Կինոյի տունը քանդում են հանուն կինոյի՞

23/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կինոգործիչների միության շենքն այլեւս հին տեսքը չի ունենա: Քանդվել է Կինոյի տան ճակատային մասը, որի փոխարեն նախատեսվում է կառուցել նոր սրահ: Կկառուցվի 21 հարկանի շենք, որից 4 հարկ տերերը խոստացել են Կինոգործիչների միությանը: Կինոգործիչների միության եւ դեռեւս անհայտ կազմակերպության միջեւ կնքված գործարքը մեծ աղմուկ է բարձրացրել:

Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցն ասում է` մեր սեփականությունն է, ինչ ուզում ենք, անում ենք: Պատվիրատուն միությունն է, որը համաձայնության է եկել «Բիզնեսշին» անունով մի մասնավոր ընկերության հետ: Եվ շենքի ճարտարապետն է Գագիկ Հովհաննիսյանը: Մեր ճշտումներով` Գ. Հովհաննիսյանն է նախագծել նաեւ Չարենցի փողոցի վրա գտնվող, Արկադի Վարդանյանին պատկանող ապակեպատ շենքը: Միության գրեթե բոլոր 250 անդամները ծանոթ են գործարքի բնույթին եւ, կարծես թե, դեմ չեն: Գործարքը նախատեսում է Կինոմիության տարածքի լայնացում, նոր դոլբի-համակարգով հագեցած երկու դահլիճների կառուցում եւ ընդհանուր տարածքի վերանորոգում: Կինոգործիչների միության նախագահը նպատակին հասնելու համար բավական խորամանկ է վարվել. նա միության բոլոր անդամներին խումբ-խումբ իր մոտ է կանչել եւ ներկայացրել գործարքի պայմանները: Ընդ որում, խոսակցություններ են շրջում, թե շինարարության պատվիրատուները կինոգործիչներին առաջարկել են նորակառույցում արտոնյալ գներով բնակարաններ ձեռք բերել: Կինոգործիչներից շատերն այս մասին միայն մամուլից են իմացել. միգուցե որոշ կինոգործիչների է այդ արտոնությունը տրված: Կինոգործիչներից շատերն ապագա նորակառույցը բավականին այլանդակ են պատկերացնում, սակայն համարում են, որ այս գործարքը շահեկան է իրենց միության համար, քանի որ սեփական փողերով լավ կինոդահլիճ կառուցել նրանք չէին կարողանա: Միությունը վերջերս վաճառել է նաեւ իր ավտոտնակը, որը նախատեսված էր մի քանի ավտոմեքենաների համար: Այդ վաճառքի արդյունքում բանկում հաշվեհամար է բացվել: Շատ կինոգործիչներ համարում են, որ այս գործարքը ճիշտ է, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ ու հանգիստ է արվում: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը միաժամանակ եւ գոհ են, եւ բողոքում են, եւ ներքաշված են ինչ-որ խարդախ գործընթացի մեջ: Ընդհանուր առուծախի մթնոլորտը վատ է ազդում բոլորի վրա: Դեռեւս տարիներ առաջ, երբ Կինոգործիչների միության նախագահը Սերգեյ Իսրայելյանն էր, նույն կինոգործիչները, այդ թվում՝ Կինոգործիչների միության ներկայիս նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, կասկածամտորեն էին վերաբերվում Կինոյի տան հետ կապված ցանկացած նախագծի: Այժմ, սակայն, շատերը համաձայն են ու այս գործարքի մեջ որեւէ վատ բան չեն տեսնում: Այն դեպքում, երբ ոչ միայն գործարքի մանրամասներին տեղյակ չեն, այլեւ շենքի սեփականատիրոջ անունը չգիտեն: Մի քանի կինոգործիչներ իրենց կարծիքն են հայտնում այս բավականին լուրջ վերափոխումներ խոստացող գործարքի մասին:

Սուրեն Հասմիկյան, կինոգետ. «Այն, որ մեր քաղաքը փոփոխությունների է ենթարկվում, փաստ է: Նայելով մեր այսօրվա քաղաքին, ես միաժամանակ զարմանում ու զայրանում եմ: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչն է քանդվում: Իսկ Կինոգործիչների միության գործարքի մեջ վատ բան տեսնելու հիմք չունեմ: Տվյալ դեպքում` առաջարկ եղավ, որը մենք ընդունեցինք: Կինոյի տան շենքը գոյատեւում էր իր տարածքը վարձով տալով եւ ավելի մեծ ու լուրջ վերանորոգում իրականացնել չէր կարող: Իսկ այժմ քանդվում է միայն Կինոյի տան ապակեպատ նախասրահը, որը միշտ խանգարել եւ անհանգստացրել է մեզ եւ երբեք չի օգտագործվել, քանի որ այնտեղ ամռանը շատ շոգ էր, իսկ ձմռանը` ցուրտ: Ես տեսել եմ նախասրահի նոր մակետը, նորմալ նախագիծ է, որն, ընդ որում, նախկին Կինոյի տան շենքի ճարտարապետն է արել: Մեր տարածքը 10 մետրով լայնանալու է, եւ մենք միանգամից երկու դահլիճ կունենանք: Մի դահլիճը նաեւ թատերական կլինի, քանի որ Մալյանի անվան թատրոնը վաղուց արդեն բեմի կարիք ունի: Նախագիծը լավն է, բայց թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը՝ ինքս էլ չգիտեմ»:

Ալբերտ Յավուրյան, կինոօպերատոր. «Մենք ընդհանրապես շատ տագնապալի, անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ուր թռչնագրիպի, ատոմային ռումբի վտանգ կա: Իհարկե, ցավ եմ զգում, որ Կինոյի տան շենքը քանդվել է, սակայն կարծում եմ, որ արդյունքը լավը պիտի լինի: Մենք նոր դահլիճներ, զվարճանքի կենտրոններ կունենանք: Եվ եթե ծնողները ֆիլմ դիտելու գան, կկարողանան իրենց երեխաներին հատուկ սրահում թողնել: Կինոյի տան շենքը կարծես ախոռ լիներ, մենք անընդհատ փորձում էինք այն կարգի բերել, սակայն դա լավ չէր ստացվում: Իհարկե, մենք ուզում ենք այսպես ասած` տաք շագանակներ հանել կրակից եւ չվառվել: Արդեն 15 տարի սպասել ենք, եղել են առաջարկներ, որոնք մենք մերժել ենք: Չենք վստահել բարերարներին, որոնք բավականին պղտոր առաջարկներ են արել: Իսկ այս առաջարկն ընդունել ենք: Իհարկե, ոչ մի երաշխիք չունենք, որ ամեն բան մեր ուզածով կլինի: Բայց կարծում եմ, շենքը կառուցողներն էլ երաշխիք չունեն, որ իրենց նորակառույց բարձրահարկի բնակարանները կվաճառեն: Նման ռիսկն արդեն մեր ապրելակերպն է դարձել: Մեր այսօրվա երկու մեծ կինոթատրոնները միայն կոմերցիոն ֆիլմեր են ցուցադրում, իսկ իսկական, հեղինակային կինոն դուրս է մնում: Ես շատ եմ ուզում, որ նոր Կինոյի տունը լավ կինո դիտելու վայր դառնա բոլորի համար: Ես լավատես եմ եւ այդ շինարարության մեջ միայն լավ բաներ եմ տեսնում: Իսկ լավատեսները, երեւի, ամենահիմար մարդիկ են»: