«Ռամբույեն Ֆրանսիայի գործադրած ջանքերից մեկն է»

24/03/2006

Այս կարծիքին է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին: Նրա կարծիքով, թեեւ բանակցությունները վճռորոշ չեղան, սակայն հնարավորություն տվեցին սահմանազատել տարաձայնությունները եւ «ցույց տալ 2 կողմերին, որ ճանապարհի զգալի մասն արդեն անցած է»: Նշելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության որդեգրած ուղղություններից մեկը խաղաղությունն է, Կյունին ասում է. «Եթե 2003թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լսեր Ֆրանսիային, ապա Իրաքի պատերազմը չէր լինի»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին պատահական չի համարում, որ ֆրանսախոսության միջազգային օրը` մարտի 20-ին ինքը գտնվել է Գյումրիում` դրանով մեկնարկելով Հայաստանում ֆրանկոֆոնիային նվիրված շաբաթվա միջոցառումները: «Գյումրին պատրաստում է ֆրանսերենի փայլուն իմացությամբ մասնագետներ: Հատկանշական է, որ դա արտահայտվում է նաեւ Ֆրանսիական համալսարանում, քանզի վերջինիս բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, որպես կանոն, գյումրեցիներն են»,- ասում է դեսպանը: Մասնակցելով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը` նա նշել է նաեւ, որ կուզենար, որպեսզի Ֆրանսիայի եւ Հայաստանի բարեկամությունը լիներ այնպես անկաշկանդ ու ազատ, ինչպես ֆրանսերենով հաղորդակցվում են գյումրեցի ուսանողներն ու աշակերտները:

Մարտի 28-ին Հայաստանի շուկայում նոր մուտք գործած «Էյր Ֆրանս» ավիաընկերության կողմից կիրականացվի «Երեւան-Փարիզ» առաջին թռիչքը: Այդուհետ նոր չվերթը կկատարվի շաբաթական 3 անգամ: Ապրիլի 10-ին Ֆրանսիայի դեսպանատանն ընկերությունը պաշտոնապես կներկայանա Հայաստանում: