Սուսուփուս բախումներ Բժշկական համալսարանում

02/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը, որ ընտրվել էր նույն համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, հրաժարվել է այդ պաշտոնից՝ իր մեկ այլ՝ Դեղագործության ամբիոնի վարիչի պաշտոնը պահպանելու համար:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Վ.Հակոբյանը ստիպված է այդ քայլին գնացել՝ տեղի տալով նորընտիր ռեկտոր Գոհար Քյալյանի ճնշումներին: Թեեւ համալսարանում ռեկտորի ընտրությունների ժամանակ Վ. Հակոբյանը լրագրողների առջեւ հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իր եւ Գոհար Քյալյանի միջեւ խոր հակասություն կա, սակայն ընտրություններից անմիջապես հետո ռեկտոր ընտրված Գ. Քյալյանը` լրագրողների հարցերին պատասխանելով՝ չհերքեց, որ իրենք «գաղափարական» որոշ հակասություններ ունեցել են: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Քյալյանը ոչ միայն կարողացել է ազատվել Վ.Հակոբյանից, այլեւ հայտարարել է, որ «գործ է բացելու» նրա դեմ: Թեեւ նորընտիր Քյալյանը հայտարարել էր, որ կադրային ջարդ չի անելու, սակայն մեզ հասած տեղեկություններով, կադրային փոփոխություններ Բժշկականում, այնուամենայնիվ, արվել են: Թե ինչ փոփոխություններ են արվել կամ թե ինչ «գործ» է բացվելու Բժշկականի նախկին ռեկտորի դեմ, Գ. Քյալյանն առայժմ լռում է: Չի բացառվում նաեւ, որ նման լուրեր տարածողը հենց նախկին ռեկտոր Վ. Հակոբյանն է, որը պատասխանատու է Բժշկական համալսարանում այսօր տիրող մթնոլորտի, կրթական մակարդակի եւ կաշառակերության համար: Նորընտիր ռեկտորը թեեւ խոստացավ թափանցիկ լինել եւ պատրաստակամություն հայտնեց լրատվամիջոցների հետ սերտ համագործակցության, սակայն առայժմ մեր բոլոր զանգերին լավագույն դեպքում երկու բառով է պատասխանում՝ «Գործ եմ անում, թողեք գործ անեմ, էլի…»: Մենք չենք էլ կարծում, թե Գ. Քյալյանը գործ չի անում: Հատկապես, որ այս բուհի ուսանողներն էլ են փաստում, որ

Գ. Քյալյանն, օրինակ, մեծ «ռեմոնտ» է նախաձեռնել: Բայց առայժ վերանորոգում է իր կաբինետը: Թեեւ ուսանողները վստահեցնում են, որ դա «շիկառնի ռեմոնտ է» ենթադրում, սակայն, արդարության դեմ չմեղանչելու համար, չեմ կարող պնդել, որովհետեւ վերանորոգումն արվում է ռեկտորատի կողպած դռների ետեւում, եւ «շիկառնի ռեմոնտի» մասին վկայող որեւէ բան, բացի շինարարական աղմուկից, չկա:

Այլ տեղեկությունների համաձայն՝ Գ. Քյալյանը նաեւ առանձնապես «լավ չի» բուհի ուսխորհրդի հետ, որի նախագահ Կարեն Ավագյանը Հանրապետական կուսակցությունից է, այլ կերպ ասած՝ նորընտիր ռեկտորին դուր չի գալիս հանրապետականների ակտիվությունը բուհում: Ուսխորհրդի նախագահ Կարեն Ավագյանը հերքում է այս լուրերը՝ հավաստիացնելով, որ նման բան չի կարող լինել: «Մենք արդեն մի անգամ հանդիպել եւ միասին քննարկել ենք ուսխորհրդի առաջիկա ծրագրերը, ռեկտորն արդեն ֆինանսավորել է նաեւ առաջիկա մեր մի քանի միջոցառումներ՝ բուհական թերթի առաջիկա համարի եւ այլ բուկլետների տպագրությունը»,- տեղեկացնում է ուսխորհրդի նախագահը: Բուհում տեղի ունեցած կադրային փոփոխություններում

Կ. Ավագյանը որեւէ այլ միտում չի տեսնում եւ բացատրում է այդ պաշտոնները զբաղեցրած անձանց տարիքով: Ի դեպ՝ Կ.Ավագյանը ուսխորհրդի նախագահ է 2004 թվականից, եւ նրա գործունեությունը հաջորդ ուսումնական տարվանից կավարտվի: Այսինքն, աշնանը Բժշկականում կլինեն նաեւ ուսխորհրդի նախագահի ընտրություններ, եւ չի բացառվում, որ Գ. Քյալյանն իրեն ապահովագրի ուսանողության քաղաքականացված խավի ներքին հսկողությունից: