Չգնահատեցին միմյանց

24/03/2006

Երեկ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած ռեկտորի ընտրությունների արդյունքում առաջադրված չորս թեկնածուներից եւ ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն 37 ձայնը: Ավելի քան 8 ժամ տեւած լարված եռափուլ ընտրապայքարում համալսարանի կառավարման 72 հոգանոց խորհուրդն այդպես էլ չկարողացավ հավաքական կամք դրսեւորել եւ համալսարանական թեկնածուներից որեւէ մեկին վստահել համալսարանի ռեկտորի պաշտոնը: Այսինքն՝ 50 օր անց համալսարանում կրկին ռեկտորի ընտրություններ են սպասվում: Եվ խորհրդի անդամներից, եւ դասախոսներից ու ուսանողներից շատերի կարծիքով` սա մեծագույն ամոթ է համալսարանականների համար՝ որ չկարողացան իրենց միջից ընտրել որեւէ մեկին, որովհետեւ չի բացառվում, որ եթե թեկնածուները, որոնք բոլորն էլ որոշակիորեն արժանիքներ ունեին այս պաշտոնը զբաղեցնելու, իրենք չկարողացան այսօր այնքան զիջող լինել եւ իրենցից մեկին ընտրել, ապա շատ հնարավոր է, որ վաղը իրենց փոխարեն ընտրեն «վերեւներից», եւ չի բացառվում, որ «վերեւներից» թելադրված ապագա ռեկտորը համալսարանի հետ բոլորովին կապ չունենա, ինչից շատ վախենում էին համալսարանականները: