«Ներկայացրեք հարցի էվոլյուցիան եւ իրական վիճակը»

21/03/2006 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Շատերն այսօր ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում են 1997թ. հետ` այն գնահատելով վտանգավոր հայ ժողովրդի համար: Այն ժամանակ հենց ԼՂՀ խնդրի պատճառով եւ ժողովրդի ընդվզման արդյունքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Ինչո՞ւ ընդդիմությունը, որը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է վտանգավոր, ժողովրդին անհնազանդություն դրսեւորելու կոչ չի անում եւ անտարբերության է մատնում այդ հարցի կարեւորությունը:

– Դեռեւս երկար տարիներ ԼՂՀ հիմնախնդիրն արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցն է լինելու: Ինչ վերաբերում է ժողովրդի եւ ընդդիմության կողմից կոնկրետ քայլեր չձեռնարկելուն, ապա պետք է հիշեցնեմ, որ առաջին նախագահն իր տեսակետը հրապարակային հայտնեց, որից հետո եղան քննարկումներ, այնուհետեւ` ժողովրդի ընդվզումն առաջարկվող տարբերակի նկատմամբ: Այս նախագահը դեռեւս որեւէ տեսակետ չի արտահայտել. նա իր մամուլի ասուլիսում ընդամենն ինչ-որ կցկտուր բաներ ասաց եւ չասաց իր դիրքորոշումը, թե խնդրի կարգավորման ինչ տարբերակ է ինքը տեսնում:

– Ձեր կարծիքով` Ղարաբաղյան հարցի շուրջ քաղաքական մոտեցումները փոխվե՞լ են:

– ԼՂՀ հարցը Հայաստանի եւ ԼՂՀ ժողովրդի համար վերջին 18 տարում եղել է ամենակարեւոր խնդիրը, որի լուծման հետ է կապվել Հայաստանի եւ ԼՂՀ ապագայի, նույնիսկ գոյության խնդիրը: Անկախության առաջին տասնամյակում ԼՂՀ հարցը, ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը ներկայացվել է բուն էությամբ: Այսինքն` ԼՂՀ ժողովուրդն` օգտվելով իր ինքնորոշման, ազատության իրավունքից, իր ազատագրական պայքարի արդյունքում ձեռք է բերել անկախություն, ինքնորոշվել է եւ հռչակել է իր անկախ պետականությունը: Դա եղել է միջազգային իրավունքի հանրաճանաչ եւ անվիճելի նորմերի սահմաններում եւ ընդունելի է եղել համաշխարհային հանրության կողմից: Դա են վկայում մինչեւ 1998թ. տարված բանակցային գործընթացները եւ միջնորդական առաքելությունների գործելաոճն ու մոտեցումները: Այդ տարիներին խնդրի էությունը խստորեն համապատասխանել է նրան առնչվող սուբյեկտների դիրքին եւ վարած քաղաքականությանը: Բոլոր մակարդակներում հարցի քննարկումների ժամանակ Հայաստանը դիտվել է ԼՂՀ ինքնորոշման եւ ազատության իրավունքին օժանդակող ուժ: Այսինքն` Հայաստանը չի եղել, չի ներկայացել եւ չի դիտվել որպես հակամարտության կողմ, այլ եղել է եւ ընդունվել է որպես հակամարտության կարգավորման կողմ եւ մասնակից: Ընդ որում` խստորեն պահպանելով արտաքին քաղաքական այդ վեկտորը` մինչեւ 1998թ. Հայաստանը ոչ միայն կարողացավ լուծել ռազմական գործողությունների դադարեցման խնդիրը, այլեւ բավականին լուրջ քայլեր ձեռնարկեց խնդրի քաղաքական կարգավորման գործընթացում անշրջելիության ապահովման ու տարածաշրջանային համագործակցության քաղաքականության սկսման առումով: Իհարկե, այդ փուլում տարվող քաղաքականության հետ ես եւ իմ համախոհներն ունեցել ենք որոշ տարաձայնություններ, բայց դրանք վերաբերել են միայն բանակցային գործընթացի առանձին էլեմենտների եւ դրվագների: Մասնավորապես` փուլային եւ փաթեթային մոտեցումներին: Բայց` մեծ հաշվով, տարվող քաղաքականությունը, որում Հայաստանը հակամարտության կարգավորման կողմ էր հանդիսանում, ընդունելի եւ հասկանալի է եղել: Հետագայում Հայաստանի դիրքորոշումները եւ իշխանությունների վարած քաղաքականությունը ԼՂՀ հարցի առնչությամբ կտրուկ եւ անհասկանալի ձեւով փոփոխվեցին:

– Ի՞նչը նկատի ունեք, չէ՞ որ դուք ծանոթ չեք բանակցային գործընթացին:

– Թեկուզ միայն այն, որ ձեւափոխման ենթարկվեցին ինչպես ԼՂՀ հարցը, այնպես էլ` դրա գործոններն ու մասնակիցները: Այսինքն` միջազգային հանրությանը ներկայացվող ազգային ինքնորոշման, ազգային եւ մշակութային փոքրամասնությունների ապահովման, մարդու իրավունքների համար պայքարի խնդիրը ձեւափոխվեց եւ ձեւակերպվեց որպես միջպետական տարածքային վեճի խնդիր: Արդյունքում` Հայաստանը հակամարտության կարգավորման մասնակցի կարգավիճակից իջեցվեց եւ բերվեց միջպետական տարածքային հակամարտության կողմի կարգավիճակի: Ընդ որում` միջազգային դիվանագիտության չափանիշներով որակվելով որպես ագրեսոր: Հասկանում եմ, որ ՀՀ կարգավիճակը` որպես ճանաչված պետության դիվանագիտական մակարդակներում ավելի նախընտրելի է, քան «դե յուրե» չճանաչված ԼՂՀ կարգավիճակը, սակայն միայն այդ փաստարկով ՀՀ-ն հակամարտության կողմ դարձնելու քաղաքականությունը ոչ միայն չէր կարող արդարացվել, այլեւ խիստ անհեռանկար ու վտանգավոր էր: Իսկ եթե հաշվի առնենք, որ ինքնորոշման խնդիր կարող է ունենալ եւ բարձրացնել բացառապես չճանաչված պետությունը, ապա հասկանալի է դառնում, թե որքան անհիմն է եղել բանակցային գործընթացում ՀՀ դերի եւ մասնակցության ձեւի փոփոխությունը: Դրա հետեւանքը եղավ այն, որ մեզ համար ոչ դրական առումով աստիճանական փոփոխության ենթարկվեցին նաեւ հակամարտության օբյեկտներին վերաբերող տերմինները եւ անվանումները: Մասնավորապես «ազատագրված տարածքները» սկսեցին անվանել սկզբում` «վիճելի», այնուհետեւ` «գրավյալ», իսկ այժմ արդեն` «գրավյալ անվտանգության երաշխիքային գոտի»: Սա բավարար է հասկանալու համար, որ անկախ ԶԼՄ-ներով տարվող քարոզչությունից, բանակցային գործընթացը հասել է մի հանգրվանի, որում Հայաստանի նախկին մոտեցումները մոռացվել են: Իսկ նոր մոտեցումները, որով հանդես են գալիս Հայաստանի իշխանությունները, խեղաթյուրում են հակամարտության բնույթն ու մասնակիցներին, ոտնահարում են ԼՂՀ ժողովրդի շահերը, որի ասելիքն ու պահանջները նենգափոխվելով բերվել են հետեւյալ մոդելին, որ` «եթե ԼՂՀ ժողովրդին անվտանգության հիմնավորված երաշխիքներ տրվեն, ապա գրավյալ տարածքները կվերադարձվեն: Կամ որ` պարտադիր անվտանգության երաշխիք մենք համարում ենք ԼՂՀ ոչ անկլավային վիճակը, որից ելնելով մենք տարածքներից ինչ-որ մաս պետք է պահենք որպես միջանցք»:

Բայց բոլորին է հայտնի, որ ԼՂՀ խնդրում զինադադարի կնքման պահին հայ ժողովուրդը պահանջատեր էր, քանի որ ողջ Շահումյանի շրջանը, Գետաշենը եւ Մարտակերտի մի մասը մնացին ադրբեջանական տիրապետության տակ: Զինադադարի կնքման պահին մեզ համար պարզ էր, եւ մենք ենթադրում էինք, որ դա լինելու է հայկական կողմի` ԼՂՀ, հիմնական կռվանը: Սակայն այդ տարածքները չդարձան եւ չդիտվեցին բանակցային գործընթացում` որպես վիճելի եւ վերադարձման ենթակա տարածքներ:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ տարածքները ՀՀ կողմից անտեսվեցին:

– Որովհետեւ նման պահանջ եւ հարցադրում կարող էր անել միայն հակամարտության իրական կողմը` ԼՂՀ-ն: Իսկ ԼՂՀ-ին դուրս մղելով բանակցային գործընթացից, ՀՀ-ն ակամայից իր վրա վերցրեց նաեւ հակամարտության կողմ լինելու ԼՂՀ դերակատարումը: Հաշվի չառնվեց, որ եթե Հայաստանն անկախ պետության եւ ԵԽ անդամի կարգավիճակով դառնում է հակամարտության կողմ, ապա ինքնըստինքյան փոխվում է նաեւ հակամարտության բնույթը: Իսկ դրա կամայական փոփոխությունը բերելու էր հայկական կողմի պահանջատիրության մոռացության: Այդ պարագայում ՀՀ եւ ԼՂՀ առավելագույն ակնկալիքը կարող էր լինել ազատագրված տարածքների զիջման գնով ԼՂՀ անկախ կարգավիճակի ստացումը: Կարծում եմ` հենց դրանով է նաեւ պայմանավորված հեռուստատեսությամբ ու մամուլով տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից տարվող քարոզչությունը զիջումների մասին, այն մասին, որ ազատագրված տարածքները հայկական չեն եւ այլն:

– Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում մինչ Ռամբույեյան բանակցությունները ՀՀ իշխանությունների կողմից` արդյունավետ բանակցությունների մասին արվող բազմաթիվ հայտարարությունները:

– Չնայած իշխանությունները փորձում են իրերի իրական վիճակը գաղտնի պահել, բայց, համոզված եմ, որ հարցի լուծումն այժմ բերվել-հասցվել է մեզ համար խիստ անբարենպաստ վիճակի: Այս կոնտեքստում բանակցային գործընթացի արդյունավետության մասին հայտարարությունները` Քոչարյան-Ալիեւ հանդիպումները, կարծում եմ, կրում են իմիտացիոն բնույթ եւ ընդամենը հասարակությանն ապակողմնորոշելու նպատակ են հետապնդում: Սա բխում է բացարձակապես սեփական իշխանությունը պահպանելու եւ ներքաղաքական խնդիրների ու հարցերի լուծման ձգտումներից եւ նպաստում է ԼՂՀ հիմնահարցի ձգձգման եւ սառեցման քաղաքականության իրագործմանը:

– Հիմա դուք` որպես ընդդիմություն, ի՞նչ լուծումներ եք տեսնում:

– Կարծում եմ, պետք է հրավիրել ԼՂՀ հարցով ԱԺ լսումների արտահերթ նիստ, որում իշխանությունների կողմից պետք է ներկայացվի հարցի էվոլյուցիան եւ իրական վիճակը: Օրինակ, մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ հիմնավորումներով են փոփոխվել հակամարտության բնույթը, հակամարտության առարկան եւ մասնակիցները: Կամ` ԼՂՀ հարցում ՀՀ վարած քաղաքականության փոփոխությունը համաձայնեցվե՞լ է արդյոք ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի հետ: Եթե համաձայնեցվել է, ապա հետաքրքիր է` ինչո՞վ է բացատրվում ԼՂՀ նախագահի հայտարարությունը եւ ԼՂՀ հասարակական կազմակերպությունների դիմումը Հայաստանի ժողովրդին: Կամ` ԼՂՀ հարցում ՀՀ վարած քաղաքականության փոփոխությունը քննարկվե՞լ է արդյոք ԱԺ-ում, Անվտանգության խորհրդում: Եթե այո` ապա ի՞նչ հիմնավորումներով: Հետաքրքիր է իմանալ նաեւ, թե Ռ. Քոչարյանի հայկական եւ ադրբեջանական ազգերի անհամատեղելիության մասին հայտարարությունից հետո ինչպես են ՀՀ իշխանությունները պատկերացնում բանակցային գործընթացի շարունակությունը եւ իրենց մասնակցությունն այդ գործընթացին: