Գողացել են Ալիշանի արձանը

17/03/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Ամիսներ առաջ անհայտ անձինք ոտնձգություն էին կատարել ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի եւ Կարեն Դեմիրճյանի կիսանդրիների նկատմամբ: 2004թ. սեպտեմբերի 1-ին Նուբարաշեն համայնքի Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում տեղադրվեց նրա պղնձե կիսանդրին: Դպրոցը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով եւ սկսել է գործել 1935թ.: Դպրոցի կոլեկտիվի ցանկությունն էր, որպեսզի բակում տեղադրվեր Ղ. Ալիշանի կիսանդրին: Տնօրինությունը դիմել էր դպրոցի կենսաբանության նախկին ուսուցչուհի Քնարիկ Թաթարյանին, որը 1970 թվից բնակվում է ԱՄՆ-ում: Վերջինս էլ նվիրաբերում է 5000 ԱՄՆ դոլար, որով էլ տեղադրվում է կիսանդրին: Օրեր առաջ, մարտի 11-ին, գիշերն անհայտ անձը կամ անձինք գողացել են Ղ. Ալիշանի պղնձե կիսանդրին: Ոստիկանության Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ դպրոցի հարեւանությամբ են գտնվում Նուբարաշենի թաղապետարանի եւ տարածքային Ոստիկանության վարչական շենքերը: