Ոստիկանության գնդապետն օրինախա՞խտ է

18/03/2006

2006թ. փետրվարից ուժի մեջ է մտել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքը: Հիշեցնենք, որ օրենքի 123 հոդվածը սահմանում է՝ «Վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»: Միայն վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի տուգանային հրապարակ են տարվել 200-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդների նկատմամբ ՊԱՏ բաժնի տեսուչների կողմից «07» ծածկագրով ակտեր են կազմվել: Ասել է թե՝ վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտման դեպքում վարորդը տուգանվում է 50.000 դրամ: Օրինակ, երեկ Նալբանդյան փողոցում գտնվող «Հայխնայբանկի» շենքի մոտ արձանագրեցինք «77 LS 888», «470 SL 01», «470 SO 01», «470 LO 01» պետհամարանիշներով, արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ, որոնք եղել են մգեցված ապակիներով, վարագուրապատ, եւ որոնց վրայից ընդհանրապես բացակայում էր տեխնիկական զննության անցկացված ավտոմեքենաների տեխզննման կտրոնը: Մեր տեղեկություններով՝ վերոնշյալ ավտոմեքենաները պատկանում եւ սպասարկում են «Միկա Լիմիթեդ» ընկերության ղեկավար, Ոստիկանության գնդապետ Միխայիլ Բաղդասարովին, ով նաեւ «Հայխնայբանկի» բաժնետոմսերի 30%-ի բաժնետերն է:

Գ. Շ.