Ի՞նչ է փնտրում կինը քաղաքականության մեջ

18/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանում բավականին շատ կին գործարարներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ կան, սակայն քաղաքականության մեջ նրանց դերն աննշան է: Եթե տղամարդիկ քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը հիմնականում դեմ են, ապա կանանց վերաբերմունքն այդ խնդրին մշուշոտ է: Կանանցից շատերը վառ ընդգծված ապաքաղաքական դիրքորոշում ունեն եւ գերադասում են այդ ոլորտը տղամարդկանց թողնել: Սակայն երբ պահը հասունանում է, եւ որեւէ կին փորձում է օրենսդիր, գործադիր կամ դատական համակարգում իր տեղը զբաղեցնել, հանդիպում է այսպես կոչված «ապակե վարագույրի». այսինքն` պատնեշը չի երեւում, սակայն այն կա: Կանայք բավականին խորամանկ ու խճճված ճանապարհ պետք է անցնեն` քաղաքականության մեջ իրենց տեղը գտնելու համար: Եվ ամեն դեպքում պետք է տղամարդկանց կողմից ընդունված օրենքներով առաջնորդվեն, համենայնդեպս` իրենց քաղաքական կարիերայի նախնական փուլում: Քաղաքականությունը մի խաղ է, որի մեջ մտնելով պետք է լավ հասկանալ այդ խաղի կանոնները:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում սրվել են «կանացի» տրամադրությունները, քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության ու նրանց ներուժի օգտագործման ուղիների մասին շատ են խոսում: Կանայք Հայաստանի բնակչության թվի մեծամասնությունն են կազմում, եւ հարց է առաջանում` ինչո՞ւ նրանք կառավարության մեջ եւ խորհրդարանում գոնե տղամարդկանց հետ հավասարապես ներկայացված չեն: Քաղաքականությունը պրագմատիկ մարդկանց գործ է: Եվ ստեղծված իրողության համաձայն` պրագմատիկ տղամարդ քաղաքական գործիչները կանանց լուրջ չեն ընդունում: Ուսումնասիրելով կանանց կարծիքը, կարելի է հասկանալ, որ հենց կանանցից շատերն են կին քաղաքական գործիչներին դեմ: Եթե մեր երկրում կանայք ավելի շատ են, ապա ընտրազանգվածն էլ է հիմնականում կանանցից բաղկացած: Եվ եթե կինն իր թեկնածությունն է առաջադրում, ապա շատ հավանական է, որ հենց կանայք դեմ կլինեն նրա թեկնածությանը, քանի որ այսօրվա մեր առաջնորդ կանայք կշիռ ու գրավիչ ծրագրեր գրեթե չունեն:

Կին առաջնորդի ի հայտ գալու համար ավանդույթներ եւ հասարակական կյանքում նրանց դերի բարձրացմանը նպաստող մեխանիզմներ չկան: Հենց այնպես նրանք չեն ծնվի ու չեն զարգանա: Մանավանդ, որ մեր երկրում ավանդաբար կանանց համար ամենակարեւոր օղակն ընտանիքն է եղել: Եվ եթե կինը որոշել է համատեղել ընտանիքն ու սեփական գործունեությունը, ապա նա պետք է հավասարակշռության եզրեր գտնի: Հայաստանում շատացել են կանանց խնդիրներով զբաղվող կենտրոնները, ասոցիացիաները եւ ֆորումները, որոնք հիմնվում են միջազգային փորձի եւ փորձագետների կարծիքի վրա:

ԱՄՆ-ի կարծիքը

Մարտի 16-ին ԱՄՆ դեսպանատան IRC (Information Resource Centre) կենտրոնն առցանց (online) «Կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ» զրույց էր կազմակերպել Վաշինգտոնի հետ: Տարբեր երկրների ներկայացուցիչներն իրենց հարցերն էին ուղղում ԱՄՆ Պետդեպարտամենտի Կանանց Միջազգային հարցերով ավագ համակարգող Շառլոտ Պոնտիչելիին: Նման զրույցներին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում, եւ զրույցին երկու լրագրող էր ներկա` «168 Ժամ» եւ «Նովոյե վրեմյա» թերթերից:

Տիկին Պոնտիչելիին ուղղված հարցերը հիմնականում կանանց իրավունքների ոտնահարմանն էին վերաբերում: Նա համաձայնեց այն պնդման հետ, որ կին քաղաքական գործիչները տղամարդկանց ձեռքին միայն գործիք են եւ պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի ապացուցեն իրենց նպատակների լրջությունը, այլ ոչ թե` «ցուցափեղկում ցուցադրվող դրածո մանեկեն լինեն»: Դա առավել կարեւոր է երրորդ երկրների կանանց առաջընթացի համար:

Երբ կինն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, նա ստիպված է լինում իր ընտանեկան հոգսերը երկրորդ պլան մղել, քանի որ միաժամանակ չի ստացվում զբաղվել եւ քաղաքականությամբ, եւ ընտանիքով: «168 Ժամ»-ի ուղարկած` «Չե՞ք կարծում, որ հասարակության մեջ իր դերը բարձրացնելով, կինը կարող է կորցնել ընտանիքում ունեցած իր դերը» հարցին տիկին Պոնտիչելին պատասխանեց. «Հաճախ շատ դժվար է աշխատող մայր լինելը: Ամերիկայում մենք անընդհատ հանդիպում ենք առաջնորդ, բիզնեսում ներգրավված կանանց, լրագրողների եւ իրավաբանների, եւ գիտենք, որ նրանք էլ են միշտ այդ հարցը բարձրացնում՝ «Ինչպե՞ս համատեղել աշխատանքն ու ընտանիքը»: Այդ հարցի պատասխանը բարդ աշխատանք ու աջակցություն է պահանջում: Մենք առավել եւս մեր տղամարդկանց օգնության կարիքն ունենք: Այստեղ մեր վարած քաղաքականությունն օգնում է կիսել ընտանեկան հոգսերը, քանզի ծնողները ճկուն գրաֆիկով են աշխատում: Եվ դա օգնում է մեզ փորձել պահպանել հավասարակշռությունը»:

Ընտանիքը կնոջ եւ տղամարդու համատեղ ստեղծագործություն է, որը պետք է փոխադարձ հարգանքի վրա հիմնվի: Այն ընտանիքն է դեմոկրատական սկզբունքներով առաջնորդվում, որտեղ կնոջը հարգում են եւ չեն արհամարհում նրա կարծիքը: Եվ կինն ինքնահաստատվելու խնդիր չպետք է ունենա: Տիկին Պոնտիչելին այդ միտքը քարոզելու կարիք է տեսնում:

Մեր հարցին, թե «Արդյո՞ք կանայք պետք է սեփական իրավունքների համար պայքարեն, նույնիսկ եթե չեն համարում, որ իրենց իրավունքները ոտնահարված են», տիկին Պոնտիչելին պատասխանեց. «Այո, անկասկած: Կանանց ձայնի բարձրացման ամենակարեւոր գործիքը նրանց գիտելիքները, հմտությունը եւ սեփական հիմնական իրավունքների մասին տեղեկացված լինելն է: Երբ մենք խոսում էինք կանանց գիտելիքների մասին, աֆրիկյան պատգամավորներից մեկն այսպես մեկնաբանեց՝ «Չափազանց բարդ է սեփական իրավունքների համար պայքարել, երբ չգիտես` որոնք են այդ իրավունքները»: Կանանց համար ազատություն ձեռք բերելու, ձայնը գտնելու եւ սեփական ճանապարհով գնալու համար գիտելիքներ եւ տեղեկատվություն է պետք»: