Օհան Դուրյանի հեղինակային համերգը հետաձգվել է։ Այն պետք է տեղի ունենար մարտի 24-ին Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, սակայն մաեստրոն դժգոհ է մնացել երաժիշտների կարգապահությունից եւ կատարման մակարդակից։ Անախորժություններն այժմ հարթված են, իսկ համերգը կհնչի ապրիլի 14-ին։ Օ. Դուրյանը եւ Ֆիլհարմոնիկի ղեկավար Էդվարդ Թոփչյանը որոշել են համերգի հետաձգման պատճառը տեխնիկական համարել, քանի որ նվագախումբը ժամանակի սղության պատճառով չի հասցրել լավ ծանոթանալ երաժշտական պարտիտուրաներին։ «Ես վախեցա, որ չեն հասցնի ճիշտ ժամանակին եւ լավ պատրաստվել այդ համերգին, այդ պատճառով էլ հետաձգեցինք։ Պետք է հնչեին իմ այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանում չէին կատարվել, միայն մեկ ստեղծագործություն էր նվագվել, իսկ շատերն անծանոթ էին»,- մեզ հետ զրույցում ասաց Օ.Դուրյանը, ով չցանկացավ իր դժգոհությունն ընդգծել։
Նա վստահ է, որ ժողովուրդը միշտ լավ է ընդունում դասական երաժշտության համերգները, սակայն մեծ գումարներ են պետք նվագախմբեր պահելու համար։ Միայն Երեւանում երեք նվագախումբ կա, եւ բոլորը բարերարների փողերով են գոյատեւում։ «Հովանավորելով արվեստը, չես հարստանա։ Հայաստանի հարուստները նախընտրում են ավելի հարստանալ, այլ ոչ թե արվեստին օգնել։ Արտասահմանում շատ հարուստներ կան, որոնք կարող են արվեստի համար հրաշքներ անել, բայց չեն անում, քանի որ օրենքներն են սխալ։ Այստեղ միայն հյուրանոցներ եւ խանութներ բացելով է կարելի հեշտությամբ հարստանալ։ Այստեղի մարդիկ արվեստը չեն հովանավորում»։ Արվեստը պարտավորեցնում է մարդուն եւ կատարելագործվելու դրդում։ Ըստ Օ. Դուրյանի՝ այլ կերպ չի լինում։ Նա կարծում է, որ թեեւ երաժիշտներն այսօր լավ չեն վարձատրվում եւ ավելի շատ օրվա ապրուստի մասին են մտահոգվում, նրանք, միեւնույն է, սխալ աշխատելու իրավունք չունեն։ «Դժբախտաբար, նախկին կարգերի ժամանակ ժողովուրդն ավելի լավ էր հասկանում բարձր երաժշտությունը, իսկ այսօր դեպի թեթեւ, շոուի նման երաժշտությունն է գնում։ Բարձր երաժշտությունը հիմա ողջ աշխարհում փորձում են ավելի թեթեւ ներկայացնել, որպեսզի երկու կողմերի սիրտը կարողանան շահել։ Արվեստի մատուցումն ընդհանրապես շատ բարդ գործ է։ Երաժշտությունը դաստիարակում է, մարդկանց հոգին մաքրում։ Շատ գնահատելի են, երբ նոր մտքեր են առաջ բերում։ Տաղանդավոր մարդիկ ունենք, ես ոչ մեկին չեմ դատապարտում, բայց պետք է պատասխանատվությամբ ամեն բան անել»,- ասում է նա։ Տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին Հայաստանում պահելը եւ ստեղծագործելու հարմար պայմաններ ապահովելն Օ. Դուրյանը երկրի ղեկավարների գործն է համարում. «Եթե արտասահմանում նրանք լավ պայմաններ ունենան, երբեք ետ չեն վերադառնա։ Դա մեր բոլորի մեծ ցավն է։ Աչքերս արցունքով են լցվում, երբ տեսնում եմ՝ ինչ մեծ արժեքներ ենք կորցնում։ Նոր սերունդների ապագան այստեղ ապահովված չէ։ Բոլոր ծնողները ձգտում են իրենց երեխաներին Հայաստանից դուրս հանել։ Դա Ցեղասպանության ճանապարհի է նման։ Լավ է, երբ տեսնում եմ, որ քաղաքը զարգանում է, նոր շենքեր են կառուցվում, բայց ուզում եմ հարցնել՝ իսկ ժողովուրդը դրանից ի՞նչ օգուտ է ունենալու։ Ոչ մի օգուտ»։ Օ. Դուրյանը պահանջկոտ եւ բծախնդիր արվեստագետի կերպար ունի, ու թեեւ ասում է, որ «այս տարիքում արդեն բավարար ուժ ու եռանդ» չունի, նա դեռ շատ բան կարող է անել։ Եվ առաջին հերթին ցանկանում է իր հեղինակային համերգը պատշաճ մակարդակով անցկացնել։