Պատերա՞զմ են պահանջում

13/03/2006

ԼՂՀ բանակի 1-ին հրամանատար Արկադի Կարապետյանը, «Տիգրան Մեծ» գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչատուր Գալստյանը, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը եւ մի շարք այլ հրամանատարներ երեկ բաց նամակ են տարածել, որտեղ ՀՀ իշխանություններից պահանջում են դադարեցնել ԼՂՀ խնդրի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները: «Անընդունելի է, երբ տարիներ շարունակ, գաղտնիության պայմաններում, երկրի եւ ժողովրդի անունից խոստումներ են տրվում եւ պարտավորություններ ստանձնվում, իսկ ժողովուրդը այդ ամենի մասին տեղեկանում է կողմնակի մեկնաբանություններից: Ընդ որում` այն, ինչ խոսվում է, բացարձակ մերժելի է: Մենք այլեւս չենք վստահում այս բանակցություններին եւ հայության անունից այնտեղ բանակցողներին,- ասվում է նամակում: – Ճիշտ է, որ Ստեփանակերտի փոխարեն Բաքվի հետ բանակցելը, պաշտոնական Երեւանի մարտավարական սխալն էր, ինչը դիվանագիտական պարտությունների պատճառ դարձավ: Սակայն այսօր Ստեփանակերտի կողմից բանակցությունները շարունակելը նույնքան անընդունելի է: Հայ-ադրբեջանական որեւէ երկխոսություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն կդադարեցնի հակահայկական հիստերիան, կընդունի Արցախի հայապատկանությունը, ինչպես նաեւ ադրբեջանահայության բռնի տեղահանման եւ ինքնավարության դեմ պատերազմի սանձազերծման իր պատասխանատվությունը: Դրանից հետո միայն իմաստ ունի, որ Ստեփանակերտն ընդառաջի Բաքվի բանակցելու առաջարկությանը»: Նամակագիրների համոզմամբ, ԼՂՀ խնդրի «միջազգային կարգավորում» իրականում գոյություն չունի: «Հայության համար միջազգային կարգավորումը ոչ այլ ինչ է, քան հայրենի տարածքների հանձնում թշնամուն, անվտանգության երաշխիքների կորուստ եւ օտար ուժերի միջամտություն տարածաշրջանի գործերին»: «Հայ զինվորը չի վախենում պատերազմից, առավել եւս պատերազմի անհիմն սպառնալիքներից` որտեղից էլ որ դրանք հնչեն: …Ադրբեջանի ռազմատենչությունը ցուցադրական է: Նա քաջ գիտակցում է, որ իր վերահսկած տարածքի մի մասը եւս բուն հայկական շրջաններ են, որոնք պատերազմի վերսկսման դեպքում կարող են նույնպես ազատագրվել հայկական ուժերի կողմից: Որքան էլ որ «երեւանյան որոշ գործիչներ» երկու «բարձրաստիճան անձի» պատճառով իրենց «ատելությունը» փորձեն բոլոր արցախցիների վրա տարածել, միեւնույն է, մենք միաբան եւ վճռական ենք, եւ հարկ եղած դեպքում միասնաբար հակազդելու ենք հակառակորդի հակահայկական բոլոր դրսեւորումներին: Մենք մի մարմին, մի ոգի ենք եւ մի բռունցք, որը պատրաստ է իջնել հայրենիքի անվտանգությանը սպառնացող ցանկացած ուժի գլխին»: