Ֆրանսիայի Լիոն քաղաքում շաբաթ օրն անսպասելի բախվել են զբաղվածության մասին նոր օրենքի դեմ բողոքող ֆրանսիացի երիտասարդները եւ Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ բողոքող թուրքերը: «FrancePress»-ի փոխանցմամբ` ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ՝ բողոքող խմբերին բաժանելու համար, այն բանից հետո, երբ Լիոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ բողոքի ցույցի դուրս եկած շուրջ 2500 թուրքերը հարձակվել են երիտասարդների վրա: Ըստ ոստիկանության, Թուրքիայի դրոշներով եւ «Հայոց ցեղասպանություն չի եղել» պաստառներով թուրքերը բախվել են ֆրանսիացի երիտասարդների հետ այն բանից հետո, երբ վերջիններս վանկարկել են «ֆաշիստնե՛ր» եւ «գնացե՛ք տուն»: Ցուցարարների երկու խմբերի միջեւ կարճատեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանության վկայությամբ` երիտասարդ ցուցարարների մի մասը հայեր էին: