այցելում է Ոստիկանության Վանաձորի բաժին, ստուգում ոստիկանության հերթապահ մասի բերման մատյանը եւ հայտնաբերում, որ Ոստիկանությունը մի քանի քաղաքացիների անհիմն տարել է բաժին, եւ որ երկաթի գործով բաժին տարված բանվորներից ոչ մեկի անձնական տվյալները մատյանում գրանցված չեն: Ի դեպ, Վանաձորի ՔՀԲ բաժանմունքի պետ Ա. Շահվերդյանն այդ ժամանակահատվածում մեկնել է արձակուրդ եւ, ըստ Ոստիկանության կանոնակարգի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին դիմում է գրել, թե արձակուրդն անցկացնելու է հանրապետությունում, սակայն մեկնել է եվրոպական երկիր։ Ռ. Հարությունյանն այս մասին տեղեկացնում է Ա. Թումանյանին, վերջինս էլ` գործի դնելով իր նախագահական լծակները, հասնում է նրան, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում (պետը գնդապետ Արարատ Գրիգորյանն է) սկսվում է ծառայողական քննություն։ Արդյունքում, Ոստիկանության Վանաձորի բաժնի պետ, գնդապետ Ալիկ Ալեքսանյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, ուղարկվելով ՀՀ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ, իսկ ՔՀԲ պետ, մայոր Ա. Շահվերդյանը Ոստիկանապետի հրամանով ենթարկվում է կարգապահական խիստ տույժի` պաշտոնի իջեցումով. նշանակվում Ոստիկանության Իջեւանի անչափահասների գործերով բաժանմունքի օպեր-լիազոր։ Ազատվելով այս երկու «խոչընդոտներից», որոնցից ազատվելու համար Ա. Թումանյանը դիմել էր տարբեր միջոցների, Ռոբերտ Քոչարյանի այլեւս նախկին աշխատակազմի ղեկավարը Լոռվա մարզում սկսում է ակտիվորեն ծավալել իր տնտեսական գործունեությունը:

Հիշեցնենք, որ 2004-ի գարնանն Ա. Թումանյանը Ռոմիկ Հարությունյանի միջոցով քաղաքապետ Սամվել Դարբինյանից իր ընկերոջ` Ռոբերտ Միքայելյանի համար հողատարածք է պահանջում, որպեսզի վերջինս այնտեղ փակ սրճարան եւ կահույքի խանութ կառուցի: Ս. Դարբինյանը հնազանդորեն կատարում է նախագահի աշխատակազմի ղեկավարի պահանջը։ Ա. Թումանյանի «ընկերոջը» հատկացված հողատարածքից այն ժամանակ հատվում է 30 տարվա 11 հատ արծաթափայլ եղեւնի, որոնք «խանգարում» էին Թումանյանին` խանութ եւ սրճարան կառուցել։ Նշենք, որ Ա. Թումանյանը Նուբարաշենում ունի ծիրանանոց` 10-12 հա հողատարածքով։ Այդ ծիրանանոցի տրակտորիստ, Նուբարաշեն համայնքի բնակիչ, 5 երեխաների հայր, 40-ամյա Լիպարիտ Կարապետյանը ծիրանանոցում ընկնում է տրակտորից եւ մարմնական լուրջ վնասվածքներով տեղափոխվում Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրահատության բոլոր ծախսերը հոգում է Արտաշես Թումանյանը: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում որեւէ հետաքննություն չի իրականացվում` պարզելու համար միջադեպի պատճառները: Ըստ մեր աղբյուրների, նրանք պարզապես չեն ցանկացել ավելորդ «գլխացավանքների» մեջ ընկնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար չինովնիկ-օլիգարխի հետ: