Եվրոպան մտահոգված է

21/03/2006

Եվրոպական միությունը (ԵՄ) փորձում է սահմանել իր դերը նոր հարեւանությունում, որտեղ ո՛չ խաղաղություն կա, ո՛չ պատերազմ: Այս մասին հայտարարել է «Crisis Group»-ի (Միջազգային ճգնաժամային խումբ) Եվրոպական ծրագրի տնօրեն Նիկոլաս Ուայթը: Նրա խոսքերով, եթե ԵՄ-ն չկարողանա իրականացնել անվտանգ հարեւանության իր ռազմավարական տեսլականը, նրա վստահելիությունը տարածաշրջանում եւ ընդհանրապես` համեմատած ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ` կտուժի: ԵՄ-ին մտահոգում է այն, որ եթե Հարավային Կովկասի հակամարտությունները սրվեն, ապա Եվրոպան կարող է «անպատրաստ գտնվել իր հարեւանների միջեւ պատերազմներին պատասխան գտնելու հարցում»:

ԵՄ-ն շահագրգիռ է Հարավային Կովկասով նաեւ այն պատճառով, որ ցանկանում է ապահովել Կասպից տարածաշրջանի նավթի եւ գազի հասանելիությունը, զարգացնել փոխադրումների եւ հաղորդակցության միջանցքներ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:

«Crisis Group»-ի նոր զեկույցը հետազոտում է տարածաշրջանում լարվածությանն անդրադառնալու ԵՄ ջանքերը: ԵՄ նորանշանակ Հատուկ ներկայացուցիչը պետք է դիտորդ լինի աբխազական, հարավ-օսական եւ ղարաբաղյան հակամարտությունների շուրջ ընթացող բանակցություններում: Ընդ որում, ԵՄ-ն վստահ է, որ այս հարցում ավելի մեծ դեր ունի խաղալու, քան այսքան տարի հաջողությունների չհասած ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն: ԵՄ-ն, այնուամենայնիվ, հիշեցնում է, որ «մոտակա ժամանակներում» Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին անդամակցության առաջարկներ չի անի: