Վերջին տարիներին հայերն Աֆրիկայում հետաքրքիր, մշուշոտ ու անհասկանալի արկածներ են ունենում: Հիշեցնենք, որ 2004թ. Հասարակածային Գվինեայում ձերբակալվեցին 6 հայ օդաչուներ, ովքեր մեղադրվում էին այդ երկրի նախագահի դեմ մահափորձի կազմակերպման հետ առնչություն ունենալու մեջ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջամտությունից հետո այդ 6 հայ օդաչուները նախորդ տարի ազատվեցին կալանքից եւ վերադարձան հայրենիք: Եվ ահա այս օրերին Աֆրիկայի մեկ այլ երկրում` Քենիայում կատարվում են քաղաքական ինչ-որ անհասկանալի իրադարձություններ, որոնց հետ առնչվում են ազգությամբ հայ ՀՀ մի քանի քաղաքացիներ: Թե կոնկրետ ի՞նչ են արել կամ պատրաստվել անել այդ հայերը, դժվար է հասկանալ, քանզի տեղեկություններն այդ մասին բավականին քիչ են ու հակասական:
Փաստ է, սակայն, որ Քենիայի մամուլն այս օրերին ակտիվորեն քննարկում է հայերի հետ կապված քաղաքական սկանդալը: Քենիական KTN հեռուստաընկերությամբ Քենիայի խորհրդարանի անդամ, ընդդիմության առաջնորդ Ռայլա Օդինգան մարտի 10-ին հայտարարել է, թե այդ երկրի մայրաքաղաք Նայրոբիում լույս տեսնող «The Standard website» թերթի եւ KTN-ի գրասենյակներում իրականացված ոստիկանական շուրջկալների ժամանակ օգտագործվել են հայ վարձկաններ: Օդինգան ասել է, թե ՀՀ քաղաքացի չորս հայեր, ովքեր այժմ գտնվում են Նայրոբիում, 2005թ. հոկտեմբերին ժամանել են Քենիա, հանդիպումներ են ունեցել ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ըստ նրա` այդ անձինք կապեր ունեն մի շարք հայտնի գործիչների հետ, ովքեր էլ ներկայումս թաքցնում են այդ հայերին: Օդինգան պնդել է, թե չորս հայերը բնակվել են Նայրոբիի Փոշ Ռունդա փողոցում, սակայն այն լքել են այն բանից հետո, երբ իրեն հաջողվել է պարզել նրանց թաքստոցի վայրը:
Ըստ Ռայլայի, Քենիայի ոստիկանությունն առաջիկայում հավելյալ տեղեկություններ կտա այս ամենի վերաբերյալ: Նկատենք, որ քենիական թերթերը գրում են միայն երկու հայերի մասին: Հրապարակվել են նաեւ նրանց նկարներն ու անձնական տվյալները: Ըստ այդմ այդ անձինք` Արթուր Սարգսյանն ու Արթուր Մարգարյանը, եղբայրներ են: «The Standard website» թերթի փոխանցմամբ` Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռեյլա Օդինգան ասել է, թե հայազգի եղբայրները վարձկաններ են եւ Քենիայի իշխանությունների կողմից օգտագործվել են որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար: Սարգսյանը եւ Մարգարյանը հերքում են մեղադրանքները: Նրանք մարտի 13-ին ասուլիս են հրավիրել մայրաքաղաք Նայրոբիի «Jomo Kenyatta» միջազգային օդանավակայանում պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահում եւ հայտարարել, թե իրենք վարձկաններ չեն, սակայն եթե նույնիսկ լինեին, Քենիայի կառավարությունը բավարար փող չէր ունենա նրանց վարձելու համար: Ի դեպ, Ա. Սարգսյանն ու Ա. Մարգարյանը հայտարարել են, թե իրենք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգականներից են: Ավելի ստույգ` Արթուր Սարգսյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի նախագահի զարմիկն է եւ երկրի նախագահության թեկնածու եւ, բացի այդ, Ասիայում եւ Աֆրիկայում զբաղվում է ոսկու ու թանկարժեք քարերի բիզնեսով: Ըստ թերթի, հայերն այդ ասուլիսում հայտարարել են, թե հանդիպել են Օդինգայի եւ Հյուսիսային Մվունգիի ռազմական ոստիկանության ներկայացուցիչ Կալոնոզո Մուսյոկայի հետ եւ նրանց հանձնարարվել է 3 միլիարդ շիլինգով (մոտ 43 միլիոն դոլար) ֆինանսավորել խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու կազմակերպումը: Իսկ ահա գերմանական DPA գործակալության փոխանցմամբ էլ` Արթուր Սարգսյանը նաեւ պնդել է, թե ընդդիմության առաջնորդ Օդինգան իրենից պարտքով մեկուկես միլիոն դոլար է վերցրել, որպեսզի այդ փողով ընդդիմությունը կարողանա պառլամենտում անվստահություն հայտնել Քենիայի նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանը: Ասուլիսում ՀՀ վերոնշյալ երկու քաղաքացիները հայտարարել են, թե իրենք շատ հարուստ են եւ Քենիայում օրինական ձեւով ներդրումային հնարավորություններ են փնտրում: Այս խճճված պատմությունն այսքանով չի ավարտվում: Քենիական «The Standard website» թերթի փոխանցմամբ` Ռայլա Օդինգան նաեւ Լանգադայի Ռազմական ոստիկանության աշխատակից է եւ գլխավորել է «հայերի դիմակազերծման գործողությունը, որը կապված է եղել Քենիայի անվտանգության եւ կայունության հետ»: Ռայլան ժխտել է բոլոր մեղադրանքները եւ այդ զույգին առաջարկել է իրենց պնդումների ապացույցներ ներկայացնել: «Սակայն քանի որ հայտարարությունն արվել է «The Standard website» եւ KTN-ի շենքերի վրա հարձակումից հետո, այս պահի դրությամբ եղած ինֆորմացիան միայն Քրեական հետախուզությունների բաժնի կողմից տրված հերքումն է, ինչին եւ ենթարկվում է նույն Քանգա միավորումը, որն էլ որ իրականացրել է այդ լրատվամիջոցների շենքերի վրա կեսգիշերյան շուրջկալը»,- գրում է «The Standard website»-ը, հավելելով, թե հայերն իրենց ասուլիսում հաստատել են, որ բնակվել են այն բնակարանում, որի մասին նշել է Ռայլա Օդինգան: Թերթի հաղորդած տեղեկություններից պարզ է դառնում, որ Ա. Սարգսյանն ու Ա. Մարգարյանն իրենց ասուլիսին հրավիրել են միայն հատուկ ընտրված լրագրողների, եւ որ նրանցից մեկն արդեն լքել է Քենիան, որ ռազմական ոստիկանության վերոնշյալ երկու ներկայացուցիչներն օտարերկրյա ֆինանսներ են փնտրել` իշխանությունը տապալելու նպատակով: «Հետաքրքիր է, որ հայերն իրենց ասուլիսն անցկացրել են օդանավակայանի VIP սրահում, որն ընդունում է պետական եւ օտարերկրյա բարձր պաշտոնյաներին: Այդ սրահը խստորեն հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից եւ հատուկ անցագրեր են անհրաժեշտ այնտեղ մուտք գործելու համար: Ի՞նչ հիմքերով են այս մարդկանց թույլատրել անցկացնել իրենց ասուլիսն այդ սրահում: Կառավարության ո՞ր պաշտոնյան է նրանց տրամադրել այդ սրահը, եւ որ ամենակարեւորն է՝ ինչո՞ւ է այն մարդուն, որը հայտարարում է, որ երկու ռազմական ոստիկանները ներգրավված են եղել այդ քրեական գործի մեջ` որոնելով օտարերկրյա ֆինանսներ` իշխանությունը տապալելու նպատակով, թույլատրվել լքել երկիրը` առանց որեւէ կերպ տեղեկացնելու ոստիկանությանը,- գրում է «The Standard website»-ը` հավելելով,- Մենք վստահ ենք, որ քենիացիներին հիմարացնում են: Կառավարությունը պետք է վերջնականապես հստակեցնի այս գործը»: Ինչեւէ, այս խճճված ու անհասկանալի պատմությունը շարունակում է մնալ քենիական մամուլի ուշադրության կենտրոնում: