Դուբայի «DP World» ընկերությունը մտադիր էր գնել բրիտանական «Peninsular and Oriental Steam Navigation» կազմակերպությունը, որը հսկում է ԱՄՆ-ի 6 խոշոր նավահանգիստները: Սկզբում Սպիտակ տունը համաձայնություն է տվել այս գործարքին, սակայն հետո ԱՄՆ-ի Սենատի եւ Պալատի անդամները պնդել են, որ արաբական ընկերության ներկայությունը կվտանգի երկրի ազգային անվտանգությունը: Վերջին հանգամանքը զայրացրել է մի շարք արաբական երկրների կենտրոնական բանկերին, որոնք քննարկում են իրենց պահուստները դոլարից եվրոյի վերածելու հարցը: Որոշ կենտրոնական բանկեր արդեն քայլեր կատարել են այս ուղղությամբ: Եթե արաբական երկրների հսկայական պահուստները հրաժարվեն դոլարից, ապա դա ոչ միայն հարցականի տակ կդնի աշխարհում դոլարի հեգեմոնիան, այլեւ ծանր հարված կհասցնի ԱՄՆ-ի տնտեսությանը: