Լուկաշենկոն պահպանեց աթոռը

21/03/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները ոչ ոքի համար անսպասելի չէին։ Ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների քվեների ավելի քան 82 տոկոսը, համեմայն դեպս, այդպես է ասում այս երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ընդդիմադիր թեկնածուները ստացել են աննշան թվով ձայներ. Ալեքսանդր Միլինկեւիչ՝ 6%, Սերգեյ Հայդուկեւիչ՝ 3,5%, Ալեքսանդր Կոզուլին՝ 2,3%։ Ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 90 տոկոս։

Ընդդիմադիրներն, իհարկե, համաձայն չեն հայտարարված արդյունքների հետ։ Հետագա զարգացումները պատկերացնելն առանձնապես դժվար չէ, գրեթե հայաստանյան իրավիճակն է՝ որոշ տարբերություններով։ Մեր իրավիճակի հետ նմանությունը նախեւառաջ այն է, որ ընդդիմադիրներն ունեն իրենց սեփական գնահատականները, բողոքում են եւ արտահայտում իրենց դժգոհությունը հանրահավաքների տեսքով։ Ի դեպ, հանրահավաքներն էլ են նման իրենց «բազմամարդությամբ»՝ մարտի 19-ին Մինսկում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են, տարբեր գնահատականներով, 3-10 հազար մարդ։ Այդքանով հարց չես լուծի։ Եթե հաշվի առնենք, որ Բելառուսի բնակչությունը մոտ 10 մլն է՝ մեզնից 3 անգամ շատ, ապա կարելի է եզրակացնել, որ մեր ընդդիմադիրներն ավելի խելացի եւ փորձառու են։ Հայկական եւ բելառուսական հանրահավաքների նմանություններից մեկն էլ այն է, որ մի քանի հազար հոգին գտնվում են ոստիկանների օղակի մեջ, իսկ որոշ տարածության վրա ավտոբուսների մեջ կազմ ու պատրաստ սպասում են ԿԾԿծ-ականները։

Ինչ վերաբերում է տարբերություններին, ապա առաջին տարբերությունն այն է, որ Լուկաշենկոն նախագահ է ընտրվում 3-րդ անգամ։ Ի դեպ, հնարավոր է, որ մոտ ապագայում այս տարբերությունն էլ վերանա։ Երկրորդ տարբերությունը՝ որքան էլ քննադատեն Բելառուսի ընտրությունների արդյունքները, փաստ է, որ Լուկաշենկոն վայելում է ընտրողների մեծ մասի համակրանքը։ Դա չեն հերքում նաեւ հենց իրենք՝ ընդդիմադիր թեկնածուները։ Մասնավորապես, Միլինկեւիչի նախընտրական շտաբի պետ Սերգեյ Վոզնյակի խոսքերով, «Էքզիթ – փոլզ»-ի արդյունքները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 47%-ը, իսկ Միլինկեւիչի օգտին՝ 25։

Իսկ ամենամեծ տարբերությունն այստեղ այն է, որ ի տարբերություն հայաստանյան բացահայտ թվանկարչության նկատմամբ հնչած արձագանքների, միջազգային հանրությունը Լուկաշենկոյի նկատմամբ շատ ավելի ագրեսիվ է տրամադրված։ Դա ոչ թե նրանից է, որ Ռ. Քոչարյանը Լուկաշենկոյից ավելի ժողովրդավար է կամ ավելի հեռանկարային՝ այդպիսին դառնալու տեսանկյունից, այլ ունի մի շարք այլ պատճառներ։ Գլխավորը թերեւս այն է, որ Լուկաշենկոն, ի տարբերություն մերոնց, կոմպլեմենտար քաղաքականություն չի վարում, այլ ունի ընդգծված պրոռուսական կողմնորոշում։ Դա, բնականաբար, Արեւմուտքին, եւ հատկապես ԱՄՆ-ին չի կարող դուր գալ։ Երկրորդ, այստեղ չկա ղարաբաղյան հակամարտություն, եւ Լուկաշենկոն էլ ոչ ոքի խոսք չի տվել դրանց լուծման ուղղությամբ էական քայլեր անել՝ պաշտոնում մնալու դիմաց։

Այդ իսկ պատճառով վերջինիս հանդեպ քննադատությունը կրում է շատ ավելի կտրուկ եւ ընդգծված բնույթ, որից «ձեռքի հետ» բաժին է հասնում նաեւ ՌԴ նախագահ Վ. Պուտինին։ Հենց ամերիկյան որոշ քաղաքագետներ դեռ ընտրություններից առաջ կանխատեսում էին, որ ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրանալու։

Մի քանի հատված մեջբերենք հեղինակավոր “The Wall Street Journal”-ի հրապարակումից, որը վերնագրված է «Եվրոպայի վերջին դիկտատորը»։ Հոդվածագիրը՝ Մեթյու Կամինսկին, գրում է. «Դեմոկրատիայի թշնամիների ակումբում Լուկաշենկոն ամենամեծ պետական գործիչն է, նա Ուգո Չավեսի տափաստանային տարբերակն է։ Նա խելացի պոպուլիստ է, որն աճեցնում է հասարակությունից մերժված անձանց եւ ավանդական բոլշեւիստական արհամարհանքով է վերաբերվում ընդդիմությանը եւ քաղաքական փոխհամաձայնությանը։ Այս 51-ամյա կոլտնտեսականը հայտնի է Կոնդոլիզա Ռայսի բնորոշմամբ՝ Եվրոպայի վերջին դիկտատորը։ Թեեւ պետք է նշել, որ այդ մականվանը հավակնում են նաեւ Վլադիմիր Պուտինն ու մի քանի այլ, նոր եկած գործիչներ»։

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ հեղինակը նման երկրների շարքում չի դասում Հայաստանին։ «Այս ընտրությունների արդյունքում նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած ժողովրդավարական ճակատամարտերի հաշիվը հավասարվեց։ Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում, ավտորիտար ռեժիմների տապալումից հետո, Ղազախստանի եւ Ադրբեջանի կոշտ ղեկավարները կեղծված ընտրությունների միջոցով պահպանեցին իրենց իշխանությունը»,- նշում է հոդվածագիրը։ Բա մե՞ր ընտրություններն ու հանրաքվեն։ Հեղինակը կամ համարում է, որ Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, կամ էլ Հայաստանը նրա եւ մյուսների համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Իսկ առավել հավանական է այն տարբերակը, որ Հայաստանի մասին նման կոշտ դիրքորոշում արտահայտելու «դաբրո» արեւմտյան ԶԼՄ-ները դեռ չեն ստացել, վերջիվերջո, «բեկումնային» 2006 թվականը դեռ չի ավարտվել։ Իսկ եթե ոմանք կարծում են, որ ամերիկյան ԶԼՄ-ները լիովին անկախ են եւ գրաքննության չեն ենթարկվում, ապա դա առնվազն միամտություն է։

Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի խորհրդարանականները քննադատել են ընտրությունները։

Իսկ ռուսները, ինչպես եւ սպասվում էր, համապատասխան ձեւով արձագանքեցին Բելառուսի ընտրություններին։ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կասկած չեն հարուցում։

Ռուսաստան-Բելառուս միության պետքարտուղար Դմիտրի Բորոդինը երեկ հայտարարել է, որ եթե Լուկաշենկոն ձեռնտու չլիներ բելառուս ժողովրդին, ապա նրան ո՛չ ռուսների, եւ ո՛չ էլ մյուսների աջակցությունը չէր օգնի։ «Լուկաշենկոն հրեշտակ չէ, սակայն ընտրությունների արդյունքներն իսկապես արտահայտում են ժողովրդի կարծիքը, ինչի հետ դժվար է չհամաձայնել»,- հայտարարել է Բորոդինը։

Ռուսների դիրքորոշումները՝ կապված ընտրությունների եւ հանրաքվեների լեգիտիմության հետ, ոչ ոքի համար էլ գաղտնիք չեն, նրանցից օբյեկտիվ գնահատական ոչ ոք չի սպասում։ Սակայն, չնայած սրան, ասել, թե Լուկաշենկոն չի վայելում իր ժողովրդի մի ստվար հատվածի վստահությունը, սխալ կլինի։ Ի վերջո, երկրի տնտեսությունը նորմալ տեմպերով զարգանում է. բավական է նշել, որ միջին աշխատավարձը Բելառուսում կազմում է 250 ԱՄՆ դոլար, իսկ միջին կենսաթոշակը՝ 120։

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի դեմ ուղղված արեւմտյան հիստերիային, որը մեծանալու միտում ունի, ապա դա հալած յուղի տեղ կընդունեինք միայն այն դեպքում, եթե մեր 1,5 միլիոն մասնակից «ապահոված» հանրաքվեն համարժեք գնահատականների արժանանար աշխարհի գերժողովրդավարների կողմից։