Բնակիչներն՝ ընդդեմ ՊՆ-ի

18/03/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

1990թ. բնակիչների հետ կնքվել են վարձակալության պայմանագրեր: ԽՍՀՄ փլուզումից հետո բնակիչները դիմել են համապատասխան ատյանների՝ տարիներ ի վեր իրենց տնօրինած տարածքներն օրինականացնելու համար: Դիմել են Աջափնյակի թաղապետարան, որտեղ եւ պարզել են, որ իրենց նշած տարածքը որեւէ տեղ քարտեզագրված չէ: Դիմել են կադաստր, որտեղից եւս չեն կարողացել ճշտել՝ որտեղ է ամրագրված վերոհիշյալ «9 հա» կոչվող տարածքը: Կադաստրից նրանց պատասխանել են՝ սպասել մինչեւ ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ նոր օրենք հաստատվի: Օրենքն ընդունվել է, սակայն ավելի է բարդացել:

Բանն այն է, որ 2002թ., բնակիչների հավաստմամբ` առանց իրենց տեղեկացնելու, քաղաքապետարանի թիվ 1205ա որոշմամբ նշված տարածքը տրամադրվել է Պաշտպանության նախարարությանը՝ համակարգի թվով 12 կարիքավոր զինծառայողների, զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքներին հատկացնելու համար: Բնակիչներն այս մասին իմացել են միայն 2003 թվին: «Մենք դիմել էինք թաղապետարան, որտեղից եւ իմացանք, որ այս տարածքը պատկանում է ՊՆ-ին, եւ անգամ փոխվել է հասցեն՝ նախկին «Լուկաշինի» փոխարեն այն վերանվանվել է «Հարավ-արեւմտյան Բ-3 թաղամաս». սրա մասին եւս ոչ մեկս չենք տեղեկացվել»,- պատմում է նախկին Լուկաշինի 9 հասցեի բնակիչ Անուշ Մուրադյանը: Բնակիչների բարձրացրած աղմուկից հետո միայն քաղաքապետարանը նախաձեռնում է տարածքի քարտեզագրման աշխատանքներ: «Գեոդեզիստների զննումից հետո համոզվելով, որ վրիպում է տեղի ունեցել, քաղաքապետը, Աջափնյակի թաղապետը եւ ՊՆ Կապշինվարչության պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը` համաձայնության գալով, տարածքի տեղափոխություն կազմակերպելու միջնորդություն ուղարկեցին, որից հետո այս տարածքում սեփականության վկայականների բաշխումը դադարեցվեց»,- իրավիճակն այսպես է ներկայացնում Ա. Մուրադյանը: Որպես փոխանակման տարբերակ տարածք է առաջարկվում Գ-1 թաղամասում, որը, պարզվում է, զինվորականների ընտանիքներին չի բավարարում, որովհետեւ քարքարոտ ու ամայի տարածք է: Եվ կրկին ծայր են առնում քաշքշուկներ ու նաեւ բախումներ՝ հին բնակիչների եւ հողի 12 նոր տերերի միջեւ: Հողակտորներից մեկն, ի դեպ, հատկացվել է Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Սամվել Ռամազյանին: «Փաստորեն նրանք չեն ուզում այդ քարքարոտ տարածքները մաքրել ու իրենց տները կառուցել, այլ միանգամից ուզում են տասնյակ տարիներով մեր մաքրած տարածքներին, մեր տներին ու մեր այգիներին տիրանալ»,- բողոքում են նախկին Լուկաշինի բնակիչները, ովքեր պնդում են, որ այս տարիների ընթացքում ոչ միայն նախկին աղբավայրը մշակել եւ պտղատու այգիների են վերածել, այլեւ սեփական միջոցներով ոռոգման ցանց են անցկացրել եւ գազիֆիկացրել: Ավելի քան երեք տարի պայքարող բնակիչների համոզմամբ` քաղաքապետարանն ի զորու չէ այս խնդրին արդարացի լուծում տալ, քանի որ ՊՆ ազդեցությունն ավելի մեծ է: Բնակիչների պայքարը զինվորականների հետ սրվել է այն աստիճան, որ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա կազմակերպած բնակիչներն ահաբեկվում են բարձրաստիճան զինվորականների կողմից: «ՊՆ Կապշինվարչության պետ գնդապետ Արմեն Սարգսյանը քաղաքապետարանի բակում, հանրության աչքի առաջ սպառնացել է իմ կյանքին վերջ տալ, եթե շարունակեմ պաշտպանել իմ` Հայաստանի քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու շահերը»,- ասում է Ա. Մուրադյանը:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն «անկեղծորեն զարմացած է» բնակիչների այս դիրքորոշումից: Ըստ պրն Արեյանի` հիշյալ վիճելի տարածքը ՊՆ-ին հատկացվել է դեռեւս 1995 թվին. «2002թ. արդեն քաղաքապետարանը հաստատել է ՊՆ կողմից ներկայացված 120 կարիքավոր զինծառայողների ցանկը, որոնց պետք է հատկացվեր 400 քմ-ական հողակտոր՝ բնակելի տներ կառուցելու համար, եւ նրանք 2002թ. ի վեր, օրենքով սահմանված կարգով, ստացել են սեփականության իրավունքի վկայականներ»: Ըստ նրա` քաղաքապետարանն այստեղ անելիք չունի. «Սա երկու սուբյեկտների միջեւ վիճահարույց խնդիր է՝ երկու տարբեր քաղաքացիների, որոնցից մեկը սեփականատեր է՝ օրենքով սահմանված կարգով, իսկ մյուսն՝ ինքնակամ տարածք զբաղեցնող»: Ժամանակին բնակիչների կնքած վարձակալության պայմանագրերը եւս որեւէ նշանակություն չունեն. «Նախկին շրջանային գործադիր կոմիտեների, այնուհետեւ թաղապետարանների կողմից քաղաքացու հետ կնքված հողօգտագործման պայմանագրերը չեն ստացել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գրանցում եւ համարվում են առ ոչինչ, դրանք իրավազոր փաստաթղթեր չեն»: Փոխքաղաքապետի համոզմամբ` այդ վեճը դատական կարգով լուծելու խնդիր է, սակայն քաղաքապետարանը, «մարդկային գործոնը» եւ բնակիչների դիմումները հաշվի առնելով, որոշել է հաշտարարի դեր կատարել ՊՆ-ի եւ բնակիչների միջեւ: Պրն Արեյանը հարցի լուծման հստակ ժամկետ առայժմ չի նշում: «Հարցը երկկողմ քննարկման փուլում է,- նշում է նա,- իսկ ինչ վերաբերում է այդ փոխանակման խնդրին, դա կարող է լինել միայն սեփականատերերի համաձայնությամբ»: