Անտեղի քարոզչությո՞ւն

18/03/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հայաստանը, սակայն, որը նույնպես ունի այդ հնարավորությունը, չի օգտվում այդ մեծ լսարանից` համարելով այն քարոզչության համար ոչ ճիշտ միջոց: Հանրային հեռուստատեսության համաշխարհային համահայկական ցանցով հեռարձակվող հաղորդումները բացառապես հայերեն են, որոնք, բնականաբար, հասու են միայն սփյուռքում ապրող հայերին:

Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի օգտագործում քարոզչություն տարածելու այդ հնարավորությունը: Հիշեցնենք, որ քարոզչությունը` անկախ ընտրված ձեւերից, տարբեր իրավիճակներում կարեւորում են նաեւ Հայաստանի իշխանությունները: ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, սակայն, դրան այնքան էլ մեծ կարեւորություն չի տալիս: «Ոչ միայն դրսի, այլեւս ներսի մեր հաղորդումներն էլ են միայն հայերեն: Իմ կարծիքով, դա անտեղի վատնում է Ադրբեջանի կողմից: Եթե նրանք նաեւ ռուսերեն լեզվով են հաղորդումներ հեռարձակում, ապա պետք է ենթադրեն, որ Ռուսաստանի պրեզիդենտ Պուտինը` Դումայի հետ, նստած նայում են ադրբեջանական այդ ալիքը, որպեսզի իրականացնի իր քարոզչությունը: Իրականում հայկական ալիքը նայում են հայերը, եւ, չգիտեմ` ինչո՞ւ պետք է ես հայերեն լեզվով չհեռարձակեմ իմ հաղորդումները: Երբեմն լինում է, չէ՞, որ որեւէ քաղաքական գործիչ փորձում է մեր եթերում ռուսերեն խոսել` մտածելով, որ Պուտինը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը նստած լսում է իրեն: Դա, իմ կարծիքով, միամիտ եւ մեխանիկական մոտեցում է,- վստահեցնում է Ա. Հարությունյանը։ -Եթե քարոզչություն է պետք իրականացնել, ապա այն լսարանը, որ մենք ունենք դրսում` սփյուռքահայերն են: Եվ եթե ես քարոզչություն իրականացնեմ` ինչո՞ւ պետք է ռուսերեն լեզվով անեմ, որն ամերիկահայը կամ ֆրանսահայն ընդհանրապես չեն հասկանում, իսկ Ռուսաստանի հայերի մեծ մասն էլ հայերեն հասկանում է: Այսինքն` ես չեմ հասկանում, թե դրանում խնդիրը որն է, ի՞նչ քարոզչություն պետք է իրականացնենք»: Մեր դիտարկմանը, թե ռուսալեզու հաղորդումների միջոցով հնարավոր չէ՞ արդյունավետ քարոզչություն իրականացնել թեկուզ ադրբեջանցիների համար, որոնց հաղորդումներին մենք ինքներս էլ հետեւում ենք, ՀՀՌԸ խորհրդի նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, թե ադրբեջանական հեռուստաալիքը հայերը նայում են սփյուռքում: Նրանց հաղորդումները ես կամ դուք նայում ենք որպես լրագրողներ, որպեսզի տեսնեն` ինչ են ասում, ու այստեղ տան այդ ինֆորմացիան: Բայց չեմ կարծում, թե ադրբեջանական հեռուստաալիքների թարգմանիչների վրա «Հայլուրի» լրատվությունը քարոզչական նշանակություն է ունենում: Հակառակը: Օրինակ, այստեղ մենք այն նայում ենք, որ տեսնենք, թե Եվրատեսիլի հետ կապված այնտեղ ինչ աղմուկ են բարձրացրել, որպեսզի մեր եթերում լուսաբանենք այն ու հակառակն ասենք: Ուրիշ նշանակություն այն չունի: Փոքր ազգերի մոտ միշտ այդ կոմպլեքսը կա, եւ շարունակում է լինել նաեւ այսօր»: Ա. Հարությունյանի գնահատմամբ, ավելորդություն է նաեւ այն, երբ Հայաստանում այս կամ այն հանրահավաքի կազմակերպիչները (ԼՂՀ հիմնախնդրի կամ Սումգայիթի դեպքերի հետ կապված վերջին հանրահավաքի ժամանակ) պաստառների վերտառությունները ռուսերեն կամ անգլերեն են գրում: «Ինչո՞ւ: Եթե դա դեսպանատների համար է, ապա նրանք կարող են հանգիստ լինել. դեսպանատներն, իրենց ինչ պետք է` հասկանում են նաեւ հայերեն գրածներով ու զեկուցում են` որտեղ որ պետք է: Եթե դա կողքից անցնող օտարերկրացիների համար է, ապա չեմ կարծում, թե դա նրանց հետաքրքիր է: Իսկ եթե հետաքրքրի էլ, ապա նրանց հետ միշտ էլ թարգմանիչ լինում է, եւ իրենք կարող են հարցնել, թե դա ինչի մասին է կամ ինչ է գրված»:

Օրինակ, ինչպես նշեց Ա. Հարությունյանը, փոքր ազգ լինելով` վրացիները նման բաներ չեն անում, եւ ինքը չի կարծում, թե արտաքին աշխարհում վրացիներին ավելի վատ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին: «Այնպես որ` չեմ կարծում, որ եթե մենք համաշխարհային ցանցով ռուսալեզու հաղորդումներ հեռարձակենք, քարոզչություն իրականացրած կլինենք, ու այն, բացի լրագրողներից, Ադրբեջանում ուրիշ լսարան կունենա»,- եզրափակեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` ընդգծելով, թե հայկական հեռուստաալիքները պետք է պահպանեն «Լեզվի մասին» օրենքը, որը պետք է պարտադիր ու ավելի խիստ գործի Հայաստանում: