Արդեն մի քանի օր է, ինչ մի խումբ սպիտակ խալաթավորներ ներկայանալով որպես թռչնագրիպի դեմ պայքարող անասնաբույժներ` տարբեր գյուղերում շրջելով` խարդախությամբ հափշտակում են գյուղացիների հավերը: Մեր տեղեկություններով` սպիտակ խալաթներ հագած մարդիկ գյուղացիներին խաբում են, թե հավերին տանում են բժշկական փորձաքննության եւ այդ կերպ մեծ քանակությամբ հավեր են հավաքում: Հավերի հավաքման նման դեպքեր են եղել Կոտայքի մարզի Արամուս, Գետաշեն, Ակունք գյուղերում, ինչպես նաեւ` Արարատի մարզի Դալար, Այգեստան, Դիտակ, Ջրաշեն, Զովաշեն գյուղերում: Երեկ, սակայն, խարդախներն արդեն գործի են անցել նաեւ Նուբարաշեն համայնքում, որտեղ 1 բնակչից նույնիսկ 40 հատ հավ են վերցրել: Սպիտակ խալաթներով խարդախները հավերը պահանջելիս գյուղացիներին տվել են կտրոններ, որոնցով, իբր, նրանք կարող են բանկերից փոխհատուցում ստանալ: Բանկերի աշխատակիցները` տեսնելով այդ կտրոնները` մի լավ զվարճացել են գյուղացիների միամտության վրա եւ հայտնել են, որ դրանք կեղծ կտրոններ են: Այս ամենից հետո են միայն հավերի տերերը հասկացել, որ իրենց խաբել են, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռեւս քրեական գործ չի հարուցվել այս դեպքերի կապակցությամբ: