Սահմանային գոտի` տեղամասերում

15/03/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ակնհայտ է, որ 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ հիմնական պայքարն ընթանալու է հենց իշխանական թեւում: Եվ լավ իմանալով իրենց հակառակորդների կողմից կիրառվելիք ընտրակեղծիքների բոլոր հնարավոր տեխնոլոգիաները, կոալիցիոն կուսակցությունները նախապես փորձում են օրենքով միմյանց համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ հետագայում դժվար լինի ընտրությունները կեղծելը: Համենայն դեպս, այս կարծիքին են ընդդիմության ներկայացուցիչները:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքերով, այդ փոփոխությունների արդյունքում «ավելի գաղտնի են դառնալու ընտրությունները»: Մասնավորապես, պատգամավորները ցանկանում են ԸՕ-ում ամրագրել դրույթ, ըստ որի` ընտրողը քվեարկելուց հետո քվեաթերթիկը մինչ քվեատուփ գցելը այն դնելու է հատուկ կնքված ծրարի մեջ: Հ. Մարգարյանի խոսքերով, այսկերպ գրեթե բացառվում է բաց քվեարկությունը: Ընդ որում, նախագծում ամրագրված է նաեւ, որ եթե քվեատուփում հայտնված ծրարում մեկից ավելի քվեաթերթիկ հայտնաբերվի, ապա դրանք կհամարվեն անվավեր: «Այդկերպ կբացառվեն լցոնումները»,- մեկնաբանեց Մարգարյանը` այդ առաջարկը որակելով` «շատ կարեւոր գաղափարախոսության ներմուծում»: Առաջարկներից մեկի համաձայն էլ` հանձնաժողովի առնվազն 3 անդամներ պետք է ստորագրեն ոչ միայն քվեաթերթիկների հակառակ կողմում, այլեւ աշխատանքային ընտրացուցակների վրա: «Ընտրողի ստորագրության կողքին հատկացված տողում պետք է ստորագրի նաեւ հանձնաժողովի այն անդամը, որ վարում է ընտրացուցակները եւ գրանցում է ընտրողի տվյալները: Եթե հետագայում պարզվի` կեղծիք է կատարվել, ապա կիմանան, թե կոնկրետ ում մեղքով է եղել եւ ում պիտի պատժեն»,- ասաց Հ. Մարգարյանը: Ձեւավորված ավանդույթի համաձայն, ընտրական հանձնաժողովի անդամները մշտապես ճեմում են քվեախցերի տարածքում՝ այդկերպ իրենց վերահսկողության տակ պահելով քվեարկողին։ Այս ամենից խուսափելու համար նախատեսվում է ամրագրել նաեւ հետեւյալը. «Քվեարկության ընթացքում քվեարկության խցերից 3 մետր հեռավորության վրա սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որ ունի մեկ մուտք եւ մեկ ելք։ Այդ «գոտում» քվեարկության խցերի քանակից ավելի թվով քվեարկողների գտնվելն արգելվում է։ Իսկ քվեախցերը տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա»։ Ի դեպ, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն ինքն էլ է կողմ «Ազգային Միաբանության» առաջարկին, համաձայն որի` նկարահանվելու է ընտրությունների ողջ պրոցեսը եւ հետո տեսաժապավենը կցվելու է ամփոփ արձանագրություններին: «Եթե մենք նկարահանումը դնում ենք, ապա պատկերացրեք, թե դրանով ինչքան ենք զսպում ընտրակեղծիքներ կատարողներին: Դա բավական լուրջ պրոցեդուրա է»,- ընդդիմության առաջարկի մասին ոգեւորված ասում էր պարոն Մարգարյանը:

Սակայն նկատենք, որ եթե իշխանություններն ուզենան կեղծել ընտրությունները, ապա նույնիսկ օրենսդրական այս սահմանափակումները նրանց չեն կաշկանդի «ազգանվեր» այդ գործն իր փառահեղ ավարտին հասցնելու համար: Հատկապես վերջին հանրաքվեն ապացուցեց, որ անկախ ժողովրդի մասնակցության ցուցանիշից, իշխանությունները կարող են հրապարակել այն արդյունքները, ինչ իրենք են ուզում: Եվ տվյալ պարագայում նույնիսկ ամենալավ Ընտրական օրենսգիրքը կամ ամենախիստ Քրեական օրենսգիրքը չի կարող զսպել նրանց: «Մենք պետք է ունենանք այնպիսի օրենսդրական նորմեր, որոնք բացառեն կեղծիքները, ընտրակաշառքներն ու ընտրությունները ստվերող մնացած բոլոր գործընթացները,- գտնում է Հ. Մարգարյանը։ -Բայց այդ ամենի հետ մեկտեղ` պետք է ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային կամք: Մենք պետք է ազգովի կամք ունենանք, որ ընտրություններն անցկացնենք ազատ ու արդար: Պետք է բոլորը գիտակցեն, որ մենք սպառել ենք ընտրակեղծիքների բոլոր հնարավորությունները եւ որ հիմա պետք է մտածենք ժողովրդավարացման կայացման մասին: Եվ միմիայն դրանով կարող ենք բարձրացնել մեր երկրի պատիվը: Կոնկրետ ՕԵԿ-ի համար սա սկզբունքային հարց է. ամեն ինչ անել` բացառելու համար ընտրակեղծիքները»:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Ալբերտ Բազեյանը, սակայն, գտնում է, որ ԸՕ-ում փոփոխություններ կատարելիս ընդդիմության առաջարկներն ընդունելը չի նշանակում, թե իշխանությունները պատրաստ են նորմալ ընտրություններ անցկացնել: Մանավանդ, որ այսօրվա իշխանությունների համար, Ալբերտ Բազեյանի խոսքերով, սովորական է դարձել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելը: «Տա Աստված, որ այդպես լինի: Սակայն մենք երաշխիք չենք կարող ունենալ, որ եթե իշխանություններն ընդունում են ԸՕ-ի հետ կապված ընդդիմության մոտեցումները, ապա իրականություն կդարձնեն օրենսգրքում ամրագրված դրույթները»: Ավելին, Ա. Բազեյանը երաշխիքներ չունի, թե իշխանությունները մինչեւ վերջ իրենց խոսքի տերը կլինեն եւ հետագայում ԱԺ քառօրյայի քննարկումների ժամանակ նախագծից չեն հանի այդ փոփոխությունները: «Մեկ անգամ չէ, որ որեւէ հարցի շուրջ նախնական համաձայնության են եկել, սակայն հետո փոխել են իրենց դիրքորոշումը»,- հիշեցրեց Ա. Բազեյանը:

«Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Կոստանդյանն էլ ասաց, որ իշխանությունները միշտ բարձրաձայնել են, թե ցանկանում են երկրում արդար ընտրություններ անցկացնել: Եվ հիմա ընդդիմությունը նրանց առաջարկել է արդար ընտրություն անցկացնելու բոլոր պայմանները: «Իսկ իշխանությունները կցանկանա՞ն ազնվություն ցուցաբերել, կախված է իրենցից, բայց պետք է նաեւ ի նկատի ունենան, որ վաղը-մյուս օրն իրենք չեն լինի, եւ հարցը դրանում է»,- ասաց նա: