Նամակ Սերժ Սարգսյանին

24/03/2006

Երեկ ԵՊՀ ռեկտորի ընտրություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, որ գազի գինը կարող է նախատեսվածից շատ ավելի ցածր լինել: «Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո գազի գնի ուղղությամբ շատ աշխատանք է կատարվել: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մարտի սկզբներին վարչապետի մոտ քննարկելուց հետո ես նամակ եմ հղել «Գազպրոմի» ղեկավար պարոն Միլլերին որոշակի առաջարկություններով: Ուրբաթ օրը մենք պատասխան ենք ստացել պարոն Միլլերից, որ «Գազպրոմի» ղեկավարությունը պատրաստ է մինչեւ այս ամսվա վերջ ստորագրել համապատասխան պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան բնակչությանը եւ արդյունաբերողներին վճարելու շատ ավելի քիչ բարձր գներով, քան նախատեսվում է»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը, որը նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է: Թե կոնկրետ ինչ գնի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը չնշեց, ասելով, թե չի կարող ասել: Նա միայն նշում է, որ իր կարծիքով` թանկացումը բնակչության եւ արդյունաբերողների համար չի լինի այնպիսին, որ ազդի նրանց բյուջեների վրա: Հետաքրքիրն այն է, որ մարտի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «ՀայՌուսգազարդի» հայտը եւ գազի համար սահմանեց նոր սակագներ՝ 1000 խմ դիմաց 90.000 դրամ` բնակչության համար, եւ 146,5 դոլար էլ` արդյունաբերողների համար: Փաստորեն, հանձնաժողովը «ՀայՌուսգազարդի» հետ միասին շտապեց գազի նոր սակագները սահմանելիս: Ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ, ինչպես տեսնում ենք, կարծիք է հնչում, որ հնարավոր է` ռուսական կողմը ցածրացնի սակագները կամ ինչ-որ կերպ փոխհատուցի: Իսկ այն հարցին, թե արդյոք հանձնաժողովի որոշումն օրինակա՞ն էր, երբ ռուսական կողմը թանկացման մասին դեռ պաշտոնական հայտարարություն չէր արել, Ս. Սարգսյանն այսպես պատասխանեց. «ՀայՌուսգազարդը» եւ հանձնաժողովը վարվել են օրենքով»: