Ընթացիկ տարվա անցած 2-2,5 ամիսներն աչքի ընկան ԼՂ խնդրին նվիրված օտարերկրյա փորձագետ-վերլուծաբանների վերլուծություն-կանխատեսումների առատությամբ: Դրանց շարքին կարելի է դասել նաեւ նախօրեին ամերիկյան հեղինակավոր «The Washington Post»-ում «Ռուսական ստվերային կայսրությունը» վերնագրով հրապարակված վերլուծական հոդվածը, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաեւ ԼՂ հիմնախնդրին: Հոդվածի հեղինակներ, Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալասիոն եւ ԱՄՆ-ում գերմանական «Մարշալի հիմնադրամի» փորձագետ Դանիել Թվայնինգը նախ գտնում են, որ «Արեւմուտքը պետք է պահանջի փակել Հայաստանում եւ Վրաստանում գտնվող ռուսական ռազմակայանները, ամբողջ Հարավային Կովկասի համար առաջարկի յուրատեսակ «Մարշալի պլան» եւ առաջնորդի այդ երկրները դեպի միավորված Եվրոպա»: Հոդվածագիրները նշում են, թե ԱՄՆ-ը եւ Եվրոպան պետք է համատեղ պայքարեն Ռուսաստանի «ստվերային կայսրության» դեմ: Ըստ նրանց, Արեւմուտքը պետք է օգնի «ազատության ձգտող հետխորհրդային պետություններին` թոթափել ՌԴ գերիշխանությունը», ինչը պետք է հատկապես արագ լուծել ժողովրդավարական ուղին ընտրած պետություններում, որտեղ «ՌԴ քաղաքականության եւ ռուսական զորքերի ներկայության պատճառով դեռ պահպանվում են անջատողական հակամարտությունները»: «Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի առաջնորդները ստվերային կայսրություն են կառուցել ինքնիշխան հարեւանների տարածքներում՝ հովանավորելով «սառեցված հակամարտությունները» Արեւելյան Եվրոպայի հարավում եւ Հարավային Կովկասում… : Այդ քաղաքականությունը Եվրոպա է արտահանում անկայունություն եւ հանցավորություն՝ խաթարելով ապահովության եւ անվտանգության զգացումը»,- «The Washington Post»-ում նախօրեին հրապարակված հոդվածում նշում են Աննա Պալասիոն եւ Դանիել Թվայնինգը: Անդրադառնալով հակամարտությանը, հոդվածի հեղինակները կարծիք են հայտնում, թե ԼՂ հակամարտության հարցում եւս աճում է ՌԴ քաղաքական եւ ռազմական ազդեցությունը: «Արեւմտյան կառավարությունները պետք է աջակցեն համաձայնությանը, որով ՀՀ-ն Ադրբեջանին կվերադարձնի օկուպացված տարածքները, իսկ ԼՂ-ն կմնա ինքնավարություն՝ քանի դեռ դրա կարգավիճակը չի որոշվել հանրաքվեով»,- նշում են հոդվածի հեղինակները: Իսկ ահա ԼՂ խնդրի վերաբերյալ դարձյալ նախօրեին հրապարակված մեկ այլ վերլուծական հոդվածում, որի հեղինակը ԱՄՆ Ջորջթաունի ինստիտուտի դիվանագիտական դպրոցի շրջանավարտ, անվտանգության եւ Կասպյան տարածաշրջանի գեոքաղաքականության մասնագետ Թալեխ Զիյադովն է, նշվում է, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը պատրաստ չեն այս տարի ԼՂ հարցով համաձայնագիր ստորագրել: Նշելով, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը նվիրված Ռամբույեի բանակցությունները տապալվել են, հոդվածագիրը նկատում է, որ բանակցություններն առաջին անգամ չեն տապալվում: Սակայն այս տապալումն, ըստ նրա, նաեւ թաղեց մոտ ապագայում խնդրի խաղաղ կարգավորման բոլոր հույսերը: Զիյադովը գտնում է, որ մինչեւ 2008 թվականը, երբ ՀՀ-ում եւ Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարների մեջ ամենաիրականը «ստատուս քվոյի» պահպանումն է: «Սակայն «ստատուս քվոյի» պահպանման ժամանակ ՀՀ-ն նախկինի նման տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից կշարունակի մեկուսացված մնալ, իսկ Ադրբեջանն էներգակիրների արտահանման հաշվին կեռապատկի կամ նույնիսկ կքառապատկի իր ռազմական բյուջեն»,- կանխատեսում է հոդվածագիրը: Այս ամենն, ըստ նրա, կհանգեցնի նրան, որ Ադրբեջանն է՛լ ավելի քիչ ցանկություն կունենա համաձայնել հակամարտության այնպիսի լուծման, ինչին կարող է համաձայնել այսօր: Ադրբեջանի` վերը նշվածով պայմանավորված ինքնավստահությունն ու փախստականների եւ ներքին ուժերի խիստ պահանջները, Զիյադովի կարծիքով` Ադրբեջանի ապագա իշխանություններին կստիպեն ԼՂ խնդրի ուժային կարգավորման ուղղությամբ ավելի ու ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել, եւ, այդ ժամանակ, ըստ նրա, արդեն հարցը կլինի ոչ թե այն, թե կսկսվի՞ նոր պատերազմ, թե՞ ոչ, այլ այն, թե ե՞րբ կսկսվի այդ պատերազմը: Հակառակ այս մռայլ կանխատեսումներին, երեկ ԼՂ խնդրի վերաբերյալ Բաքվում մի քանի լավատեսական հայտարարություններ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Ռամբույեի բանակցություններից իր խիստ հիասթափված լինելու մասին բազմիցս հայտարարած Սթիվեն Մանը: Վերջինս հայտարարել է, թե 2006 թվականի գարունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում «կարեւոր պահ է»: «Մենք կարծում ենք, որ 2006 թվականին կկարողանանք հասնել ավելի մեծ արդյունքների»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ ավելացնելով, թե Բաքու երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հետ: Հատկանշական է, որ Մանն ուղեկցում է աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Դենիել Ֆրիդին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Շոն Մըքքոմաքն ասել էր, թե դեսպան Ֆրիդը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանում եւ Հայաստանում՝ 2 երկրների նախագահների` Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված կացությունը քննարկելու նպատակով: Հարկ է նշել, որ ԵԽ ԽՎ քաղաքական կապերի կոմիտեի՝ այսօր Փարիզում կայանալիք նիստում եւս քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Սպասվում է, որ այդ նիստում հայտարարությամբ հանդես կգա ԼՂ հարցով ԵԽ ԽՎ-ի ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: