1998թ. հեղաշրջման պատրվակը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր՝ իբրեւ թե ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցում գնում է ոչ հայանպաստ լուծման: Առաջին նախագահի հրաժարականից ութ տարի անց ԼՂՀ հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ: Ավելին, ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունները նույնիսկ իշխանական կուսակցությունները որակեցին որպես «պատերազմի հայտարարում»: Ու թեեւ մեզանում պատերազմի վտանգը գնալով ավելի է մեծանում, ՀՀՇ-ն, որին, թվում է, թե պետք է ամենաշատը հուզեր այս վիճակը, բոլորովին մեկուսացվել է քաղաքական գործընթացներից: Այս մասին է մեր զրույցը ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի հետ:
– Ձեր կարծիքով, որո՞նք էին Ռամբույեյան հանդիպման տապալման պատճառները:
– 1998թ. սկսված ողջ գործընթացն ընդամենը իմիտացիա է: Կողմերը պատրանք են ստեղծում, թե ինչ-որ պրոցես է գնում, սակայն բոլորին է ակնհայտ, որ Ղարաբաղի խնդիրը, ինչպես 1998թ., այնպես էլ` այսօր, ընդամենն, օգտագործվում է իշխանություն պահելու նպատակով: Եվ Հայաստանում, եւ Ադրբեջանում այդ խնդրի չկարգավորումն օգնում է իշխանությունը պահպանելուն: Ու ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը երկու երկրներում իրավապահ մարմիններին, բանակին լայն հնարավորություն է տալիս, որպեսզի մեծ ազդեցություն ունենան եւ քաղաքականության, եւ տնտեսության վրա: Ակնհայտ էր, որ իշխանությունների ասած զգուշավոր լավատեսությունը որեւէ բանի չի հանգեցնելու: 1998թ. մեխը մեկն էր` քանի որ կարգավիճակի խնդրում ՀՀ-ն, Ղարաբաղը եւ Ադրբեջանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն, ուրեմն այդ խնդիրը պետք է թողնել մի կողմ ու պետք է սկսել այլ խնդիրներ լուծելուց, եթե իրոք հակամարտությունը կարգավորելու ցանկություն կա: Իսկ եթե ցանկություն չկա, ապա կողմերը նստում են, ու մեկն ասում է` անկախություն, մյուսը` տարածքային ամբողջականություն: Արդյունքում` բանակցությունները միանգամից ավարտվում են: Ամեն ինչ շատ երկրային է, քան պատկերացնում ենք: Ուղղակի իրենք ցանկություն չունեն խնդիրը լուծելու, եւ ամեն ինչ անելու են, որ այս ստատուս-քվոն պահպանվի:
– Մինչեւ ե՞րբ կարող են պահպանել այդ ստատուս-քվոն:
– Մինչեւ որ միջազգային հանրությունը սկսի լուրջ զբաղվել այս խնդրով: Իսկ պարտադրանքի միջոցներ միջազգային հանրությունը շատ ունի, մանավանդ` եթե հաշվի ենք առնում ՀՀ-ում եւ Ադրբեջանում առկա կոռուպցիայի մակարդակը, կեղծված ընտրությունները: Միջազգային հանրությունը կփորձի լուրջ զբաղվել այս խնդրով, կփորձի շատ արագ կարգավորել խնդիրը, սակայն այդ դեպքում արդեն լուծումը կլինի ի վնաս Հայաստանի: Կա նաեւ երկրորդ տարբերակը, որ Ադրբեջանն է խաղարկում: Նրանք հզորացնում են երկրի տնտեսությունը, ավելացնում են ռազմական ծախսերը, ինչի արդյունքում կկարողանան եւ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը:
– Բայց կարծես թե Արեւմուտքը սկսել է իր ճնշումները: Վերջին շրջանում, հատկապես Ռամբույեյան հանդիպումից հետո հաճախ են սկսել հիշել, որ ՀՀ-ում ու Ադրբեջանում բավական ցածր մակարդակի վրա են մարդու իրավունքների պաշտպանությունը, պետք է օգնեն մեզ` ներքեւից վերեւ ժողովրդավարություն կառուցելու համար: Արդյո՞ք դրանք ձեր ասած ճնշումները չեն:
– Կարծում եմ, որ դրանք կարելի է դիտարկել որպես ինչ-որ բանի սկիզբ: Եթե հաշվի առնենք մեզ մոտ տեղի ունեցած հանրաքվեին կամ Ադրբեջանում կայացած ընտրություններին հետեւած ոչ ադեկվատ գնահատականները, ապա կարելի է ասել, որ դեռեւս բուն գործընթացը չեն սկսել:
– Ըստ Ձեզ` միայն կողմե՞րը չեն ուզում գնալ խնդրի կարգավորմանը, թե՞ դրան խանգարում են նաեւ ուրիշ հանգամանքներ:
– ՌԴ-ն, օրինակ, միշտ ամեն ինչ անելու է, որ այդ կիսապատերազմական օջախները եւ Ղարաբաղում, եւ Օսեթիայում, եւ Աբխազիայում այդպես մնան: Դա հնարավորություն է տալիս` բոլոր կողմերին ինչ-որ բան պարտադրել: Սակայն դա բնական է, քանի որ ՌԴ-ն իր շահերից ելնելով է վարում իր քաղաքականությունը: Մանավանդ, որ ըստ էության Հայաստանը Հարավային Կովկասում դարձել է ՌԴ-ի մահակը, որով վերջինս փորձում է ազդել այս կամ այն պրոցեսի վրա:
– Բայց վերջին շրջանում ՌԴ-ի հայտարարությունները կարծես թե հակառակն են ապացուցում. որ հակամարտության կարգավորման համար պատրաստ են օգնել կողմերին:
– ՌԴ-ն այս ընթացքում բավական շատ դիվանագիտական պարտություններ է կրել: Իսկ Պուտինի հայտարարություններն, ըստ էության, մնացին օդի մեջ եւ չունեցան զարգացում: Դրանք ընդամենը խոսքեր էին, եւ ակտիվացում չի կարելի համարել: Իմ կարծիքով, այսօր որեւէ մեկը, այդ թվում` եւ համանախագահները, չեն որոշել իրենց հետագա անելիքները:
– Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը դուրս գա բանակցություններից, ապա ՀՀ-ն էլ կճանաչի ԼՂՀ անկախությունը: Նույնիսկ իշխանական ուժերը դա գնահատեցին որպես «պատերազմի հայտարարում»:
– Ցավոք սրտի, այդ խնդիրները ոչ Հայաստանում են լուծվում եւ ոչ էլ Ադրբեջանում: Եվ վճիռը կայացնում է ոչ Քոչարյանը, ոչ էլ Ալիեւը. իրենք կանեն այն ամենը, ինչ որ պարտադրվի դրսից: Այն, որ երկու կողմերից էլ ռազմատենչ հայտարարություններ են հնչում, բնական է: Փետրվարի 28-ի հանրահավաքը որ կազմակերպել էին, ըստ էության փորձում էին միջազգային հանրությանը ցույց տալ, թե ներսում լուրջ խնդիրներ ունեն, եւ ոչ թե իրենք չեն ուզում խնդրի կարգավորում, այլ հասարակությունները, ժողովուրդները պատրաստ չեն:
– Ըստ ձեզ` մե՞ծ է արդյոք պատերազմի հավանականությունը:
– Դեռ 1998թ. մենք հստակ ձեւակերպել էինք, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է: Եվ մինչեւ հիմա էլ մնում ենք այն մտքին, որ որքան այս վիճակը շարունակվում է, այնքան ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է: Դա նաեւ սնվում է հենց իշխանությունների կողմից: ՀՀ-ի եւ Ադրբեջանի հասարակությունները, վստահ եմ, որ դրան չեն գնա, որովհետեւ այս պատերազմն արդեն ոչնչով արդարացված չի լինելու: Սա նշանակելու է, որ քաղաքական էլիտաները չկարողացան պայմանավորվել: Եվ եթե բանը հասնի պատերազմին, ապա ամեն ինչի համար պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա:
– ՀՀՇ-ն իշխանությունից հեռացավ ԼՂՀ հիմնախնդրի պատրվակով տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում: Եթե այսօր, Ձեր գնահատմամբ, մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը, ապա ինչո՞ւ ձեր կուսակցությունը ոչ մի կերպ չի արտահայտում իր մտահոգությունները, հաշվետվություն չի պահանջում այսօրվա իշխանություններից:
– Պարզ է, որ իրենք գոնե ներքին օգտագործման համար ռազմատենչ հայտարարություններ են անում: Բայց պրոցեսը դեռ շարունակվում է, եւ պետք է տեսնենք, թե մյուս փուլն ինչով է սկսվում, իշխանություններն ինչի են գնալու, միջազգային հանրությունն ինչպես է գործելու: Եվ դրանից հետո արդեն կարելի է լուրջ քայլերի գնալ: Կիսատ պրոցեսի վրա վերլուծություններ անելն անշնորհակալ գործ է:
Բայց քաղաքական մյուս ուժերն էլ իրենց իրավիճակին ադեկվատ չպահեցին: Պետք է հաշվի առնենք, որ նախընտրական տարի է, խմորումներ են ընթանում: Եվ մարդիկ ուրիշ բաներով են զբաղված` թե ով ում ցուցակում լինի եւ ԱԺ ոնց գնա: Դա վերաբերում է եւ իշխանություններին, եւ ընդդիմության որոշ հատվածին: Բացի այդ, պետք է նկատենք, որ այսօր տնտեսական իրավիճակը ՀՀ-ում բավական փոխվում է. գազը, առաջին սպառման ապրանքները թանկանում են եւ հիմա իշխանությունները պատերազմի տեսլականով փորձում են մեղմել սոցիալական լարված իրավիճակը: