Շատ քիչ բան կա, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում «պետական մակարդակով»։ Կապ չունի` խոսքը դրակա՞ն զարգացումների մասին է, թե՞ բացասական։ Պետության դերակատարումը գրեթե բոլոր ոլորտներում զրոյի է հասցված։ Ընդ որում, դրականի եւ բացասականի գնահատման չափանիշները նույնպես խեղաթյուրված են։
Օրինակ, դրակա՞ն է, որ Երեւանի կենտրոնը «վերածվել է հսկայական շինհրապարակի»։ Մեծ հաշվով, իհարկե, դրական է` բոլոր քաղաքներն էլ ժամանակի ընթացքում պիտի զարգանան։ Բայց… Մի՛ անհանգստացեք, «քաղաքի ճարտարապետական դիմանկարի աղճատման» մասին չենք խոսելու։ Դա առանձին թեմա է։ Ուրիշ հարց ենք ուզում բարձրացնել. իսկ պետական ի՞նչ խնդիր է լուծվում «էլիտար շենքերի» շինարարությամբ։ Ուշադրություն դարձրեք` Հայաստանի բնակչության թիվը չի աճում։ Իհարկե, Հայաստանում կան տասնյակ հազարավոր անօթեւաններ, բայց էլիտար շենքերի կառուցմամբ նրանց թիվը չի պակասում։ Հետեւաբար` այդ շենքերի կառուցման արդյունքում ընդամենը մի քանի հազար ընտանիքներ կբարելավեն իրենց բնակարանային պայմանները։ Իսկ սա ընդհանրապես պետության գործը չէ։ Այնպես որ` հասկանալի չէ, թե ինչու են հողահատկացումները կատարվում «պետության կարիքների համար»։ Ո՞ր կարիքների մասին է խոսքը։
Այսինքն` հայտնի էլ չէ, թե քաղաքի կենտրոնի այդ նորակառույցներում երբեւէ մարդիկ կապրե՞ն, թե՞ ոչ։ Ախր, հե՛չ ապրելու տեղ չի։ Որպես «օֆիսային տարածքներ» նույնպես հազիվ թե իրացվեն, որովհետեւ սովորաբար օֆիսներ ունենում են տնտեսվարող սուբյեկտները, իսկ դրանց թիվը Հայաստանում գնալով նվազում է։ Եվ ընդհանրապես, եթե ուշադրություն դարձրել եք, Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում «էլիտար շենք» հասկացություն գոյություն չունի, այնտեղ կան «էլիտար կոմպլեքսներ», որովհետեւ էլիտար շենքն այն է, որի մերձակայքում ուրիշ շենքեր չկան, բակում այգիներ կան, թենիսի կորտեր, լողավազան եւ այլն։ Ի՞նչ էլիտար շենքի մասին է խոսքը, եթե երեխան չի կարող իջնել բակ։ Բայց սա, կրկնում ենք, այդ շենքերը կառուցող գործարարների պրոբլեմն է։ Մեր պրոբլեմն այն է, որ պետությունն այս հարցով չի զբաղվում։ Այսինքն` անօթեւան քաղաքացիների համար բնակարաններ չի կառուցում։ Արդյունքում` ստացվում է, որ Երեւանը «վերածվել է հսկայական շինհրապարակի», բայց դա ոչ պետությանն է օգուտ, ոչ ժողովրդին։
Անդրադառնանք մեկ այլ հարցի։ Հայաստանի ողջ տարածքում «միասնության ծառատունկ» է իրականացվում։ Մեծ հաշվով` շատ դրական երեւույթ է. ծառերի թիվն ավելանալու է։ Բայց ինչո՞ւ է դրանով զբաղվում ոչ թե պետությունը, այլ գլխավոր դատախազը։ Ճիշտ է, որովհետեւ երկիրն աղքատ է, բյուջեից Բնապահպանության նախարարությանն այդքան գումարներ չեն տրամադրվել։ Գլխավոր դատախազությունը պիտի պայքարեր ստվերային տնտեսության դեմ, որպեսզի բյուջեն մեծանար, Բնապահպանության նախարարությունը գումարներ ունենար, ծրագիր մշակեր, ծառատունկ իրականացներ… Բայց սա երկար ճանապարհ է։ «Հայկական մենթալիտետը» ենթադրում է ավելի կարճ ճանապարհ. այն է` գլխավոր դատախազը կազմակերպում է «միասնության ծառատունկ»։ Ընդ որում, զուտ վերջնական արդյունքի (այսինքն` տնկված ծառերի քանակի) առումով այս ճանապարհը կարող է շատ ավելի արդյունավետ լինել։ Բայց ամեն դեպքում` վտանգավոր է, որ պետական կարեւորության հարցերը լուծում է ոչ թե պետությունը, այլ առանձին պետական այրեր։ Բա որ հանկարծ հաջորդ գլխավոր դատախազը պակաս բնապաշտ լինի եւ որոշի «միասնության ծառահատում» կազմակերպե՞լ։ Վստահ եղեք` նույն «ակտիվիստները» նույն խանդավառությամբ կնվիրվեն այդ հայրենանվեր գործին։ Այլ կերպ ասած, վերջնական արդյունքն, իհարկե, կարեւոր է, բայց միշտ չէ, որ նպատակն արդարացնում է միջոցները։
Եզրակացությունը միակն է. Հայաստանում կայացած պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Պետական կառույցները զուտ ձեւական բնույթ են կրում։ Բայց քանի որ պետությունն այնուամենայնիվ որոշակի ֆունկցիաներ ունի, առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ կամ մեծահարուստներ, իրենց նախաձեռնությամբ կամ նախագահի հանձնարարությամբ, ամեն մեկը վերցնում է մի ոլորտ ու սկսում «հանուն հայ ժողովրդի» ինչ-որ բան անել։ Բայց քանի որ իրականացնողը պետությունը չէ, պետական շահն անտեսվում է։ Օրինակ, որոշում են զարգացնել սպորտը։ Լավ են անում։ Սպորտը պետական կարեւորության խնդիր է։ Բայց պետության նպատակը ոչ թե շատ չեմպիոններ ունենալն է, այլ այն, որ հնարավորինս շատ մարդիկ զբաղվեն սպորտով։ Այսինքն, այս հարցում «պետական մոտեցում» ասվածը ենթադրում է տասնյակ մարզադպրոցներ բացել, մարզադաշտեր կառուցել, եւ այլն, իսկ թե երկիրը քանի՞ չեմպիոն կունենա` բացարձակապես նշանակություն չունի։ Իհարկե, մեծ հաշվով դրական է, որ մարդիկ պատրաստ են իրենց գրպանից հսկայական գումարներ տալ, որպեսզի Հայաստանի դրոշը ծածանվի միջազգային հարթակներում, բայց ամբողջ աշխարհում սպորտի զարգացման բուն նպատակը միանգամայն այլ է։
Ոլորտների ցանկը կարելի է շարունակել, բայց եզրակացությունը կլինի նույնը։ «Պետական շահ» ասվածն այսօր Հայաստանում որեւէ մեկին առանձնապես չի հետաքրքրում։