«Թեհլերյանն իրականացրել է Թուրքիայի դատարանի որոշումը»

18/03/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Այսօր Թուրքիայի 500 հասարակական քաղաքական գործիչներ եւ Ադրբեջանի երիտասարդական-հասարակական կազմակերպությունների մի շարք մասնակիցներ Բեռլինում իրականացնելու են «Թալեաթ փաշայի երթը», որի նպատակն է քննադատել «հայկական ահաբեկչությունը» եւ հարգել «ահաբեկիչ» Սողոմոն Թեհլերյանի կողմից սպանված Թալեաթի հիշատակը: Ի՞նչ ակցիա է սա:

Ռուսաստանի Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Արա Սարգսյանն առաջարկում է 2 վարկած: Առաջին, մասոնները որոշել են իրենց Օթյակի նախկին լիդերին (Թալեաթը 1907թ.-ից մինչեւ երիտթուրքերի իշխանության գալը թուրքական Մեծ օթյակի վարպետն էր՝ 33 աստիճանի մասոն) սրբացնել՝ դատապարտելով նրան սպանողին: «Այս տարբերակը շատ հավանական է, քանզի ես լավ ծանոթ եմ մասոնական օթյակների աշխատաոճին: Թուրք մասոններն ահազանգել են Գերմանիայի մասոններին, եւ շարժումը սկսվել է»,- ասում է Ա. Սարգսյանը: Երկրորդ տարբերակի համաձայն, սա Թուրքիայի պետության կողմից իրականացվող քաղաքականության արդյունք է, որը շատ ավելի հավանական է: Ակադեմիայի անդամի խոսքերով, Թուրքիան հիմա անում է ամեն ինչ՝ 1915թ. թուրքական իշխանությունների կողմից իրականացված պետական քաղաքականությունը կոծկելու համար: Այս քաղաքականությամբ Թուրքիան ուզում է ցույց տալ, որ Քեմալ Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ Թուրքիան ժողովրդավարական հիմունքներով է ստեղծված, եւ ըստ այդմ էլ փորձում է իր տեղը գտնել եվրոընտանիքում: Վերջին հանգամանքը կբարդանա, եթե պարզվի, որ ժամանակակից Թուրքիան ստեղծվել է Օսմանյան Թուրքիայի՝ սեփական քաղաքացիների (մոտ 1,5 մլն հայեր եւ երկրի պոնտական հատվածում բնակվող մոտ 300 հազար հույներ) ցեղասպանության հետեւանքով: «Թուրքիայի նպատակն է հայերի ու հայ քաղաքական մտքի ամեն մի սխալ կամ վրիպում օգտագործել իր շահերի համար: Ցեղասպանության կազմակերպիչ 4 փաշաներն էլ դատապարտված էին մահապատժի, սակայն փախան երկրից: Տարօրինակ զուգադիպությամբ` նրանցից 3-ին էլ հայեր սպանեցին: Թալեաթին Թուրքիան ճանաչել էր հանցագործ, իսկ նրա մահից հետո՝ ազգային հերոս: Այս ակցիայով ուզում են ցույց տալ, որ հայերն ահաբեկիչներ են»,- ասում է Ա. Սարգսյանը: Նրա կարծիքով, այս ակցիային Հայաստանը պետք է հակացույցերով չպատասխանի եւ Բեռլինի հայ համայնքին ոտքի չհանի: «Եթե հիմա մենք ցույցերով պատասխանենք, ապա, ըստ էության, կընդունենք Թուրքիայի կամ մասոնական օթյակների խաղը, ինչը մերը չէ: «Առաջադեմ» Ուրիխանյանի նման առաջարկը ձեռնտու է ակցիայի կազմակերպիչներին: Իրենց ուզածն այն է, որ մենք հայտնվենք միեւնույն հարթության վրա»,- գտնում է Արա Սարգսյանը: Նա առաջարկում է դրան պատասխանել հետեւյալ կերպ. «Մեծ հաշվով, Թեհլերյանն իրականացրել է Թուրքիայի դատարանի որոշումը, այն է՝ մահապատժի ենթարկել Թալեաթ փաշային»:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ դեռ մեկ տարի առաջ սփյուռքահայ «Մարմարա» թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ 2006թ. մարտին թուրքերը պետք է դատավարություն սկսեն Թեհլերյանի դեմ: «Եթե ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը բանիմաց մարդ ունենար Ստամբուլում, անմիջապես կհասկանար, որ այսպիսի բան է կատարվելու 1 տարի հետո»,- ասում է Ա. Սարգսյանը:

Հ. Գ. Աշխարհում նախատեսվող գլոբալ հակամարտությունների, տարածաշրջանում ուժերի վերադասավորման, երկրների տնտեսական եւ քաղաքական շահերի, ինչպես նաեւ` դրանցում Հայաստանի ունեցած դերակատարման վերաբերյալ Արա Սարգսյանի տեսակետների մասին կարդացեք մեր թերթի հաջորդ համարում: