Երկու շաբաթ առաջ մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ռազմավարության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը, ուր նշված էր, թե «Հայ բարձրաստիճան պաշտոնյաները չեն մերկացվել թմրանյութերի ապօրինի իրացման գործում»:
Այս նախադասությունը տարբեր մեկնաբանություններ ունեցավ. ոմանց հավաստմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտը ԼՂՀ հիմնահարցի լուծման իր տարբերակը ՀՀ-ին պարտադրելու համար Հայաստանի իշխանություններին այդկերպ «մեսիջ» է ուղարկել` ակնարկելով, որ եթե հարցի լուծումը ձգձգելու փորձեր կատարեք, ապա «կմերկացնենք» այս գործում ձեր մասնակցությունը: Կարծիքներ էլ եղան, թե ԱՄՆ այդ հայտարարությունն անհիմն է, եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները դրա հետ որեւէ առնչություն չունեն:
Սակայն Հայաստանի իշխանությունների կողմից այս հայտարարության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն մինչ օրս չէր հնչեցվել, եւ իրարամերժ վերոնշյալ մեկնաբանությունները շարունակում էին մնալ օրակարգային:
Երեկ ԱԺ պատգամավորներից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչո՞ւ իրենք որեւէ ձեւով չեն արձագանքում այս հայտարարությանը, կամ` եթե կասկածներ ունեն դրա թարգմանության ճշմարտացիության մեջ, ինչո՞ւ չեն դիմում ԱԳՆ` պարզաբանումներ ստանալու համար: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն, որը մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ ունի իշխանության տարբեր ոլորտներում, շահագրգիռ չէ զեկույցի բառացի թարգմանության հարցում, եւ արդյոք դրանից կարելի՞ է ենթադրել, որ իրենք ընդունում են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հնչեցված մեղադրանքը: Գալուստ Սահակյանը նախ նշեց, թե ինքն էլ լուրջ կասկածներ ունի, որ զեկույցի այդ հատվածը ճիշտ չէ թարգմանված` վստահեցնելով, թե ԱՄՆ-ը նման լուրջ մեղադրանք չէր կարող հնչեցնել Հայաստանի վերաբերյալ: Իսկ հետո նկատեց, թե զեկույցը Հայաստանի իշխանություններին «չվերաբերող» խնդիր է: «Թմրանյութերն ի՞նչ կապ ունեն իշխանությունների հետ,- զարմացած նշեց Գ. Սահակյանը։- Եթե դա ճշմարտություն է, ապա պետք է նշեմ, որ հայաստանյան միջավայրն ու ամերիկյան միջավայրը լրիվ տարբեր են: Այն ամենը, ինչ կարող է յուրահատկություն լինել Ամերիկայի համար, մեզ համար չի կարող որոշակի պրոբլեմներ ստեղծել: Նման երեւույթ Հայաստանի իշխանությունների մեջ չի կարող լինել»: «Հանրապետական» խմբակցության ղեկավարը գրեթե համոզված է, որ նման հայտարարությունն ավելի շատ քաղաքական շահարկումների համար է արվում, եւ նպատակը նման շահարկումներ առաջացնելն է: Բայց քանի որ Գալուստ Սահակյանն այն եզակի «հաջողակներից» է, ում բախտ է վիճակված ոչ միայն հեռվից տեսնել, այլեւ մոտիկից շփվել Հայաստանի իշխանական էլիտայի գրեթե բոլոր անդամների հետ, ապա, ինչպես մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը, ինքը կարող է միանշանակ հայտարարել, որ Հայաստանում թմրանյութերի ապօրինի բիզնեսով զբաղվող պաշտոնյա, այն էլ` բարձրաստիճան, գոյություն չունի: «Ես իշխանության ներկայացուցիչներին ճանաչում եմ, այդ բուրգը լավ եմ պատկերացնում, եւ երբեւիցե չեմ զգացել, որ նման իրողություն կարող է լինել իշխանությունների մեջ: Ավելին, մեր հասարակությունը թմրանյութերի նկատմամբ ունեցած իր մոտեցումներով որոշակիորեն տարբերվում է բոլոր եվրոպական պետություններից, այդ թվում` նաեւ ԱՄՆ-ից: Իհարկե, իրողությունն այն է, որ դա մեզ մոտ էլ կա, եւ տա Աստված, որ այն աստիճանի չհասնի, ինչն այսօր ԱՄՆ-ում կա»,- հակադարձեց Գալուստ Սահակյանը:
«Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Կոստանդյանն էլ համոզված է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի նման հայտարարությունը հավասարազոր է ինֆորմացիա տրամադրելուն: «Այսինքն` Պետդեպարտամենտն ինֆորմացիա է տվել մեզ, եւ մի կարծեք, թե օպերատիվ ծառայությունները չեն զբաղվում դրանով, եթե, իհարկե, մինչ այդ չգիտեին: Կարծում եմ, եւ Ոստիկանության օպերատիվ բաժինը, եւ Ազգային անվտանգությունը պարտավոր են զբաղվել այդ հարցերով»,- ասաց Գագիկ Կոստանդյանը` վստահեցնելով, թե իրենք եւս հետամուտ են լինելու դրա բացահայտմանը:
Ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որին այս անգամ զարմանալիորեն մասնակցում էր նաեւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը (երեկ նույնիսկ պատգամավորները չէին կարողանում մտաբերել, թե վերջին անգամ Վարդան Օսկանյանին ԱԺ-ում երբ էին տեսել), հանրապետական պատգամավոր Արարատ Մալխասյանը հետաքրքրվեց` Հայաստանի իշխանության մեջ կա՞ն նման պաշտոնյաներ, ովքեր ներգրավված են թմրաբիզնեսի մեջ, բայց այսօր դեռեւս բացահայտված չեն, թե՞ ուղղակի ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է նրանց: Պարզվեց, Վ. Օսկանյանին մինչեւ երեկ այս հարցով, բացի «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից, որեւէ մեկը չէր դիմել եւ պարզաբանումներ կամ ուղղակի թարգմանություն չէր պահանջել:
Վարդան Օսկանյանը, չգիտես ինչու, ԱԺ ամբիոնից միայն անգլերենով մեջբերեց զեկույցի այդ հատվածը` ասելով. «Ուղղակի անգլերենում, երբ «no» բառը սկզբում է գրվում, եւ եթե դա հանում ես, իսկապես ստացվում է այն, ինչ որոշները մեկնաբանում են: Բայց զեկույցում 180 աստիճան հակառակն է ասվում: Զեկույցին մենք ծանոթ ենք, եւ այն մեղադրանքը, որ հնչում է, բացարձակ տեղ չունի այս զեկույցում: Որեւէ հիմք չկա կարծելու, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա մասնակցություն է ունեցել թմրանյութերի հետ կապված գործողություններին»:
Իսկ թե Վարդան Օսկանյանի անգլերեն ամբողջական մեջբերումից հետո պատգամավորներից քանի՞սը հասկացան, թե զեկույցում կոնկրետ ինչպես էր ձեւակերպված այդ հատվածը` դժվար է ասել: Բայց պատգամավորները երեկ գոհ ու երջանիկ էին. նրանք հասկացել էին «no» բառի նշանակությունը, որը հասցրել էին սովորել կինոներից: «Ասեց` չէ՛, չէ՛, չէ՛»,- մեզ հետ զրույցում իր ուրախությունն այսկերպ բացատրեց պատգամավորներից մեկը: Մեր հարցին, թե` ի՞նչը, պատգամավորը, որը չէր էլ հասկացել, թե խոսքն ինչի մասին է, այլայլված պատասխանեց. «Դուք դահլիճում չէի՞ք, Օսկանյանին չլսեցի՞ք»: