Քաղաքապետի տեղն են «պնդացնում»

24/03/2006

Այս տարի մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են նախատեսվում Գյումրիի քաղաքապետարանի կառուցման համար: ՀՀ նախագահի` Գյումրի կատարած վերջին այցից հետո քաղաքապետարանի շենքի շինարարությունը ֆինանսավորելու որոշում է ընդունվել, ինչի համար պետբյուջեից հատկացվել է 250 մլն դրամ: Եվս 150 մլն դրամ ներդնելու է քաղաքապետարանը: 3 տարվա ընթացքում քաղաքապետարանի շենքի շինարարության մեջ կատարվել է ընդամենը 80 մլն դրամի աշխատանք: Այդ գումարը բավականացրել է հիմքի 40%-ի կառուցման աշխատանքների համար: Թե որքան գումար է անհրաժեշտ շենքի շինարարությունն ամբողջովին ավարտելու համար, հայտնի չէ: Եթե սկզբնական հաշվարկով մոտ 540 մլն դրամը բավական էր, ապա այսօր շինանյութը մոտ 50 %-ով թանկացել է, հետեւաբար նույնքան թանկացել է նաեւ շենքի արժեքը: