Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ

02/04/2006 Արմեն ՍԱՖԱՐՅԱՆ

Մեր երկիրը հիշյալ կազմակերպությանն անդամակցել է 2004թ. հունվարի 20-ին։ Մինչ այդ, 2003-ի նոյեմբերի 6-ին, ՀՀ կառավարությունը հաստատել, իսկ դեկտեմբերի 1-ին ՀՀ նախագահը վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը»։ ԳՐԵԿՈ-ի խմբին անդամակցելուց հետո անհրաժեշտություն ծագեց համադրել հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացմանն ուղղված պետական լիազորված մարմինների գործունեությունը, կատարելագործել կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու, դրանք կանխարգելելու ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը։ Այդ նպատակով ՀՀ նախագահի 2004թ. հունիսի 1-ի հրամանագրով ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ։

ԳՐԵԿՈ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանին խնդրեցինք մանրամասնել ԳՐԵԿՈ-ի լիագումար նիստի ընթացքն ու արդյունքները, մասնավորապես` Հայաստանին վերաբերող զեկույցի ընդունման գործընթացը:

– Հայաստանի Հանրապետությունը, ինչպես եւ ԳՐԵԿՈ-ի անդամ յուրաքանչյուր պետություն, պետք է անցնի գնահատման որոշակի փուլեր։ Այդ փուլերը լինում են 1-ին եւ 2-րդ, ապագայում նախատեսվում է նաեւ 3-րդը։ Գնահատման փուլերը հիմնականում պայմանավորված են նրանով, որ ԳՐԵԿՈ-ն, լինելով շատ ճկուն համակարգ, նպատակ ունի մոնիտորինգի ճանապարհով որոշակի վերլուծություններ կատարել անդամ պետություններում եւ դրա արդյունքում տալ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ, մասնավորապես՝ բարելավելու այն օրենսդրական ակտերը, որոնք պարունակում են կոռուպցիոն որոշակի ռիսկեր։

Գնահատման փուլը սկսվում է նրանից, որ գնահատվող պետությունը նախ եւ առաջ պատասխանում է ԳՐԵԿՈ-ի հաստատած հարցաշարերին։ Այնուհետեւ ԳՐԵԿՈ-ն ընտրում է փորձագետների խումբ, որն այցելում է համապատասխան երկիր, հանդիպում համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ծանոթանում երկրի օրենսդրությանը եւ տեղեկանում, թե ինչպես են դրանք կիրառվում (2005 թ. մայիսի վերջին ՀՀ-ի զեկույցի պատասխանատու փորձագետներն այցելեցին մեր երկիր եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցան մի շարք գերատեսչությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ): Վերջինիս եւ հատկապես հարցաշարերի պատասխանների հիման վրա փորձագետները տվյալ պետության վերաբերյալ կազմում են զեկույց, որը բովանդակում է վերլուծություններ եւ կոնկրետ առաջարկություններ: Զեկույցն ընդունվում է ԳՐԵԿՈ-ի լիագումար հերթական նիստում՝ սահմանված ընթացակարգով: Մինչ այդ, սակայն, գնահատվող պետությունն իրավունք ունի ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացնել զեկույցի վերաբերյալ իր առարկությունները, ինչը մենք արել ենք, եւ, պետք է նշեմ, գրեթե բոլոր սկզբունքային առարկություններն ընդունվել են փորձագետների կողմից: Ցանկանում եմ հատուկ ուշադրություն հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ Հայաստանը, հաշվի առնելով ԳՐԵԿՈ-ին անդամակցելու ժամանակահատվածը, միանգամից անցավ գնահատման 1-ին եւ 2-րդ փուլերը: Եվ ահա, ինչպես նշվեց, ԳՐԵԿՈ-ի լիագումար նիստում լսվեց Հայաստանի վերաբերյալ զեկույցը։ Այն բովանդակում է առաջարկություններ, որոնք վերաբերում են տարաբնույթ օրենսդրական ակտերին, հատկապես դատական իշխանության անկախության խորացմանը, հանրային ծառայության ոլորտին, քրեական դատավարության օրենսդրությանը եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող այլ օրենսդրական ակտերի կատարելագործմանը։ Մենք նույնպես գիտակցում ենք ՀՀ առանձին օրենսդրական ակտերի բարեփոխման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Պետք է նշեմ մի շատ կարեւոր դրական տեղաշարժ, որը լիագումար նիստի ընթացքում նշեց նաեւ ԳՐԵԿՈ-ի նախագահը՝ հիմք ընդունելով մեր կողմից նախապես ուղարկված տեղեկանքը. ՀՀ կատարած այցից հետո, 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով էական առաջընթաց քայլ է կատարվել թե՛ դատական իշխանության անկախացման խորացման ուղղությամբ եւ թե՛ իշխանությունների տարանջատման սկզբունքի հստակեցման, մարդու իրավունքների ինստիտուտների կատարելագործման առումով։ Զեկույցն ամրագրում է օրենսդրության տեսանկյունից թերի մի շարք դրույթներ, սակայն միաժամանակ նշվում է, որ համապատասխան դրույթներն արդեն իսկ էական բարեփոխման են ենթարկվել՝ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունները։ Այս ամենը հիմք ընդունելով, ԳՐԵԿՈ-ի լիագումար նիստն ընդունեց ՀՀ վերաբերյալ 1-ին եւ 2-րդ գնահատման զեկույցները։ ՀՀ-ին ներկայացվեցին 24 առաջարկություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն 18 ամսվա ընթացքում: Մի շատ կարեւոր հանգամանք եւս. սովորաբար գնահատման զեկույցները լինում են գաղտնի եւ, անգամ ընդունումից հետո, համաձայն ընթացակարգի, ԳՐԵԿՈ-ի նախագահը յուրաքանչյուր պետության ներկայացուցչի հարց է ուղղում, թե արդյոք համաձա՞յն է, որ զեկույցը հրապարակվի, գաղտնազերծվի։ Ի զարմանս ԳՐԵԿՈ-ի նախագահի եւ բոլոր պատվիրակների, մեր պատվիրակության պատասխան եզրափակիչ խոսքում համաձայնություն տրվեց, որպեսզի ՀՀ վերաբերյալ զեկույցն ամբողջությամբ հրապարակվի, որը շատ անակնկալ էր (դրական իմաստով) բոլորի համար, քանի որ մյուս բոլոր պետությունները ժամանակ են խնդրում նման որոշում ընդունելու համար: Այդպես են վարվել, օրինակ, Հունգարիան, Թուրքիան, Կիպրոսը։ Քանի որ մենք նույնպես ընդունում ենք, որ ունենք օրենսդրական բացեր եւ խնդիրներ, եւ ապա՝ ՀՀ իշխանություններն ունեն կոռուպցիայի դեմ պայքարի բավարար կամք ու վճռականություն, ՀՀ կառավարությունն ընդունել է հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր, համաձայնեցինք զեկույցի հրապարակմանը եւ ամեն ինչ անելու ենք այս ուղղությամբ հնարավոր կարճ ժամանակում առաջընթաց արձանագրելու համար։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված այս եւ բազմաթիվ այլ հարցերն ու խնդիրները հանգամանորեն քննարկվում են ՀՀ վարչապետի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի պարբերաբար անցկացվող նիստերում: Խորհուրդը նաեւ վերահսկում է Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Ու թեեւ կոռուպցիայի հետեւանքների հաղթահարման գործում վիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց, սակայն ձեռք բերված արդյունքները եւս շոշափելի են, ինչի վկայություններից է նաեւ ԳՐԵԿՈ-ի կողմից Հայաստանի զեկույցի ընդունումը:

Այնուամենայնիվ, որքանո՞վ է արդյունավետ եղել խորհրդի գործունեությունը, ընդունված որոշումներն ինչպե՞ս են իրականացվել համապատասխան պետական կառույցների կողմից, ինչպիսի՞ն են վաղվա ակնկալիքներն ու հեռանկարները. ներկայացնում են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ պաշտոնյաները եւ այն ոլորտների ղեկավարները, որտեղ ծրագրված են հակակոռուպցիոն բնույթի միջոցառումներ:

Աշոտ Շահնազարյան, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ.

– 2005թ. նույնպես մեր հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրով։ Կուզենայի նշել մի քանի կարեւոր ուղղություն։ Հանձնաժողովի գործունեության նախորդ ժամանակաշրջանի վերլուծության արդյունքների հիման վրա աշխատանքներ են տարվում ապրանքային շուկաների սահմանների, ինչպես նաեւ` դրանցում գործող տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանության կատարելագործման ուղղությամբ, այն հաշվով, որ շուկաների սահմանները որոշվեն տնտեսական համակողմանի չափանիշների եւ վերլուծությունների հիման վրա, ինչպես նաեւ` հնարավորություն տրվի հստակորեն ամրագրել այդ շուկաներում գերիշխող տնտեսվարող սուբյեկտներին:

Հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակներից է նաեւ տնտեսության ստվերային շրջանառության` որպես տնտեսական մրցակցությունը խաթարող հիմնական գործոններից մեկի դեմ պայքարը: Տարբեր ապրանքային շուկաներում առկա ստվերային շրջանառության որոշակի ծավալն էապես խոչընդոտում է ձեռնարկատիրական հավասար պայմաններում տնտեսվարող սուբյեկտների բարեխիղճ մրցակցությանը` հանգեցնելով այդ շուկաներում հակամրցակցային տարաբնույթ դրսեւորումների (գերիշխող դիրքի չարաշահում, անբարեխիղճ մրցակցություն եւ այլն):

Քանի որ ստվերային շրջանառությունը պետության տնտեսական քաղաքականությունը խաթարող հիմնական կոռուպցիոն ռիսկերից է, հանձնաժողովն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է հարկային, մաքսային մարմինների, Վիճակագրական ծառայության եւ այլ պետական մարմինների հետ: Այսպես, տարբեր ապրանքային շուկաներում վերլուծություն իրականացնելիս հանձնաժողովը տեղեկատվություն է ստանում ինչպես նշված մարմիններից, այնպես էլ անմիջականորեն տնտեսվարող սուբյեկտներից: Այդ երկու տեղեկատվական բազաների համադրման շնորհիվ հաճախ հնարավոր է դառնում որոշել ապրանքային շրջանառության կոնկրետ ոլորտների «ստվերը» (պետական մարմինների տրամադրած տեղեկությունների անհամապատասխանության հիման վրա), գնահատել դրա ծավալները եւ կառուցվածքը: Նշված վերլուծության արդյունքները ներկայացվում են իրավասու մարմինների քննարկմանը:

Ստվերային տնտեսության առկայությամբ պայմանավորված կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն է միտված նաեւ այն ապրանքների ցանկն ընդլայնելու նախաձեռնությունը, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների եւ գների վերաբերյալ, ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 1-ի թիվ 299 որոշման համաձայն, հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ: Այդ կապակցությամբ 2005թ. ապրիլին հանձնաժողովը դիմել է ՀՀ վարչապետին` առաջարկելով փոփոխություն կատարել կառավարության վերոնշյալ որոշման մեջ` դրանով հաստատված ցանկում ներառելով հատկապես այն ապրանքները, որոնք սոցիալական մեծ նշանակություն ունեն: Կարծում ենք, որ հանձնաժողովի նշված նախաձեռնության ընդունման դեպքում էապես կամրապնդվեն այդ ապրանքների արտադրությունը եւ շրջանառությունն ընդգրկող տնտեսական գործունեության ոլորտներում պետական վերահսկողության գործառույթները, ինչը, իր հերթին, կնպաստի այդ ոլորտներում «ստվերի» կրճատմանը:

Ներկայումս, պետական-իրավական փորձաքննության նպատակով, նախագիծը ներկայացված է ՀՀ Արդարադատության նախարարություն:

Ոլորտը կարգավորող պետական մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների միջեւ համագործակցությունը հանձնաժողովն իրականացնում է շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ միջազգային ու օտարերկրյա կառույցների ուժերի համակողմանի ներգրավմամբ: Այդ հասարակական կազմակերպությունների թվում են սպառողների շահերի պաշտպանությանը կոչված միավորումները, ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրներով, գործարար որոշակի ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունները։

Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է նաեւ միջազգային ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ:

Տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու հիմնական վարչական խոչընդոտներից է լիցենզավորումը: Այդ իմաստով, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համալրման, իրավասու պետական մարմինների կողմից լիցենզավորման ինստիտուտի խտրական կիրառման հարցերը գտնվում են հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո: Հանձնաժողովը պարբերաբար իր մտահոգություններն է ներկայացրել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, լիցենզավորման խտրական ընթացակարգերի վերացման խնդիրների կապակցությամբ:

Այսպես, օրինակ, դեղերի առուվաճառքի ոլորտում գործող լիցենզավորման երկու ընթացակարգերի` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից պարզ ընթացակարգով լիցենզավորվող «Դեղերի առեւտուր» եւ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից բարդ ընթացակարգով լիցենզավորվող «Դեղատնային գործունեություն» գործունեության տեսակների կապակցությամբ 2003-2004 թվականներին հանձնաժողովն առաջարկել է միեւնույն շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով հստակ տարանջատել գործունեության նշված երկու տեսակները: Հարցի կապակցությամբ կազմակերպվել են համատեղ քննարկումներ, սակայն խնդիրն առ այսօր լուծված չէ:

Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ.

– ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստերից մեկում Հարկային պետական ծառայությունը հանդես եկավ զեկուցումով, որտեղ ներկայացրեց ծառայության կատարած աշխատանքը, ինչը նախատեսված էր հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով։ Մեր առաջին եզրակացությունն այն է, որ դեռեւս կա օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտություն։ Այն պետք է ավելի պարզեցվի ու հստակեցվի, բոլորի համար ստեղծվի հավասար դաշտ, ինչն ակնկալվում է նախատեսված ծրագրով, եւ ինչը, իմ կարծիքով, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկայնությունը։ 2003թ.-ից գործող օրենքով, եթե վիճելի հարցեր կան հարկատու-հարկահավաք հարաբերություններում, ապա դրանք լուծվում են հօգուտ հարկատուի։ Մյուս կարեւորագույն ուղղությունը, որը նախատեսվում է մեր գործողությունների մեջ, ներքին վերահսկողության ուժեղացումն է։ Այստեղ հիմնական շեշտադրումն արվում է հովանավորչության դեմ պայքարի վրա։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է մեր աշխատակիցների կողմից թույլ տրվող արարքներին, ինչպես նաեւ` իրենց փոխկապակցված անձանց բիզնեսին առնչվող աշխատանքներին։ Ունենք ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողով, որը քննարկում է հարկային ծառայողների վարքագծի հետ կապված խնդիրները եւ ծառայության պետին ներկայացնում անհրաժեշտ եզրակացություն։ Դրա հիման վրա ծառայության պետն արձակում է անհրաժեշտ հրամաններ։ Ասեմ, որ անցյալ տարվա ընթացքում ծառայողական 44 նիստ է կայացել, որի արդյունքում 177 հարկային ծառայող ենթարկվել է կարգապահական տարբեր պատասխանատվության՝ ֆինանսականից մինչեւ համակարգից հեռացում։ Այս տարի արդեն անցկացվել են 11 նիստեր, որոնց ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 19 հարկային ծառայող, որոնցից մեկն իջեցվել է պաշտոնից, մեկ ուրիշը բոլորովին վերջերս հեռացվեց համակարգից, հինգի նկատմամբ կիրառվել են ֆինանսական պատժամիջոցներ։ Ի դեպ, հարկային ոլորտը եզակիներից է, որտեղ գործում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման մեխանիզմը. ունենք բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է հարկատուների բողոքները հարկային ծառայողների գործողություններից։ 2005-ին այս հանձնաժողովում քննարկվել է նման 143 բողոք, որոնցից 32-ը բավարարվել են ամբողջությամբ եւ 5-ը՝ մասամբ։

Ի՞նչ անելիքներ ունենք հետագայում. անհրաժեշտ է փոփոխություններ կատարել երկու կարեւորագույն օրենքների մեջ։ Առաջինը Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունն է։ Ասեմ, որ մենք դիմում ենք խստացումների, որովհետեւ պատժաչափը կատարված հանցանքին համարժեք չէ։ Ունենք նաեւ օրենքում տեղ գտած մի անորոշություն, որն այսօր անհրաժեշտ է ուղղել, եւ առաջարկել ենք, որպեսզի նախագծով դա էլ քննարկվի։ Նախագիծը գտնվում է ԱԺ-ում եւ վերաբերում է Քրեական օրենսգրքում պատժաչափի մեծացմանը։ Խոսքը մանր տուգանքների մասին չէ, այլ՝ միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություններից խուսափելու. կա ավելի մեծ չափ՝ 20 միլիոնից ավելի։ Նախագծում առաջարկված փոփոխություններն ավելի են համապատասխանեցված կատարված հանցանքին։

Օրենքի մյուս նախագիծը քաղաքացիների գույքի հայտարարագրմանն է վերաբերում։ Այս հարցում մտադիր ենք ընդլայնել շրջանակը։ Մի քանի տարի է, ինչ այս օրենքը գործում է, եւ մենք բավականին տեղաշարժ ենք տեսնում. մարդիկ ավելի պատասխանատու են դարձել, ավելի վաղօրոք են սկսել հետաքրքրվել իրենց հայտարարագրերի ներկայացման հարցով։ Չնայած դրան, 2005 թ.-ին շատ են եղել այս հարցում իրենց պարտականությունները չկատարողները։ 1777 մարդ միայն ուշացնելու համար ենթարկվել է պատասխանատվության՝ տուգանքի ձեւով։ Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր գոյություն ունի հետեւյալ վիճակը. մենք ստանում ենք հայտարարագրերը, բայց հայտարարագիր տվողների հետ այլ գործողություն չի կատարվում, քանի որ օրենքը չի թույլատրում։ Նոր նախագծում նախատեսում ենք նաեւ պատասխանատվության նորմեր, վերահսկողության մեխանիզմներ մարդկանց (հարկատուների) հայտարարագրած տեղեկության ճշտությունը ստուգելու համար։ Հուսով եմ, որ մեր առջեւ դրված ծրագրային խնդիրները մենք կկատարենք։

Աղվան Հովսեփյան, ՀՀ գլխավոր դատախազ.

– Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ դատախազության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, ավելի համակարգելու համար իմ կողմից 2004թ. ապրիլի 30-ին ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի բաժին։ Կուզեի բերել մի քանի թվային տվյալներ, որոնք կարող են բնութագրել ոչ միայն դատախազության, ընդհանրապես հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունն այս բնագավառում։ Ասեմ, որ շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում հրաման է ստորագրվել, որտեղ ամրագրված են այն հանցագործությունները, այն հանցատեսակները, որոնք համարվում են կոռուպցիոն բնույթի։ Դրանք 59-ն են, եւ դրանցով ստեղծվել են համապատասխան հաշվետվության ձեւեր։ Ասեմ, որ դատախազության կողմից մյուս իրավապահ մարմինների օգնությամբ 2005թ. բացահայտվել եւ քննվել են 371 կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր։ Նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 18 դեպքով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ կարգի հանցագործություններն առավելապես դրսեւորվում են յուրացման եւ վատնման եղանակով։ Աճել են նաեւ ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը։ Նշեմ, որ անցած տարի դատարան ուղարկված գործերում բացահայտվել է պետությանը հասցված շուրջ 3,5 մլրդ դրամի նյութական վնաս, որի համար 192 անձ դատի է տրվել, այդ թվում 53-ը՝ պաշտոնատար անձինք։ Վերականգնվել է միայն 236 մլն դրամը, եւ կալանք է դրվել այդ վնասի վերականգնումն ապահովելու նպատակով 106 մլն դրամի արժողության գույքի վրա։ Ակնհայտ է, որ այս ցուցանիշը մեզ բավարարել չի կարող։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քրեական գործով գրեթե ակնհայտ է դառնում, որ հանցագործը հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքն ապահովելու, ձեռքից բաց չթողնելու համար, բնականաբար, դա ձեւակերպում է իր մերձավորի անունով։ Այս ուղղությամբ դատախազությունը եւ օպերատիվ որոնողական աշխատանքներ կատարող հանրապետության իրավական համակարգի ծառայությունները լուրջ անելիքներ ունեն։ Եվ պատահական չէ, որ վերջերս հրաման արձակվեց, ստեղծվեց աշխատանքային խումբ փողերի լվացման դեմ պայքարի ոլորտն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ, եւ այդ խումբը նույնպես աշխատում է կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի շրջանակներում։ Անցած տարի իրավապահները բացահայտել են 14 քրեական գործ կաշառակերության փաստերի վերաբերյալ։ Բնական է, սա չի արտացոլում մեր երկրում եղած վիճակը, եւ այս ուղղությամբ նույնպես լուրջ, էական անելիքներ ունեն իրավապահ մարմինները, եւ հատուկ աշխատանքներ են կատարվում նախաքննության եւ օպերատիվ ծառայությունների համագործակցությունն այս բնույթի հանցագործությունների բացահայտման գործում ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Պետք է ասեմ, որ կան Քրեական օրենսգրքում նախատեսված հանցատեսակներ, որոնց համար սահմանված են մեղմ պատժամիջոցներ, ինչի շնորհիվ դատի են տրվում եւ դատապարտվում առավելագույնս դրածո անձինք, եւ հետագայում գույքի, նյութական վնասի վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, բնականաբար, արդյունք չեն տալիս։ Այս ուղղությամբ նույնպես դատախազությունը համապատասխան օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու առաջարկներ է ներկայացրել կառավարություն։ Բացի դա, էապես փոխվել է դատախազությունում ընդունելության կարգը, ավելի խստացվել են ատեստացիոն հանձնաժողովին ներկայացվող պահանջները։

Հովհաննես Մանուկյան, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ.

– Կարեւորագույնը, որն ընդգրկված էր հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի բաժնում, դատավորի վարքագծի կանոնների մեխանիզմն էր։ Ամբողջ աշխարհում այս վարքագծի կանոնները յուրատեսակ ստանդարտներ են, որոնք կյանքի են կոչվում գործնական կիրառման ընթացքում, այսինքն, թե դատավորն ինչպես պետք է իրեն դրսեւորի աշխատանքային հարաբերություններում եւ դրանցից դուրս։ Սա ընդամենը մի հակիրճ սահմանում է, որը կյանք է առնում պրակտիկայում։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ կանոններն ունենան համապատասխան վերահսկողություն։ Վերջինս, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, պետք է իրականացվի հենց դատավորների կորպորացիայի կողմից, եւ դրա համար անհրաժեշտ է ստեղծել առանձին մարմիններ։ Ահա այսօր մենք արդեն դատարանների նախագահների խորհրդով ստեղծել ենք առարկայական հանձնաժողովներ, որոնցից մեկը հենց էթիկայի հանձնաժողովն է։ Դրա կարեւորագույն խնդիրն իրենց իսկ՝ դատավորների կողմից դատավորի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումն է։ Այս աշխատանքը նոր է սկսվել, եւ կարծում եմ, որ մոտ ապագայում դրա արդյունքին մենք ականատես կլինենք։ Նախորդ տարիներին մենք դատարաններում չենք ունեցել գործերի բաշխման օբյեկտիվ կարգ, ինչն առանձին փորձագետների եւ հասարակության մեջ եւս դժգոհություն է առաջացնում այն իմաստով, որ առանձին դեպքերում առաջանում է գայթակղություն` գործը հանձնել այն դատավորին, ով որոշակի կապ կամ շահագրգռվածություն ունի այդ գործի ելքով։ Դատարանների նախագահների խորհուրդն անցյալ տարի կարգավորեց այդ հարցը հատուկ որոշմամբ։ Փորձ արվեց ամրագրել գործերի բաշխման օբյեկտիվ չափանիշներ, որոնք այսօր դատարաններում արդեն կյանքի են կոչվում։ Որպեսզի մենք ունենանք օրինական եւ արդար դատարան, պետք է այդ դատարանը դարձնենք հրապարակային եւ թափանցիկ հասարակության համար։ Ի՞նչ ճանապարհներով է դա արվում. մի շարք ուղղություններ կան, որոնցից երկուսը մենք այսօր արդեն կենսագործում ենք։ Առաջինը դատական ակտերի հրապարակայնությունն է։ Իհարկե, դա դատավարական սկզբունք է, որը պահպանվել է միշտ եւ պահպանվում է այսօր, եւ դատական ակտերը դատական նիստերի ժամանակ հրապարակային են, սակայն դրանք այսօր, ըստ էության, հասանելի չեն հասարակության լայն շրջաններին։ Այդ իսկ պատճառով, որոշակի դոնոր կազմակերպությունների հետ համաձայնության գալով, մեզ հաջողվել է հրատարակել եւ տարածել վճռաբեկ դատարանի եւ տնտեսական դատարանի դատական ակտերի ժողովածուներ։ Դրանք այն ակտերն են, որոնք ավելի շատ են հանդիպում դատական պրակտիկայում եւ ավելի շատ թվով անձանց իրավունքներին են վերաբերում։

Այս բնագավառի 2-րդ ուղղությունը դատարանի աշխատանքն ինտերնետի միջոցով հրապարակային դարձնելն է։ Սա բավականին աշխատատար եւ ծախսատար գործընթաց է, այդ պատճառով մենք որոշել ենք փուլ առ փուլ հասնել այս խնդրի կարգավորմանը։ Մասնավորապես, անցյալ տարի հաջողվեց ստեղծել տնտեսական դատարանի ինտերնետային էջը, որը բավականին հաջող միջոց է հասարակությանը տեղեկացնելու դատական համակարգի գործունեությանը։ Այստեղ ամփոփված են ոչ միայն տնտեսական դատարանի դատական ակտերը, այլեւ գործերի ամբողջ շարժը, որը հայտնվում է տնտեսական դատարանում` սկսած հայցը հարուցելուց, վերջացրած գործի արխիվացումով։ Եվ, ըստ էության, ցանկացած գործ եւ ցանկացած լուծում այդ գործով հասանելի է հասարակության ցանկացած անդամի։ Խորհրդային եւ, ինչո՞ւ չէ, նաեւ վերջին տասնամյակներում դատական նիստերի արձանագրումը մեզ մոտ տեղի է ունենում թղթային եղանակով եւ ձեռագիր, ինչը հեռու է արդյունավետ եւ իդեալական լինելուց։ Այս կարգը պետք է փոխել։ Անցյալ տարի կատարվել է բավականին լուրջ աշխատանք եւ հաջողվել է 8 դատարաններում տեղադրել դատական նիստերի ձայնագրման եղանակով արձանագրման համակարգ, ինչն այսօր արդյունավետորեն գործում է, եւ գործին մասնակից ցանկացած կողմ անմիջապես դատական նիստից հետո, օրենսդրության համաձայն, հնարավորություն ունի ստանալ այդ ձայնագրությունը եւ վերարտադրել դատական նիստի ընթացքում տեղի ունեցածը։ Սա շատ կարեւոր երեւույթ է հատկապես կոռուպցիոն երեւույթների նվազեցման առումով, ինչը զսպիչ հանգամանք է ինչպես կողմերի, այնպես էլ դատավորի համար։ Այս գործընթացը նպաստելու է պատասխանատվության բարձրացմանը, եւ այսօր արդեն մենք ունենք որոշակի վիճակագրություն։ Մասնավորապես, անցյալ տարի դատապարտվել է մեկ դատավոր հենց կոռուպցիոն բնույթի հանցագործության համար։ 2005-ի ընթացքում 2 դատավորի լիազորություն դադարեցվել է, եւ 8-ը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2006-ի ընթացքում արդեն 7 դատավոր է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է, եւ բոլորը պետք է հասկանան, որ առանց վերահսկողության չի մնա ոչ մի դաշտ։

Տիգրան Սարգսյան, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ.

– 2005-ին ընդունվեց օրենք փողերի լվացման կանխարգելման մասին, եւ դա առաջին փորձն էր օրենսդրական հիմքեր ստեղծելու, որպեսզի պայքարը ՀՀ-ում դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Եվրախորհրդի համապատասխան հանձնաժողովի կողմից 2004-ին ՀՀ-ում մոնիտորինգ իրականացվեց եւ ուսումնասիրվեց իրավիճակը, թե ինչ մեխանիզմներ կան, որոնք ուղղված են պայքարելու այդ չարիքի դեմ։ Դրանից հետո տեղի ունեցան լսումներ նաեւ Ստրասբուրգում, որտեղ մենք ներկայացրինք մեր իշխանությունների կատարած աշխատանքների հաշվետվություն։ Այս ոլորտում ներդրվող մեխանիզմները եւ մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, մասնավորապես` ՄԱԿ-ի ընդունած համապատասխան բանաձեւին, ՖԱՏՖ-ի ընդունած հիմնական սկզբունքներին, ինչպես նաեւ` Մանիվալի կողմից մշակված մոտեցումներին։ Եվ մեր օրենսդրության տրամաբանությունն այսօր հենց դա է ենթադրում։ Օրենսդրությունից ելնելով, մշակվում են նաեւ ենթաօրենսդրական ակտեր՝ ինչպես ԿԲ-ի, այնպես էլ ՀՀ այլ գերատեսչությունների կողմից, եւ այդ օրենսդրական կարգավորող նորմատիվ ակտերը պետք է ներդրվեն համապարփակ ձեւով, որպեսզի ապահովեն օրենքի պահանջների կիրառումը։ Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ԿԲ նախագահի գլխավորությամբ։ Դրա աշխատանքին մասնակցում են նաեւ իրավապահ մարմինների ղեկավարները, հարկային եւ մաքսային ծառայությունների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Այդ հանձնաժողովի նպատակն է` այս ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգել եւ հետեւել, որպեսզի մեր աշխատանքային ծրագիրը, որը մշակված է հաշվի առնելով Մանիվալի կողմից արված եզրակացությունները, իրականացվի ժամանակին եւ ամբողջ ծավալով։ Եռամսյակը մեկ մենք Ստրասբուրգում ներկայացնում ենք իրավիճակը, թե ինչպես ենք իրականացնում ծրագիրը եւ, միեւնույն ժամանակ, ստանում ենք միջազգային փորձագետների դիտողություններն ու առաջարկություններն այս գործընթացների վերաբերյալ։ Մեզ համար նաեւ կարեւոր է համեմատվել այլ երկրների հետ, որոնք համանման խնդիրներ ունեն եւ ներդնում են համապատասխան մեխանիզմներ։ Մասնավորապես, մեզ համար հետաքրքրական է Ադրբեջանի եւ Վրաստանի փորձը, քանի որ նրանք նույնպես համագործակցում են Մանիվալի հետ եւ տալիս են հաշվետվություններ։ Ես կարծում եմ, որ այն միջոցառումները, որոնք իրականացրել ենք ՀՀ-ում, թույլ են տալիս եզրահանգել, որ մենք հետ չենք մնում մեր հարեւաններից եւ մեր կողմից ներդրված մեխանիզմների եւ ժամանակացույցի առումով համահունչ ենք Մանիվալի պահանջներին։ Բոլորս էլ հստակ գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մեկ օրվա եւ ոչ էլ մեկ տարվա գործընթաց է։ Այն ենթադրում է հետեւողական աշխատանք եւ կամք։ Եվ, բացի այդ, նաեւ հասարակության ու իշխանության համատեղ ջանքեր։

Ի դեպ, ՀՀ վարչապետի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կարեւորում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհրդի աշխատանքի մանրամասն հաշվետվությունը տեղադրված է նաեւ ՀՀ կառավարության ինտերնետային կայքում: