Երկակի խաղ Իրանի կողմից

15/03/2006

Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Ռեզա Ասեֆին կիրակի օրը հայտարարել է, թե Իրանն այլեւս չի քննարկում Ռուսաստանի տարածքում ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն ստեղծելու առաջարկը, եւ այդ ուղղությամբ մտադիր է իրականացնել սեփական մեծածավալ ծրագիրը: Իրանի հայտարարությունը հետեւել է անցած շաբաթավերջին Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրենների խորհրդի որոշմանը՝ Իրանի «միջուկային դոսյեն» փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կարող է քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: ՌԴ դիվանագիտական աղբյուրներից, սակայն, «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Թեհրանը պաշտոնական Մոսկվայի հետ շփումներում այսօր հերքել է Իրանի Արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը: «Իրանցիները տեղեկացրել են ռուսաստանցի դիվանագետներին, որ ուրանի հարստացման համատեղ ձեռնարկության մասին Ռուսաստանի առաջարկն առաջվա պես ուժի մեջ է: Վերջին շփումների ժամանակ Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը հերքվել է»,- ասել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը: