Վերջին շրջանում արտասահմանյան մամուլի հիմնական թեման Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունն է։ Այդ քննադատությունն ավելի սաստկացավ ռուսական գազի թանկացումից հետո։ Հատկապես ամերիկյան մամուլում կարելի է հանդիպել մեծ թվով այնպիսի հոդվածների, որոնց միայն վերնագրից կարելի է գուշակել դրանց բովանդակությունը։ Օրինակ, մարտի 13-ին «Վաշինգտոն Փոստում» տպագրվել է Աննա Պալասիոյի եւ Դանիել Թվայնինգի հոդվածը՝ «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» վերնագրով։ Այն սկսվում է հետեւյալ պարբերությամբ. «Ուկրաինայի եւ Վրաստանի ժողովրդավարական հեղափոխությունները հարվածներ հասցրին Ռուսաստանի նկրտումներին, որը ձգտում է վերականգնել նախկին խորհրդային կայսրությունը»։ Էներգետիկ միջոցները որպես ազդեցության լծակ օգտագործելու մասին կարծիքները միշտ ուշադրության կենտրոնում են, եւ մենք դրանց անդրադարձել ենք։ Այս անգամ հեղինակներն ավելի հեռուն են գնացել. «Սառը պատերազմի ավարտից հետո ռուսական ղեկավարները ստվերային կայսրություն են ստեղծել իրենց հարեւան անկախ երկրների տարածքում»։ Նշվում է, որ այդ քաղաքականությունը ցանկալի չէ, դրա արդյունքում Եվրոպա է մուտք գործում անկայունություն եւ հանցավորություն, եւ բացասաբար են ազդում եվրոպացիների անվտանգության զգացողության վրա։ Խոսքը վերաբերում է Արեւելյան Եվրոպային եւ Հարավային Կովկասին։ «Ռուսների վարած քաղաքականությունն այս տարածաշրջանում զինված հակամարտության սկսման վտանգ է պարունակում, որի մեջ կարող են ներքաշվել ԱՄՆ-ը եւ այլ երկրներ»։ Իսկ մասնավորապես ի՞նչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը, որը կարող է պայթյունավտանգ լինել։ Հոդվածագիրների կարծիքով, ռուսները նպաստում են հակամարտության օջախների առաջացմանը եւ ամեն ինչ անում՝ հակամարտությունների լուծումը հետաձգելու համար։ «Վրացական շրջանների՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, ինչպես նաեւ` Մոլդովայի եւ Մերձդնեստրի զինված հակամարտությունները շատ ընդհանուր բաներ ունեն։ Ռուսական զորքերն այդ տարածքների կողմից մասնակցել են ռազմական գործողություններին հենց այն ժամանակ, երբ նրանք առանձնանում էին։ Ռուս սպաները մարզում են անջատողական շրջանների զինված ուժերը եւ գլխավորում դրանք։ Անջատողականների առաջնորդները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոշ դեպքերում նրանք այստեղ են գործուղվել անմիջապես Մոսկվայից եւ պահպանում են իշխանությունը՝ ռուսական զորքերի եւ հատուկ ծառայությունների աջակցության շնորհիվ»։ Հեղինակների կարծիքով` Ռուսաստանի գլխավոր նպատակն արեւմտամետ կողմնորոշում ունեցող կառավարությունների թուլացումն է, օրինակ՝ անջատողականներին ռուսական քաղաքացիություն եւ ընտրական իրավունք շնորհելու միջոցով։ Ռուսներին նաեւ ներկայացվում է ուղղակի մեղադրանք. «Անջատողականների քաղաքական ղեկավարները ֆինանսավորվում են ռուսական քրեական էլիտայի կողմից, որոնք մեծ եկամուտներ են ստանում հակամարտության գոտում իրականացվող մաքսանենգությունից, թմրանյութերի, զենքի եւ կանանց վաճառքից»։ Առանձին ուշադրության է արժանացել նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ հատվածն առանց կրճատումների ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ «Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ազդեցությունն ուժեղանում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստվերում։ Ադրբեջանի եւ Հայաստանի բանակները, որոնք 1990-ականներին արյունալի պատերազմ էին մղում այս վիճելի անկլավի համար, այժմ չեզոք գոտու երկու կողմերում փորված խրամատներից կրակում են միմյանց վրա։ Սա ավելի շուտ հիշեցնում է Ֆլանդրիան՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, քան ժամանակակից եվրոպական հարեւանների։ Դժվարությամբ սառեցված հակամարտությունը սպառնում է դաժան պատերազմով, որը կամայացնի այս տարածաշրջանը»։ Հոդվածի հեղինակները, այդուհանդերձ, ելք տեսնում են այս իրավիճակից։ «Մյուս կողմից, հենց Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական լուծումը լիովին իրատեսական է։ Արեւմտյան կառավարությունները կարող են հավանություն տալ այնպիսի մի համաձայնագրի, ըստ որի` Հայաստանն Ադրբեջանին կվերադարձնի գրավյալ տարածքները, եւ ադրբեջանցի փախստականներն այդտեղ վերադառնալու հնարավորություն կստանան։ Լեռնային Ղարաբաղը կարող է պահպանել ինքնավարությունը, մինչեւ մոտ ապագայում կանցկացվի այս տարածաշրջանի կարգավիճակին վերաբերող հանրաքվե։ Հակամարտության լուծման հարցում Ադրբեջանի կողմից ցուցաբերվող համագործակցության դիմաց Արեւմուտքը պետք է մոտեցման քայլեր ձեռնարկի բարեփոխումների ուղիով ընթացող այս երկրի նկատմամբ եւ վերացնի 1991-94թթ. պատերազմից հետո նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»։ Այս մի քանի նախադասություններն արդեն մտահոգվելու տեղիք են տալիս։ Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ զիջումների է գնալու միայն Ադրբեջանը, ընդ որում, այդ զիջումներից մեկն էլ պատերազմական գործողություններ չսկսելու «բարեհոգությունն» է՝ պարտված երկրի կողմից։ Հարցեր են առաջացնում նաեւ «բարեփոխումներ» եւ «պատժամիջոցներ» բառերը։ Նման «բարեփոխումներ» այս տարիների ընթացքում եղել են նաեւ Հայաստանում, իսկ ինչ վերաբերում է «պատժամիջոցներին», ապա միակ պատժամիջոցն այն է, որ ԱՄՆ-ը ուղղակի կերպով Ադրբեջանին օգնություն չի տրամադրում։ Թեեւ դա ավելի շատ ձեւական բնույթ է կրում, քանի որ անուղղակի եղանակներով Ադրբեջանը մեծ քանակի օգնություն է ստանում։ Իսկ ամենակարեւոր առաջարկությունը հետեւյալն է. «Արեւմուտքը պետք է պահանջի, որպեսզի Հայաստանում տեղակայված ռուսական բազաները, որոնք սպառնում են Ադրբեջանին, փակվեն։ Անհրաժեշտ է առաջարկել յուրահատուկ «Մարշալի պլան» ողջ Հարավային Կովկասի համար, եւ այս տարածաշրջանի երկրներին դնել դեպի միացյալ Եվրոպա տանող ուղու վրա»։ Թերեւս, ամբողջ իմաստը բացահայտվում է հենց այս նախադասությամբ։ Ռուսական զորքերի դուրսբերման կարեւորությունը շեշտվում է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության, այլեւ մյուս թեժ կետերի համար։ Նույն առաջարկություններն են հնչում նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի համար՝ դուրս բերել ռուսական զորքերը եւ դրանք փոխարինել միջազգային խաղաղապահ ուժերով։ Հոդվածը եզրափակվում է հետեւյալ կերպ. «Վերը հիշատակված բոլոր սառեցված հակամարտությունների լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։ Արեւմտյան ժողովրդավարական երկրները, իհարկե, բավականաչափ հզորություններ ունեն` Ռուսաստանին ստիպելու, որպեսզի նա փոխի իր քաղաքականության բնույթը։ Նախագահ Պուտինը պետք է հասկանա. Արեւմուտքի հետ համագործակցությունը, այդ թվում` «մեծ ութնյակին» անդամակցությունն, իր երկրին ոչ մի օգուտ չի տա, եթե նրա վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը հիշեցնի ոչ թե ժամանակակից եվրոպական գործչի, այլ ցարի քաղաքականություն»։ Այս հոդվածը, ինչպես նաեւ մյուս նմանատիպ նյութերը, շատերի կարծիքով` ունեն միայն մեկ նպատակ՝ թուլացնել ռուսական ազդեցությունը՝ փոխարինելով այն սեփականով։ Ընդ որում, նման կարծիքի են նաեւ որոշ ամերիկյան գործիչներ։ Օրինակ, վերջերս ԱՄՆ Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի մասնագետների խումբը պատրաստել է մի զեկույց՝ «Ռուսաստանի սխալ ուղին. Ի՞նչ կարող է եւ պետք է անի ԱՄՆ-ը» խոսուն վերնագրով։ Ռուսաստանն արժանացել է խիստ քննադատության բոլոր ասպարեզներում, ինչը հարուցել է շատերի վրդովմունքը։ Ռուսական «Իզվեստիան» իր երեկվա համարում մեջբերել է ամերիկացի քաղաքագետ Սթիվեն Քոենի խոսքերը։ Վերջինս գտնում է, որ ԱՄՆ-ը վերադառնում է սառը պատերազմի ժամանակներին. «Ճիշտ նույն կերպ քննադատում էին ԽՍՀՄ-ին։ Խորհրդային Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն այժմ նույնությամբ փոխանցվել են հետխորհրդային Ռուսաստանին»։ Քաղաքագետի կարծիքով, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ «Մարտի երկրորդ կեսին ընտրություններ են տեղի ունենալու Բելառուսում եւ Ուկրաինայում։ Հավատացնում եմ ձեզ, Ամերիկայում այնպիսի աղմուկ է բարձրանալու, ինչպիսին դեռ չի եղել։ Չգիտեմ` կոնկրետ ե՞րբ, սակայն դա անպայման կլինի։ Ամենավատն այն է, որ մարտի վերջին մենք կարող ենք հայտնվել արդեն բացահայտ եւ լիարժեք սառը պատերազմի իրավիճակում»,- ասել է Քոենը։