Ինչպիսի՜ սոցիալական երկիր

17/03/2006 Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ

Ծաղկաձորում փետրվարի 25-ին եւ 26-ին անցկացվեց գիտաժողով նվիրված «Սոցիալական պետություն» թեմային: Գիտաժողովը կազմակերպել էին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը եւ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հայաստանյան գրասենյակը (ԳԱՓԾ):

Կոնֆերանսին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարը, Կենտրոնական բանկի խորհրդի ներկայացուցիչը, հայ եւ արտասահմանցի փորձագետներ, ինչպես նաեւ` Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (ԳԱՓԾ) բազմաթիվ շրջանավարտներ` տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի եւ այլ բնագավառներից: 10-20 րոպեների ընթացքում բանախոսները փորձում էին ներկայացնել սոցիալական պետություն ստեղծելու ճանապարհին առկա խոչընդոտներն ու հեռանկարները:

«Հայաստանը տնտեսապես զարգացած, կենսունակ բնակչությամբ հանրապետություն է: Երկրում հաղթել է սոցիալական արդարությունը. 10 % հարուստների եւ 10 % աղքատների միջեւ ունեցվածքի հարաբերությունը հասել է 1/7 – ի հարաբերության»,- ասաց բանախոս Աշոտ Եսայանը: «Քանիսի՞»,- դահլիճից հնչեց զարմանք արտահայտող մի ձայն: «1/7-ի»,- կրկնեց Աշոտ Եսայանը եւ ծիծաղեց ներկաների հետ միասին: Աշոտ Եսայանը 1990-1995թթ. զբաղեցրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, այժմ նա փորձագետ է UNDP հայաստանյան գրասենյակում: Նա նաեւ աղքատության չափանիշների որոշման` «Փարոս» համակարգի հիմնադիրն է:

«Պատկերացրեք, յուրաքանչյուր ոք ունի զարգանալու եւ իր տաղանդի դրսեւորման բացարձակ հնարավորություններ: Քաղաքացիական հասարակությունը կայացած է: Առկա է հաստատուն համագործակցություն հասարակության բոլոր թեւերի միջեւ: Հայաստանը եւ սփյուռքը համախմբված են: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ առկա են բոլոր նախապայմանները ազգաբնակչության շարունակական զարգացման համար: Գործատուները հավասար չափով կիսում են սոցիալական պատասխանատվությունը պետության հետ, որի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք ապրում է արժանապատիվ կյանքով»: Աշոտ Եսայանը հայացքը բարձրացրեց իր ձեռքում պահված թերթից, ապա կրկին մխրճվեց ընթերցանության մեջ: Այս անգամ նա բառերն արտաբերում էր արագ եւ տեքստից զգալի հատվածներ բաց թողնելով: Հավանաբար նկատել էր ունկնդիրների թերահավատությունը:

«Գործազրկության մակարդակը շատ ցածր է: Անվճար բուժման եւ ապահովագրական համակարգերը զարգացած են: Ծնելիության մակարդակը բարձր է, կյանքի միջին տեւողությունը դարձել է 78-ը: Կրթությունը եւ գիտությունը հասարակության ուշադրության կենտրոնում են: Սոցիալական եւ կիրառական գիտությունների մակարդակը բարձր է: Իշխանությունները կայացնում են միայն գիտելիքների վրա հիմնված որոշումներ»: «Էս ո՞ր երկրի մասին է, է՞»,- իր գործընկերոջ ականջին շշնջաց տնտեսագետ-մաթեմատիկոս Արմեն Քթոյանը, որի զեկույցի թեման «Պետության սոցիալական զարգացման մակարդակի գնահատումն» է: «Հայաստանի»,- պատասխանեց գործընկերը: Երկուսով լռեցին:

Ա. Եսայանը շարունակեց. «Իսկ ամենակարեւորը` իշխանությունները վայելում են խոր հարգանք բնակչության մեծամասնության մոտ: Մարդիկ ապրում են արժանավայել: Պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ մարդու իրավունքները»:

Սա երազանք է. նաեւ սոցիալական պետության գաղափարը: «Սկզբից ծնվում է գաղափարը եւ, եթե մարդը ձգտում ունի, ապա նա կմոբիլիզացնի իր բոլոր ուժերը եւ կգնա դեպի դա,- ասում է պրն Եսայանը: -Սակայն հենց այդ երազանքն է, որ պակասում է մեզանում»: Նա հավատում է, որ Հայաստանը կարող է դառնալ սոցիալական պետություն դեռեւս 2015թ.. «Դրա համար անհրաժեշտ է ունենալ սոցիալական պետության ուսմունք, որի վրա կկառուցվեն սոցիալական պետության մյուս տարրերը»:

Իսկ ինչպիսի՞ պետություն ունենք մենք այսօր: Գործող կենսաթոշակային համակարգը թերի է. կենսաթոշակառուների կենսաթոշակը չի ապահովում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կողմից սահմանված 12 հազ. դրամ կենսամինիմումը: Այսօր բազային կենսաթոշակը կազմում է մոտավորապես 5 հազար դրամ: Մինչդեռ, ըստ Սոցիալական ապահովության եվրոպական սոցիալական խարտիայի, կենսաթոշակը պետք է լինի ոչ պակաս, քան միջին աշխատավարձի 50%-ը: Այսօր Հայաստանը, ԱՊՀ երկրների մեջ, միջին կենսաթոշակի մակարդակով գտնվում է վերջից երկրորդ տեղում:

Կենսաթոշակային համակարգի արդյունավետ գործունեության համար էական նշանակություն ունի մարդկանց` հատկացումներ կատարելու շահագրգռվածությունը հետագայում կենսաթոշակ ստանալու համար: Իսկ գործող համակարգի պայմաններում աշխատողները շահագրգռված չեն ժամանակին եւ լրիվ ծավալով հատկացումներ կատարել: Դրան ավելանում է նաեւ այն, որ Հայաստանում առկա է գործազրկության բարձր մակարդակ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է արտագաղթի:

Զբաղվածության գործակալության հանրապետական ծառայության պետ Սոնա Հարությունյանի տվյալներով, տարեկան աշխատանքային տարիքի բնակչության 25%-ն աշխատանքային միգրացիայում է: Ընդ որում, գործազուրկների ընդհանուր թվի 26%-ն ունի միջին մասնագիտական կրթություն, 14%-ը` բարձրագույն: Այսինքն` կա խնդիր, որը վերաբերում է կրթական համակարգի համապատասխանությանն աշխատաշուկայի պահանջներին: «Պրոբլեմները էլ ավելի սուր են դառնում, երբ մենք գործազրկությունը վերլուծում ենք ըստ տեւողության: Մեկ տարուց ավելի գործազուրկների թիվը Հայաստանում կազմում է 80%: Դրա հետեւանքն այն է, որ մարդիկ կորցնում են հմտությունները եւ դադարում են մրցունակ լինել աշխատաշուկայում: Առաջանում է վերապատրաստման անհրաժեշտություն, որը նույնպես կապված է ֆինանսների հետ»,- բացատրում է Ս. Հարությունյանը:

Երիտասարդ սերնդի արտագաղթն ուղղակիորեն ազդում է ագզաբնակչության թվաքանակի վրա, իսկ վատթար կենսական պայմանները` առողջության եւ ծնելիության մակարդակի: Համեմատելու համար նշենք, որ ազգաբնակչության թվաքանակը 1956- 1985թթ. աճել է մեկ միլիոնով, 1985-2005թթ.` ընդհանրապես չի աճել:

ՄԱԿ-ի դասակարգմամբ, եթե երկրի ամբողջ բնակչության մեջ 65 եւ բարձր տարիք ունեցող մարդկանց տեսակարար կշիռը կազմում է 7% -ից ավելի, ապա տվյալ ազգը համարվում է ծերացող ազգ: Այդ տեսանկյունից հայ ժողովուրդը համարվում է ծերացող, նույնիսկ աշխարհի արագ ծերացող ժողովուրդներից մեկը: Հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակում 65 եւ բարձր տարիքի մարդկանց տեսակարար կշիռը 2004թ. կազմել է մոտ 13%, իսկ Համաշխարհային բանկի գնահատումներով` 2020թ. այն կհասնի 19,6%-ի: Ժողովրդագրական անբարենպաստ միտումների ազդեցության հետեւանքով սոցիալական ապահովության պետական համակարգը, որը ֆինանսավորվում է ընթացիկ ծախսերից, հայտնվել է ֆինանսական ճգնաժամում, իսկ առանձին դեպքերում` դարձել անվճարունակ: Առողջապահության ոլորտից բերենք միայն մեկ օրինակ` դեղորայքի գինը: Արդյոք պետությունն ի վիճակի չէ՞ հանել դեղերի շրջանառության վրա կիրառվող 20% ավելացված արժեքի հարկը, բնակչությանը դեղերը մատչելի դարձնելու նպատակով: «Այո, այս խնդիրները կուտակվել են տարիների ընթացքում,- ցավով նշում է Սոնա Հարությունյանը:- Մարդիկ մեկնում են աշխատանք չունենալու պատճառով: Սա ուղղակիորեն կապված է տնտեսության զարգացման հետ»: Իսկ արդյո՞ք տնտեսությունը կարող է բավարար չափով զարգանալ առկա տարածաշրջանային պայմաններում: Բացի նրանից, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական շրջափակման մեջ, «կա եւս մի գործոն, որը միգուցե եւ համար մեկ խոչընդոտն է «սոցիալական» պետության մասին ներկայումս լուրջ խոսելու համար. դա տարածաշրջանային անկայունությունն է: Ոչ մի երկիր տարածաշրջանային անկայունության պայմաններում չի կարող իրեն թույլ տալ կենտրոնանալ սոցիալական խնդիրների վրա, եւ ոչ մի բյուջե նման ճնշմանը չի դիմանա»,- ասում է ԵՊՀ Տնտեսական հետազոտությունների եւ գործարարության կենտրոնի տնօրեն տնտ.գ.թ., դոցենտ Արմինե Շահոյանը:

«Սոցիալական» պետության ամենափայլուն օրինակներն են Գերմանիան եւ Շվեդիան, սակայն պետք չէ մոռանալ, որ հետպատերազմյան Գերմանիան դաշնակիցների որոշումով զրկվել էր ռազմական ծախսեր անելու իրավունքից, իսկ Շվեդիան, 150 տարի է, ինչ պահպանում է չեզոք դիրք պատերազմներում եւ չի մասնակցել արյունալից 2-րդ համաշխարհայինին:

Համաձայն վիճակագրական տվյալների` ՀՀ պետական բյուջեում սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության ծախսերը 2000-2004թթ. տատանվել են 9,0-10,6%-ի սահմաններում: Հարուստ եւ 150 տարի խաղաղություն վայելող Շվեդիայում այդ ծախսերը կազմում են միջինում 35-40%:

Խոչընդոտող գործոնների շարքը կարելի է շարունակել, ինչպես նաեւ կարելի է շատ ավելի մանրամասն հետազոտել «սոցիալական» պետության բնութագրերը եւ կոնկրետ երկրների փորձը: Սակայն արդեն իսկ արծարծված փաստարկները բավական են, որպեսզի հնարավորությունների ընդհանուր պատկերը լինի պարզ:

Նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ մենք պետք է հրաժարվենք «սոցիալական» պետության գաղափարից, որը պատմականորեն մեզ ավելի մոտ է:

«Իհարկե ոչ,- պատասխանում է Ա. Շահոյանը: -Պարզապես այս հարցին պետք է մոտենալ իրատեսորեն, երբեք չդնելով, ինչպես ռուսներն են ասում, սայլը ձիուց առաջ»։