Բանակում չե՞ն ծառայել

17/03/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

33-ամյա Արմեն Գեւորգյանը աշխատակազմի ղեկավար է նշանակվել անցյալ ամսվա վերջին, այն բանից հետո, երբ անակնկալ հրաժարական տվեց Արտաշես Թումանյանը` ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու անվան տակ: Գեւորգյանը եղել է Քոչարյանի օգնականը 1997 թվականից, երբ վերջինս նշանակվել է Հայաստանի վարչապետ: Հայաստանի զինապարտության մասին օրենքով` զինվորական ծառայություն չանցած զինապարտները չեն կարող նշանակվել պետական պաշտոնի: Գեւորգյանը չի ծառայել բանակում, հետեւաբար նրա նշանակումը ապօրինի է` պնդում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի (նախկին պատգամավորների հասարակական կազմակերպություն) նախագահ Ռուբեն Թորոսյանը: Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը եւս չի ծառայել. «Ես մեղք չունեմ, որ չեմ ծառայել. սովորել եմ ասպիրանտուրայում եւ պաշտպանել եմ թեկնածուական թեզս»,- ասում է նա:

Օրենքով ասպիրանտուրայում սովորողները տարկետում են ստանում, իսկ թեզը պաշտպանելու դեպքում ազատվում են զինվորական ծառայությունից: Սողոմոնյանն ընդունում է, որ զինապարտության մասին օրենքը քննարկման կարիք ունի: Սակայն Գեւորգյանը միակ պաշտոնյան չէ, որ չի ծառայել բանակում: Թորոսյանը պարզել է, որ բանակում չեն ծառայել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ տասը նախարարներ, ի թիվս որոնց` արտգործնախարար Վարդան Օսկանյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ գյուղնախարար Դավիթ Լոքյանը:

Թեեւ այս պաշտոնյաներից ոմանք տարիքի բերումով չէին կարող ծառայած լինել Հայաստանի բանակում, սակայն անկախ Հայաստանի բանակը խորհրդային բանակի իրավահաջորդն է: Խորհրդային բանակի պահեստայիններն ու զինապարտները ինքնաբերաբար դարձել են անկախ Հայաստանի բանակի պահեստայիններ ու զինապարտներ: Ծառայությունը խորհրդային բանակում համարվում է Հայաստանի օրենսդրության պահանջները բավարարող ծառայություն: Ըստ հաշվարկների` պետական պաշտոնյաների մոտ 60 տոկոսը բանակում չի ծառայել: Վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը (www.gov.am)` Թորոսյանը երկու անգամ հայտարարել է, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնպես չի ծառայել բանակում:

1989-1993 թթ. Սերժ Սարգսյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարը: Սակայն նրա մասնակցությունը պատերազմին ձեւականորեն չի համարվում զինվորական ծառայություն, եւ Սարգսյանն ինքը չի պնդում, որ դա զինվորական ծառայություն է: Վերջերս նրա կենսագրությանն ավելացվել է հետեւյալ նախադասությունը. «1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում»:

Սակայն դա չի համոզել Թորոսյանին. «Ծառայությունն այնպիսի բան չէր, որ կենսագրության մեջ վրիպեր: Երկու տարի առաջ ես հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը չի ծառայել բանակում: Նա ինձ զանգեց ու հրավիրեց զրույցի: Ասաց, թե երեք տարի ծառայել է բանակում (հիմա դարձել է երկու): Ասաց, որ ես լրիվ ճիշտ եմ, եւ ինքը նախագահին կասի, որ անհրաժեշտ է օրենքում փոփոխություն մտցնել, սակայն ոչինչ չարվեց: Ես ամեն անգամ Սարգսյանի կենսագրության մեջ հակասություն եմ գտնում, որից հետո այն ուղղում են: Էնքան եմ արել, որ Սարգսյանի կենսագրությունն իդեալական եմ դարձրել»:

Թորոսյանը մի քանի անգամ դիմել է դատարան, որպեսզի ՀՀ նախագահի նշանակումների որոշ հրամանագրեր համարվեն անօրինական: Դատարանները վճիռ են կայացրել, որ ՀՀ նախագահի հրամանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելը Սահմանադրական դատարանի իրավասությունն է: «Սակայն տարօրինակն այն է, որ ես նախագահի հրամանագրերի` Սահմանադրության համապատասխանությունը չեմ վիճարկում, այլ այն, որ հրամանագրով խախտվել է որոշակի օրենք»,- ասում է Թորոսյանը:

Թորոսյանի նախաձեռնությունը ողջունել է եւ պնդումներն իր նամակում հիմնավոր է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը:

Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո Թորոսյանը երկու տարի ծառայել է խորհրդային բանակում, եղել է անկախ Հայաստանի առաջին Ազգային ժողովի (այն ժամանակ` Գերագույն խորհուրդ) պատգամավոր: Խորհրդային օրենքով մինչեւ 1982 թվականը մի շարք բուհերում, որոնց մեջ էր նաեւ պոլիտեխնիկը, ռազմական ամբիոններում ուսանած ուսանողները ստանում էին լեյտենանտի կոչում, եւ նրանց համար զինծառայությունը պարտադիր չէր: Հետեւաբար բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ավարտել են այդպիսի բուհեր, չեն ծառայել բանակում, սակայն դարձել են պահեստայիններ:

1982 թվականից հետո զինակոչիկները պարտավոր էին 18 տարեկանը լրանալուց հետո ծառայել բանակում, անկախ այն բանից, թե որտեղ էին սովորում: Ուսումը շարունակում էին երկամյա զինվորական ծառայությունից հետո: Նախարարների մի մասը` արձագանքելով Թորոսյանի հայտարարություններին, որպես բանակում ծառայություն են ներկայացրել ռազմական ամբիոնի դասընթացները: Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նա չի անցել նաեւ այդ դասընթացները: Իսկ Օսկանյանի մամուլի քարտուղարը նախարարի չծառայելը բացատրել է նրանով, որ Օսկանյանը Հայաստանի քաղաքացի է դարձել 1998-ին, երբ արդեն զորակոչային տարիքի չէր:

Զինապարտության մասին օրենքն ընդունվել է 1998 թվականին: Այնտեղ ասվում է, որ պետական պաշտոնյաների ցանկը, որոնց վերաբերում է օրենքը, հաստատում է կառավարությունը, սակայն այդպիսի ցանկ այդպես էլ չի հաստատվել:

Թորոսյանը 2002 թվականին այդ առնչությամբ բացատրություն է ստացել կառավարությունից. «Վերոհիշյալ ցանկը չի հաստատվել ՀՀ կառավարության կողմից օրենքի այդ հոդվածի եւ մի շարք այլ հոդվածների միջեւ եղած հակասությունների պատճառով»:

www.armenianow.com