Մեզ հե՞տ, թե՞ մեր դեմ

18/03/2006

Մարտի 16-ին տարածաշրջանային այցի շրջանակներում ՀՀ-ում էին գտնվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդն ու ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանը: Վարդան Օսկանյանի հետ քննարկվել են տարածաշրջանի, այդ թվում նաեւ` Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր: Ֆրիդը նշել է, որ Հարավային Կովկասի ապագայի մասին խոսելիս նկատի ունի այն ժամանակը, երբ «առկա բոլոր հակամարտությունները կկարգավորվեն, երկրները կապրեն խաղաղության մեջ եւ իրենք կընտրեն իրենց տեղն այս աշխարհում` առանց որեւէ արտաքին ճնշման»: Ֆրիդը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի հետաքրքրությունն «ատոմային էներգիայի նոր, անվտանգ եւ տնտեսապես կենսունակ աղբյուրների» հանդեպ ուշադիր կուսումնասիրվի Վաշինգտոնում: Այս եւ ընդհանրապես տարածաշրջանում ԱՄՆ ներկայացուցիչների բազմաթիվ այցերը, ինչպես նաեւ` 3 օր առաջ Թուրքիայի նախագահի մեկնումը Վրաստան, ՌԴ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արա Սարգսյանը մեկնաբանում է «ԱՄՆ-ի պարզ քաղաքականությամբ»: «Դիվանագետն ուզում է հարցնել, թե Հայաստանը միանո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ին՝ Իրանի էներգետիկ պաշարները վերահսկելու գործում: Եթե՝ այո, ապա ԱՄՆ-ը ասում է՝ «Խնդիր չկա, գազամուղը մեծացրու, գազը տար, թույլ ենք տալիս նաեւ նոր ատոմակայան կառուցել, իսկ դուք էլ կմնաք իշխանության»: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը խոստանում է պատժել Հայաստանին»,- ասում է Ա. Սարգսյանը: