«21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչների ջանքերի շնորհիվ Հայաստան կայցելի հայտնի թավջութակահար, ծագումով լիտվացի Դավիդ Գերինգասը, ով ամենաթանկ ու հեղինակավոր երաժշտական աստղերից մեկն է, Մստիսլավ Ռոստրոպովիչի սիրելի աշակերտը: Նա բազում մրցանակների դափնեկիր է եւ այժմ Եվրոպայում է աշխատում: Գերինգասը շատ լայն երաժշտական հայացքների տեր մարդ է, կատարում է եւ վաղ բորոկկո, եւ ժամանակակից ավանգարդ երաժշտություն: Շատ ստեղծագործություններ հենց նրա համար են գրվում: Դավիդ Գերինգասն իր տիկնոջ` Տատյանայի հետ այսօր համատեղ համերգով հանդես կգա Կամերային երաժշտության տանը, իսկ մարտի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում` «Սերենադ» կամերային նվագախմբի հետ: