Հասարակական կազմակերպությունների մասին մեր մամուլում շատ է խոսվել՝ հիմնականում բացասական ենթատեքստով։ ՀԿ-ները մեր հասարակության մեջ լավագույն դեպքում ընկալվում են գրանտ ստացող եւ ոչինչ չանող կառույցներ, իսկ վատագույն դեպքում՝ արտասահմանից ֆինանսավորվող եւ դրսի ուժերի նպատակներին ծառայող ուժեր։
Ռուսաստանում վերջերս օրենք ընդունվեց, որով բավականաչափ խստացվեց ՀԿ-ների գործունեությունը։ Նոր օրենսդրության համաձայն, ՀԿ-ները պարտավոր են կառավարությանը նախապես տեղյակ պահել իրենց պլանների, նախագծերի եւ ծախսերի մասին, նիստերին հրավիրել իշխանության ներկայացուցիչներին եւ այլն։ Հիշեցնենք, որ սրան սկանդալ նախորդեց, երբ հայտարարվեց մի քանի ՀԿ-ների եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների կապի մասին։ Բնականաբար, այս ամենի պատճառով մեծ հիստերիա բարձրացավ, եւ Ռուսաստանին սկսեցին մեղադրել մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու մեջ։
Թեեւ հիմնականում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մեծ մասն ունի կասկածելի բովանդակություն, սակայն մեր մամուլը բավարարվում է հայաստանյան ՀԿ-ներին «գրանտակեր» որակելով։ Այսինքն, մեծ մասի մոտ արմատավորված է այն կարծիքը, որ եթե կարողանում են՝ թող դրսից փող ստանան ու ոչ մի բան չանեն, միայն թե վնասակար ու վտանգավոր բաներով չզբաղվեն։ Ու թեեւ բարձրագոչ անվանումներ ունեցող մեր ՀԿ-ների մեծ մասը ոչ մի օգտակար բան չի անում եւ երբեմն էլ «հակագրոհներ» է ձեռնարկում մամուլի դեմ, արդեն բավական ժամանակ է՝ ՀԿ-ների թեմայով որեւէ հրապարակում չկա։ Բայց մի քանի օր առաջ տեղի ունեցավ մի բան, որը ստիպում է նորից անդրադառնալ այս թեմային։ Այսպես, «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ի 6 անդամներ հայց են ներկայացրել ընդդեմ ՊՀՔՀ նախագահ Ծովինար Սուքիասյանի եւ խորհրդի մի քանի այլ անդամների։ Խնդրո առարկան այս կազմակերպության ծրագրերից մեկի ղեկավարի պաշտոնի համար անցկացված մրցույթն է։ Թեկնածուներից մեկը եղել է հայցվոր կողմից Լալա Ասլիկյանը, իսկ հաղթող ճանաչվել է Նունե Պեպանյանը, որը ՀԿ անդամ չէ: Իրենց խոսքերով՝ դրսի մարդ է։ Հայցվորները գտնում են, որ խախտվել են մրցույթի անցկացման կանոնները, եւ պահանջում են անվավեր ճանաչել Ն. Պեպանյանի ընտրությունը։ Նրանք ՀԿ ղեկավարությանը մեղադրում են նաեւ այլ խախտումների մեջ. օրինակ, նշվում է, որ կազմակերպության ծրագրային աշխատողների աշխատավարձերից կազմակերպչական ծախսերի համար պարտադիր գանձվում է 2% ։ Ըստ էության, ՀԿ անդամների մի կեսը մյուս կեսին մեղադրում է կոռուպցիայի մեջ։
Մեր խնդիրը ճշտին ու սխալին գտնելը չէ։ Այս հարցի պատասխանը պետք է տա դատարանը։ Համենայն դեպս, կողմերից մեկը մեղավոր է, ինչը խոսում է այն մասին, որ միասնականություն, համերաշխություն եւ ազնիվ հարաբերություններ չկան ո՛չ միայն ՀԿ-ների միավորումների, այլ անգամ առանձին ՀԿ-ների ներսում։ Ինչո՞ւ է ծրագրի ղեկավարի պաշտոնի համար այսպիսի մրցավազք սկսվել. հեռախոսազանգեր են հնչում, բարեխոսում են, միմյանց տակ են փորում եւ այլն։ Իհարկե, ծրագրի ղեկավարի աշխատավարձը ցածր չէ, այն կազմում է մոտ 450 ԱՄՆ դոլար։ Սակայն մյուսներն ինչո՞ւ են շահագրգռված իրենց մոտիկին «անցկացնելու» համար։ Այստեղ ոչ թե զուտ հեղինակության, այլ լծակների եւ ամերիկյան դոնորների ձեւավորած կերակրատաշտից օգտվելու հնարավորությունների խնդիր է։
Նշենք, որ այս ՀԿ-ն իրականացնում է երեք ծրագիր՝ 100 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Դրանցից մեկի՝ «Հայաաստանի ՀԿ սեկտորի ֆինանսական կայունություն» կոչվող ծրագրի շուրջ էլ հենց առաջացել է այս պատմությունը։ Այս ծրագրով պետք է պատրաստվի եւ ԱԺ ներկայացվի օրենքի նախագիծ, որով անհատ հարկատուներին կթույլատրվի իրենց եկամտահարկի 1%-ը տրամադրել ՀԿ-ներին։ Նաեւ պետք է հանվի օրենսդրական այն արգելքը, որը ՀԿ-ներին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Եթե կարճ ներկայացնենք, կստացվի այսպես. Ամերիկա, մեզ փող տուր, մենք այդ փողով այնպես կանենք, որ քո փոխարեն հետո ուրիշները կտան…
Թե ինչ կորոշի դատարանը` ցույց կտա ժամանակը։ Իսկ մենք այս ամենից կարող ենք կարծիք կազմել ընդհանուր ՀԿ սեկտորի մասին։ Միգուցե ոմանք կասեն՝ սա մասնավոր դեպք է, պետք չէ ընդհանրական եզրակացություններ անել։ Սակայն մասնավոր զրույցներում գրեթե բոլոր ՀԿ-ները մյուսների վրա այնպիսի ցեխ են շպրտում, որ եթե թերթի ողջ ծավալը տրամադրեինք այդ թեմային, հաստատ բավարար չէր լինի։ Ամփոփելով՝ կարող ենք ասել հետեւյալը։ Մեր երկրում անհրաժեշտ չէ ՀԿ-ների գործունեությունը խստացնող օրենսդրություն։ Եվ ոչ էլ կարիք կա, որ ԶԼՄ-ները դրան այդքան մեծ տեղ տան։ Հենց իրենք՝
ՀԿ-ները, առանց կողմնակի օգնության, լավ էլ կատարում են «ինքնամաքրման» գործընթացը։ Մեզ մնում է կողքից նայել ու համապատասխան հետեւություններ անել ու խղճալ օտարերկրյա հարկատուներին: Նման հետեւություններ հաստատ կանեն նաեւ օտարերկրյա այն կազմակերպությունները, որոնք նման հասարակական կազմակերպություններին խոշոր գումարներ են հատկացնում ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար։