Երեւանից ոչ հեռու գտնվող Խարբերդ գյուղում այգեգործական ընկերություն կա: Այնտեղ սովետական տարիներին ամառանոցներ են եղել, այժմ այդ տարածքը վերածվել է յուրօրինակ բնակավայրի: Տներն այնտեղ շատ էժան են` 700 դոլարից մինչեւ 6000-7000 դոլար: Դա է պատճառը, որ «այգեգործական ընկերության» այժմյան բնակիչները մեծամասամբ նախկինում դատված կամ սնանկացած մարդիկ են, ովքեր այլ ճար չունենալով` տեղափոխվել են այստեղ: Թեեւ բնակվողներ շատ կան այս տարածքում, այնուամենայնիվ այն մռայլ է ու ամայի, իսկ գազազած շների հսկայական ոհմակն ավելի հազվադեպ է դարձնում օտար մարդկանց մուտքն այս վայր:
Սակայն այս ամենը չի խանգարում, որ ամեն օր «ԼԱԶ» մակնիշի ավտոբուսներով 18 տարեկանից բարձր մոտ 100 երիտասարդ կանայք եւ աղջիկներ (հաճախ` նաեւ երեխաներին գրկած) «այցելեն» տարածքում գտնվող կառույցներից մեկը: Վերջինս կիսակառույց մի շինություն է, որը, մեր տեղեկություններով, պատկանում է Մաստեգրա անունով մի կնոջ, որի ծագումը հայտնի չէ: Չճշտված տվյալներով, կինը նախկինում դատված է եղել, իսկ այդ կառույցի շինարարությամբ, արդեն 10-12 տարի է, զբաղվում է իր եղբոր հետ միասին: Կառույցը մեծ հողատարածք է զբաղեցնում. ժամանակին մոտ 8-10 ամառանոցներ են այդ նպատակով գնվել եւ միացվել: Դատելով այս շինության մեծությունից եւ առանձնահատուկ տեսքից` միանշանակ կարելի է ասել, որ այն բնակելի տուն չէ: Հարեւանների շրջանում լուրեր են պտտվում, որ այն կառուցվում է արտասահմանից ուղարկվող գումարներով եւ ծառայելու է ինչ-որ աղանդավորական շարժման: Հետաքրքիր է նաեւ, թե ինչ են անում այդ տանը երիտասարդ կանայք: Բանվորություն` քարեր են կրում, ամրաններ տեղափոխում: Սակայն ամենատարօրինակն այն է, որ ոչ ոք նրանց այդ ծառայությունների համար չի վարձատրում: Որոշ տվյալներով, նրանք իրենց անվանում են «հոգեւոր քույրեր» եւ այս ամենն անում են «հավատքի համար»: Հատկանշական է նաեւ, որ «բանվորները» բացառապես իգական սեռի ներկայացուցիչներ են: Խարբերդի բնակիչների հավաստմամբ, երբ օտար մարդ է մոտենում շինությանը, աշխատող կանայք «խառնվում են իրար» եւ անմիջապես հեռանում տեսադաշտից:
Մեր չճշտված տեղեկություններով, կառույցը կիսաօրինական է. դեռ տարիներ առաջ եղել են հողի սեփականության իրավունքը հավաստող որոշ փաստաթղթեր, որոնք սակայն թերի են: Մեր այցելության պահին շինության տարածքում ոչ ոքի չհաջողվեց տեսնել, սակայն մի բան պարզ է. կառույցն ամենեւին էլ անտեսված չէ իր սեփականատերերի կողմից, եւ նախատեսված է ինչ-որ արտասովոր գործունեության համար: