Արմենն ու կինը՝ Հռիփսիկը, իրար հերթ չտալով, հիշում ու պատմում են, թե որ դժբախտությունից հետո որը եղավ, հետո էդ դժբախտությունից հետո ով գնաց մահվան դուռն ու ետ եկավ: Բայց նրանց ընտանիքի դժբախտություններն անվերջ են, ինչքան պատմում են, էլի պատմելու բան մնում է, ու ինչքան տխրում ես՝ էնքան տխրելու բաներ դեռ պատմում են: Հետո Արմենը նյարդայնանում է, որ կինն անընդհատ խոսակցությանը միջամտում է: Մի փոքր լռությունից հետո ասում է՝ «Մեր դժբախտությունն անդուր ա, անտանելի ա: Հոգնել եմ, էլ ապրելու հնարք չկա, ապրել չի լինում»: Այնպես է ստացվել, որ Արմենն ու նրա 16-ամյա որդին՝ Գրիգորը տառապում են երիկամների քրոնիկ անբավարարություն հիվանդությամբ: Ասում են, որ էս կյանքում չեն ձգտում շքեղությունների, ոչինչ չեն ուզում, միայն ուզում են ապրել կամ գոնե մի քիչ էլ ապրել… Շաբաթը երեք անգամ գնում են «Արաբկիր» բժշկական կենտրոն դիալիզի: «Էդ չեմ կարա բառերով բացատրեմ, շատ բարդ ա, ոնց որ մահանաս, հետո կամաց-կամաց կենդանանաս»,- ասում է Արմենը, ով տանից դուրս է գալիս միայն հիվանդանոց գնալու համար: Արմենն ափսոսում է, որ գարնան արեւին ինքը տան գորշ պատերից է նայում ու էդ արեւի ջերմությունը չի կարող մարմնի վրա զգալ:
Մի կյանքում էսքան ցավ
Արմենն ասում է, որ երբ իրենց որդուն՝ Գրիգորին, բերել են տուն, ինքը նկատել է, որ երեխայի աչքերն անշարժ են, ուրիշ կողմ են նայում: Պատմում է՝ «Մտածում եմ՝ երեւի հիվանդ է, բայց մայրս հույս է տալիս, թե նորածին է, կփոխվի: Ախր ասում եմ՝ ոնց որ երեխայի մեջ կենդանություն չլինի, միշտ ուրիշ կողմ է նայում»: Երեք ամիս անց ծնողներն իմանում են, որ երեխան վնասվածք ունի: Հիվանդանոցում Գրիգորի մոտ ախտորոշում են մանկական ցերեբրալ կաթված հիվանդությունը: Տարիներ անց Գրիգորի ազոտն աստիճանաբար սկսել է բարձրանալ, բժիշկն ասել է, որ նա ընդամենը 2 տարի կապրի: Սակայն դժբախտությունների շարանն այս ընտանիքին հանգիստ չի տալիս. Գրիգորի մոտ առաջացել է գլանների քրոնիկական հիվանդություն: «Տարանք հիվանդանոց, որ գլանները հանենք, պարզվեց, որ հիմա էլ արյան տոկոսն է ցածր: 10 րոպեանոց վիրահատությունը 2 ժամ տեւեց, մի կերպ երեխուն հետ բերեցին: Էդ ժամանակ նրա կյանքն առաջին անգամ փրկեցինք»,- պատմում են Գրիգորի ծնողները: Դրանից հետո նորից սկսել է ազոտը բարձրանալ, հաճախակի ընկել է կոմայի մեջ: «Արաբկիր» բժշկական կենտրոնում Գրիգորին նորից վերակենդանացրել են: Պարզվել է` երիկամային քրոնիկ անբավարարություն ունի, երկու երիկամներն էլ չեն գործում: Գրիգորի հայրն՝ Արմենը պատմում է՝ «Էդ ընթացքում սկսեց վատանալ իմ վիճակը, անսպասելիորեն ազոտս միանգամից բարձրացավ 600-ի: Անցյալ տարի վիրուս էր տարածվել քաղաքում, գրիպով վարակվեցի, բարդացավ վիճակս, ու ազոտս հասավ 700-ի: Աչքերս փակվում էին, զառանցում էի, գիտակցությունս կորում էր: Մահվան շեմին էի, փող չկար, որ դիմեի բժշկի»: Կրկին «Արաբկիր» բժշկական կենտրոնում Արմենին ախտորոշում են երիկամային քրոնիկ անբավարարություն հիվանդությունը: Հիմա հայր ու որդի դիալիզ են ստանում: Արմենին, բացի երիկամից, երկկողմանի հոդային մաշվածությունն է քայքայում: Չի կարողանում քայլել, ոտքերը թույլ են, ոսկրացած: Հռիփսիկի ձեռքերը խոսելուց դողում են, պատմում է, թե ինչպես է շաբաթը երեք անգամ ամուսնուն ու որդուն տանում դիալիզի: Արմենը կրկին միջամտում է. «Դիալիզի առաջին օրը սարսափելի ա, գցում ա քեզ, ոնց որ մահանաս, երկրորդ օրը վերակենդանանում ես: Դե՛, երիկամի հիվանդ եմ, չեմ միզում, 3 ժամում 4 կիլո նիհարացնում են, քաշում են օրգանիզմի հեղուկը, ոնց որ սպանեն: Եթե հեղուկը չհանեն՝ կներծծվի թոքերիս, սրտիս մեջ, ու կմահանամ»: Գրիգորի դեղորայքն անվճար է, իսկ Արմենին ամեն ամիս դեղ գնելու համար առնվազն 150 դոլար է պետք: Պարտքերով են կյանքը երկարացնում:
«Փրկե՛ք երեխայիս»
Գրիգորը մորն ու եղբորը՝ Արտյոմին ստիպում է, որ իրեն դուրս տանեն: Գրիգորի ու Արմենի կյանքը վիրահատությունից է կախված, որը շատ թանկ է: «Բաբլոյանը, բժիշկը Գրիգորին ասում է՝ բոլորը վիրահատվեցին` մնացիր դու»,- ասում է մայրը: Հորն ու որդուն փրկելու համար դոնորային երիկամ է անհրաժեշտ: Արմենի մեջ մեր այցելությունը մի քիչ հույս է արթնացրել: Հարցնում է՝ «Ձեր թերթը ուրիշ երկրներում կարդո՞ւմ են, կարո՞ղ է` կարդան ու մեր կյանքը փրկեն: Եթե երիկամ լինի` մեզնից մեկի կյանքը կփրկվի»: Երբ Գրիգորին հարցնում են, թե, եթե երիկամ գտնվի` կուզենաս, որ քե՞զ վիրահատեն, թե՞ հորդ, պատասխանում է. «Ուզում եմ ինձ վիրահատեն: Ուզում եմ ապրել»: Մոր արյան կարգը չի համապատասխանում որդու արյան կարգին, որպեսզի նրան իր երիկամը տա: 2001թ. հայտարարություն են տվել՝ «Փրկե՛ք երեխայիս» կոչով, սակայն արձագանք չի եղել: Ծնողներն ասում են, որ, եթե գումար ունենային` երեխայի կյանքը կփրկեին, բայց ընտանիքում աշխատող էլ չկա: Հիվանդանոցում շաբաթը մեկ անգամ վիրահատություն է լինում, փրկվում են մարդիկ. «Հիմա շատերն են երիկամ վաճառում, եթե փող ունենայինք՝ կապրեինք…»,- ասում է Արմենը: Ընտանիքը գոյատեւում է 17.000 դրամ նպաստով եւ հայր ու որդու 29.000 դրամ հաշմանդամության թոշակով:
«Մամա, հրաշքներ լինում են»
Գրիգորը սիրում է նկարել Մասիս սարը: Նկարում է սարը, կողքին էլ` մարդիկ, ծնողներին ցույց է տալիս ու հարցնում է. «Էս մարդիկ թուրքերն են, ուզո՞ւմ եք դարձնեմ հայեր, որ հայերը գրավեն Մասիս սարը»: Գրիգորի եղբայրը շատ է տանջվում նրա համար: Երբ Գրիգորի վիճակը բարդանում է` նա դաս չի սովորում: «Ասում ենք` դաս սովորի, Արտյոմն ասում ա՝ ի՞նչ եք ուզում ինձնից, թողեք հանգիստ ապրեմ»: Արտյոմը ծնողներից պահանջում է, որ ամեն ինչ ասեն իրեն Գրիգորի առողջական վիճակի մասին եւ ոչինչ չթաքցնեն: Գրիգորը քարտեզ շատ է սիրում, ասում է, որ Ղարաբաղը շատ է սիրում, կուզենար տեսնել: «Ասում ա՝ մամա, եթե պոչկա լինի` ես կառողջանամ, համ էլ կբոյովանամ: Ասում ա՝ հրաշքներ լինում են: Ասում ա՝ թույլ եմ, Արտյոմից մեծ եմ, բայց թույլ եմ»,- պատմում է մայրը ու հուզմունքից դողում: Դիալիզից Գրիգորի ոսկորները քայքայվում են, սիրտը չի դիմանում, վատ է զգում, ճնշումը բարձրանում է: Գրիգորը դիմակայում է` հույս ունենալով, որ մի օր երիկամ կգտնվի, ու ինքը կազատվի տառապանքներից: Հռիփսիկը ձեռքերը դողացնելով պատմում է, որ առավոտյան արթնանում է ու շվարած է մնում: «Երկու հիվանդների համար մսով սնունդը պարտադիր է: Դիետիկ սնունդ է պետք՝ թթվասեր, տվորոգ, միս: Մի կտոր միս եմ գնում, 10 կտոր եմ անում, մանրացնում եմ ու մսաջուրը մի քանի անգամ օգտագործում եմ»: Աչքերը լցնում է. «Ուղղակի վատ եմ զգում, որ բերեմ, տեսնես, թե ինչ ճաշ եմ եփում: Մի կտոր միսը մի քանի շաբաթ օգտագործում եմ»: Արմենենք երկար պատմում ու նկարագրում են, թե ինչպես են երիկամով հիվանդները դոնոր երիկամ գտնում ու փրկում իրենց կյանքը: Օրեր առաջ հիվանդանոցում մի փոքրիկ երեխայի վիրահատել են, փրկվել է: Արմենն ու Գրիգորն ուրախությունից բարձրաձայն ճիչեր են արձակել ու մի պահ պատկերացրել, որ իրենք էլ մի օր կփրկվեն այդ տառապանքներից: