Բողոք «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»

15/03/2006

Ադրբեջանի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը բողոքի նամակ է հղել «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչներին, քանի որ մրցույթի ինտերնետային էջում հայ երգիչ Անդրեի կենսագրությունում որպես ծննդավայր նշված է Լեռնային Ղարաբաղը: Նախարարությունն այդ փաստը գնահատել է որպես «անարգանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ սադրանք», որը կարող է դիտվել նաեւ որպես «մրցույթի կազմակերպիչների կողմից Հայաստանի ագրեսիվ քաղաքականության աջակցություն»: Նամակում նաեւ ասված է, որ այժմ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցնող խաղաղ բանակցություններին, եւ «նման փաստերը կարող են բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա»: