Չե՞ն խոչընդոտի

17/03/2006

«Ֆայնենշլ Թայմս» թերթի փոխանցմամբ` Ռուսաստանը եւ Չինաստանը ԱՄՆ-ին նկատել են տվել, որ ՄԱԿ-ում չեն խոչընդոտի Կոսովոյի անկախության բանաձեւի ընդունմանը եւ կնախընտրեն ձեռնպահ մնալ: Թերթը պնդում է, թե իր աղբյուրների համաձայն, նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը Մոսկվային եւ Պեկինին համոզել է, որ այդ երկրամասի անկախության ճանաչումը բացառիկ կլինի եւ նախադեպ չի դառնա Չեչնիայի, Տիբեթի եւ Թայվանի անկախությունը ճանաչելու համար: Ըստ «Ֆայնենշլ Թայմս»-ի, դեռ անցյալ շաբաթ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Կոսովոյի անկախության խնդիրը, եւ Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի առարկի: Վերլուծաբանները նշում են նաեւ, որ, այդուհանդերձ, Մոսկվայում որոշ շրջանակներ կարող են հետագայում արծարծել Կոսովոյի օրինակով Աբխազիայի կամ անջատողական այլ տարածքների անկախությունը ճանաչելու թեման: