Կուսակցության փոխարեն՝ ծառատունկ

24/03/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Գումարները վատ կազմակերպված րոպեական ցուցադրական միջոցառման՝ շուրջպարի վրա ծախսելու փոխարեն` այս տարի նա որոշել է հնարավորություններն ավելի մնայուն ու տղամարդուն վայել գործի մեջ ներդնել՝ ծառ տնկել: Եվ հետո, այս միջոցառումով Աղվան Հովսեփյանը նպատակ ունի մի գաղափարի շուրջ, տվյալ դեպքում` իր գաղափարի շուրջ, միավորել Հայաստանի ողջ բնակչությանը: Մանավանդ, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը կուսակցության վերափոխելու երկար փայփայած նրա գաղափարը վերջնակետին չհասավ: Գլխավոր դատախազը կուսակցություն ստեղծելու մասին նախ` մամուլով հայտարարեց, իսկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի՝ պաշտոնից եւ կուսակցություն ղեկավարելու մտադրությունից հրաժարվելուց հետո նա հերքեց իր իսկ ասածը՝ պատճառաբանելով, թե լրագրողներն են սխալ հասկացել: Մի խոսքով, Աղվան Հովսեփյանը ստիպված է մարդկանց համախմբել ոչ թե կուսակցական գաղափարախոսության, այլ հասարակական հնչեղություն ստացած իր գաղափարի շուրջ: Այս միջոցառումը կամ նախաձեռնությունը մի հմայք էլ ունի. գլխավոր դատախազը փորձում է հանրության մեջ տրամադրվածություն ստեղծել, թե ինքը քաղաքականությունից հեռու մարդ է եւ միայն հայրենանվեր գործեր է կատարում: Որպեսզի մարդիկ հավատան, որ ամբողջ Հայաստանով մեկ ծառ տնկող մարդը չի կարող անարդար իշխանավոր լինել:

Մի խոսքով, ինչ նպատակի էլ ծառայի, ծառ տնկելն իսկապես լավ բան է, մանավանդ, որ Հայաստանը գնալով անապատանում է: Եվ մարտի 8-ին հայտարարվեց «Միասնության ծառատունկի» մեկնարկը: Հայտարարվեց, որ տնկվելու է 3 մլն 200.000 ծառ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան բնակչություն ունի Հայաստանը: Այս երկու շաբաթվա ընթացքում ծառեր են տնկվել Սյունիքի եւ Տաուշի մարզերում: «Միասնության ծառատունկի» շտաբի ղեկավար Արամ Կարապետյանը դժվարացավ ասել, թե այդ ընթացքում քանի ծառ է տնկվել: Հաշվարկը կանեն այս շաբաթվա վերջում: Բայց մոտավոր տեղեկացրեց, որ արդեն տնկած եւ պահեստավորած տնկիների քանակը մինչեւ այս շաբաթվա վերջ կհատի 1 միլիոնի սահմանը: Ա. Կարապետյանի ասելով` տնկիների մի մասը նվիրատվության միջոցով է ձեռք բերվում: «Կան բազմաթիվ հասարակական եւ պետական կազմակերպություններ, որոնք տնկարաններ ունեն,- ասում է Ա.Կարապետյանը: -Նրանք իրենց նախաձեռնությամբ տնկիներ են նվիրում մեր ծրագրին»:

Տնկիներ պետք է ներկրվեն նաեւ Վրաստանից ու Ուկրաինայից: «Միասնության ծառատունկի» ղեկավարի ասելով` բազմաթիվ գործարարներ արդեն իրենց նախաձեռնությամբ տնկիներ են ձեռք բերում եւ իրենց տարածքը ծառապատում: «Օրինակ, Հրանտ Վարդանյանը արծաթափայլ եղեւնիներ է պատվիրել, որ «Գրանդ տոբակոյի» տարածքում տնկի,- տեղեկացնում է շտաբի ղեկավարը:- Մեզ զանգել են Իջեւանից եւ տեղեկացրել, որ իրենց անտառներից կարող են տնկիներ հանել: Ուղղակի մեր աջակցությունն են խնդրում այդ գործն անելու համար»:

«Հայանտառ» ընկերության գլխավոր անտառապետ Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ անվճար 100.000 տնկի են տրամադրել այդ ծրագրին: Տնկիներ են տրամադրել նաեւ Սոս Սարգսյանի ղեկավարած «Կանաչազարդ երկիր» եւ մի քանի այլ հասարակական կազմակերպություններ: Բայց նվիրատվությամբ ձեռք բերած տնկիների քանակը բավականին քիչ է ու հաստատ 3 մլն-ին չի հասնի: Եվ դժվար թե Հայաստանը ունենա այդքան տնկիներ ապահովող տնկարկներ: Ա.Կարապետյանը տեղեկացրեց, որ մեծ մասը հանվելու է Հայաստանի անտառներից, այսինքն Իջեւանից բերած ծառը տնկվելու է Երեւանում, կամ Գորիսից հանածը՝ Ամասիայում: Ստացվում է, որ «Միասնության ծառատունկի» կազմակերպիչները մի տեղից ծառը կամ տնկին հանում են, տանում են մեկ այլ տեղ տնկում եւ հասարակությանը ներկայացնում, թե 3 մլն ծառ են տնկել: Իսկ իրականում ձեռք բերած տնկիների քանակը կարող է կես միլիոնի էլ չհասնել: Ստացվում է, որ ծառատունկ իրականացնողներն ավելի շատ ծառատունկի իմիտացիա են ստեղծում, քան թե ծառ են տնկում: Այս կարծիքի հետ համաձայն չէր պարոն Կարապետյանը: «Մենք սանիտարական մաքրումներ ենք անելու եւ նոր կյանք ենք տալու ծառին»,- պատասխանեց նա:

Ա.Կարապետյանն իր տեսակետը ճշտեց նաեւ Գյուղնախարարության բուսաբույծ Սլավիկ Հարությունյանի հետ: Ի դեպ, պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ նպատակով հիմնադրամ է բացվել եւ գումարներ են փոխանցվում: Իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն Վրեժ Մարկոսյանն էլ ասաց, որ հիմնադրամի հաշվին գումարներ չեն փոխանցվել: Ուղղակի իրենց ընկերներն ու շրջապատի մարդիկ այդ նպատակով գումարներ են տալիս, որոնք հավաքվում են հենց գործադիր տնօրենի մոտ: Իսկ թե ովքեր են իրենց ընկերները կամ ովքեր են գումարներ տալիս, պարոն Մարկոսյանը չցանկացավ պատասխանել: Նշեց ընդամենը մեկ հովանավորի անուն՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բաժնետեր Նշան Աթայան: Իսկ «Շանթ» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը ծառապատելու է իր հայրենի Մռավյան բնակավայրը:

Ա. Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ մարզերը եւ Երեւանի համայնքները հայտեր են ներկայացրել մասնակցելու այդ ծրագրին: «Տեսեք, Ավանի թաղապետարանը ծրագիր է կազմել, թե ինչքան տարածք՝ դպրոցների բակեր, մայթեր, կազմակերպությունների շրջակայք ունեն ծառապատելու,- ասում է նա: -Նրանցից շատերը տնկիներն իրենք են հայթայթելու: Մենք մի մասին տնկի ենք տրամադրելու, մյուսին` տեխնիկա, բանվորական ուժ, բայց ծառատնկումը հիմնականում իրենք են անելու: Մեր աջակցությունը տարբեր է լինելու: Այնպես չէ, որ մենք ենք այդ բոլոր տեղերում տնկելու: Բուսաբանական այգու այն մասում, որտեղ վերջերս պետք է շինարարություն իրականացվեր, բայց կասեցվեց: Օգնելու ենք 5 հեկտար անտառ տնկել: Այդ տարածքի շինարարությունը կասեցվեց: Ինչո՞ւ չեք հարցնում՝ ում կողմից»:

Եթե հիշում եք, այդ տարածքում ընթացող շինարարության մասին ԱԺ-ում հնչեցրեց պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Հետո նրան միացավ Արթուր Բաղդասարյանը:

«Ով էլ որ կասեցրել է, լավ է արել,- կոնկրետ չպատասխանեց Ա. Կարապետյանը: – Իսկ ով էլ որ ասում է` մենք ենք արել, լավ են անում»:

Մինչդեռ անտառագետ մասնագետները նշում են, որ ծառատունկն այնքան էլ հեշտ գործ չէ` այն առումով, որ չի կարելի ուզածդ ծառը տնկել ուզածդ տեղում: Այսինքն, խիստ մասնագիտական մոտեցում է պետք: «Խորհուրդ չի տրվում հաճարենու նոսրացած անտառում կաղնի տնկել, կամ՝ հակառակը,- ասում է Գյուղատնտեսական ակադեմիայի անտառագիտության ամբիոնի դասախոս Հասմիկ Խուրշուդյանը: -Հյուսիս-արեւելյան տարածքները հաճարենու իշխանության տակ են, իսկ հարավային լեռնալանջերում գերակշռում են կաղնին, գիհին, բոխին: Ցանկալի է, որ այս կանոնը պահպանվի՝ կաղնին տնկել կաղնուտում, գիհին` գիհու անտառում: Պետք է ուսումնասիրվի նաեւ հողի շերտը, թե այդ տարածքում ինչ է հարմար տնկել»:

Ա. Կարապետյանը հավատացնում է, որ ծառատունկի այս ծրագիրն իրենք հենց այնպես չեն կազմակերպել, խորհրդակցել են այդ բնագավառի տարբեր՝ էկոլոգ, անտառագետ, հողագետ մասնագետների հետ: Դիմել են Գյուղակադեմիայի մասնագետների օգնությանը: Գյուղակադեմիայից Ժիրայր Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց դիմել են, բայց իրենք դեռ չեն կարողացել համագործակցել: Այս մասնագետները նաեւ նշեցին, որ այս պահին Հայաստանի անտառային ֆոնդն այնպիսի աղետալի վիճակում է, որ պետք է բոլորը ծառ տնկեն, ինչ պատահի: Եթե տասից մեկն էլ կպնի, լավ է: Ի դեպ, Ա. Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց ծրագիրը շարունակական է լինելու այն առումով, որ ծառապատումը շարունակվելու է նաեւ եկող տարիներին: Հնարավոր է, որ այս տարի չկարողանան 3,2 մլն ծառ տնկել: Կարեւոր է, որ միշտ տնկեն եւ հոգ տանեն պահպանման մասին: