«Էդ էր պակաս»

18/03/2006 Անի ՉԻՏԵՄՅԱՆ, Սոնա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Այդին Մորիկյան, լրագրող.– Գրեթե բացառում եմ, իսկ երկու կողմերից հնչող բանավոր եւ գրավոր հայտարարություններն ավելի շուտ ներքին սպառման համար են։ Նախագահներն իրենց ժողովուրդներին ուզում են ցույց տալ, որ իրենք դեռ կան։ Շատ հնարավոր է, որ իրենք նման ցանկություն ունենան եւ նույնիսկ պատրաստ էլ լինեն անելու, բայց դրսից դա իրենց պարզապես թույլ չեն տա։

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ.- Ամենեւին էլ հավանական չեմ համարում։ Այն, ինչ ասվում է Բաքվում եւ Երեւանում, դա հիմնականում խիստ անհաջող բանակցությունների հետեւանք է եւ առհասարակ նման անհաջողություններին միշտ հետեւում են կոշտ հայտարարություններ։ Հրադադարի խափանման առանձին դեպքեր կարող են լինել, իրավիճակը կարող է մի փոքր թեժանալ, բայց պատերազմ չի սկսվի։ Միջազգային հանրությունը դա չի հասկանա, բացի այդ, 2 կողմերն էլ ի վիճակի չեն ինտենսիվ հարձակողական օպերացիաներ անել, քանի որ ռազմական նման գերակշռություն չունեն։

Մեսրոպ Հարությունյան, Երեւանի մամուլի ակումբի փորձագետ.– Անհավանական եմ համարում։ Կարծում եմ` 2 երկրներում էլ այնքան ողջախոհ կլինեն, որ պատերազմ չեն սկսի եւ հարցերը կլուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այն ռազմատենչությունն ու այլատյացությունը, որ կա երկու կողմերում էլ` կամաց-կամաց նահանջեն, չհրահրվեն։

Պողոսյան Մայա, հոգեբան.– Չեմ կարծում, թե որեւէ հայ ցանկանա պատերազմի վերսկսում։ Նախորդ պատերազմի հիշողությունները դեռ վառ են. այն շատ խոր հետք է թողել մեր ժողովրդի վրա։ Լարված իրավիճակ հնարավոր է, բայց մեծ հույսեր ունեմ, որ պատերազմ չի լինի։

37 տարվա փորձ ունեցող, ներկայանալ չցանկացող լրագրող.– Եթե ես լինեի երկրի նախագահ, պատերազմ երբեք չէր սկսվի, բայց այսօրվա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունից ամեն ինչ էլ սպասելի է։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ համաշխարհային հանրությունը պատերազմ թույլ տա, քանի որ մեծ գումարներ են ներդրված հենց նույն ադրբեջանական նավթարդյունաբերության մեջ։

Մեծ փողատերերին պատերազմը շահեկան չէ, եւ նրանք ամեն կերպ կբացառեն դրա հավանականությունը։

Լիպարիտ Սերոբյան, երկրաբան.- Եթե ադրբեջանցիներն ամրանան, ուժեղանան, ապա պատերազմ կսկսվի։ Իսկ մեզ` հայերիս, պատերազմ պետք չէ, առանց այն էլ մեր վիճակը վիճակ չէ։
Մովսիսյան Նիկոլայ, թոշակառու (80 տ.).– Պատերազմ չի լինի, քանի որ ամբողջ աշխարհն այսօր զբաղված է պատերազմները «խեղդելով»։ Իսկ ռազմատենչ հայտարարություններն անտեղյակ մարդկանց ապակողմնորոշելու համար են։

Ռոմիկ, նկարիչ.– Պատերազմն անխուսափելի է, որովհետեւ թուրքը մնում է թուրք։ Նրանք հող են կորցրել եւ կպատերազմեն այդ հողը հետ բերելու համար։ Բացի այդ, նրանց ետեւում սարի պես կանգնած է Թուրքիան, իսկ մեր հետեւում ո՞վ է կանգնած։ Չհավատաք, որ որեւէ պետություն պատերազմի ժամանակ կգա մեզ օգնության։

Գրիգորյան Հասմիկ, թոշակառու – Կարծես պատերազմը վերսկսելու միտումներ կան, եւ ինձ թվում է` պատերազմ չի սկսվի միայն այն դեպքում, երբ հայկական կողմը շոշափելի զիջումների գնա։

Գայանե Հովհաննիսյան, հաշվապահ – Անհնար է։ Իսկ այս երկուստեք ռազմատենչ հայտարարությունները պարզապես քաղաքական խաղեր են։ Ես դրանք կապում եմ գալիք նախագահական ընտրությունների հետ։

Ստեփանյան Մարինե, մանկավարժ – Պատերազմ ոչ մեկին էլ հարկավոր չէ։ Այն ոչ մի լավ բանի բերել չի կարող։ Ես շատ անհանգստացած եմ վերջերս աջ ու ձախ հնչող ռազմատենչ հայտարարություններով։ Կարծում եմ, ցանկացած պաշտոնյա պետք է լավ մտածի, նախքան նման հայտարարություններ անելը։

Ղազարյան Ռուբեն, տնտեսագետ – Էս երկրի մասին ոչ մեկը չի մտածում։ Մենակ պատերազմն էր պակաս։ Ու երկրի ղեկավարներն էլ ոնց որ ռազմատենչ հայտարարություններ անելու մրցության մեջ լինեն։ Էդպես չի կարելի։ Մի քիչ էլ թող երկրի տնտեսության մասին մտածեն։ Մեղք է էս ժողովուրդը։