Արցախի 4-րդ նրբանցքում, Սովետական տարիներից մնացած ու լուծարված գործարաններից բացի, ոչ մի բնակելի շենք չկա: Տէցի, Քիմռեակտիվի, Ալրաղացի եւ շարքից դուրս եկած այլ գործարանների հարեւանությամբ, ուր կենդանի շունչ չկա, երեւում է մի փլված շինություն, որտեղ նախկինում ինչ-որ ուսումնարան է գործել:
Մեր այցելությունից զարմացած (քանի որ քաղաքի այդ հատված գրեթե մարդ չի այցելում)` շենքից դուրս է գալիս մի փոքրիկ տղա ու հրճվանքով ասում է՝ «Գիտե՞ս, ես կոշիկ ունեմ, սպիտակ բոթասներ, սպիտակ շնուրներով: Մի րոպե սպասի»: Սպասում եմ… Փլված այդ շինության դռան առաջ կուտակված աղբի միջով հազիվ քայլելով մտնում է ներս ու սպիտակ մարզակոշիկի մեկը հագին, մյուսը ձեռքին շնչակտուր դուրս է գալիս. «Հես ա, սպիտակ ա, զգույշ եմ քայլում, որ չկեղտոտվի, սրանով պիտի դպրոց գնամ, պիտի զգույշ հագնեմ, որ չկեղտոտվի: Էսօր պապաս, մամաս քնած էին մնացել, ինձ չուղարկեցին դպրոց»: Երեխան 9 տարեկան Սերոբիկն է, ով ապրում է կիսափուլ շինության մեջ: Տուն բարձրանալու համար Սերոբը ոչ թե պետք է աստիճաններով վեր բարձրանա, այլ ծուռումուռ քարերի վրայով: Դժվար ու վտանգավոր ճանապարհ է, դրա համար էլ մի օր ընկել է: Գլխի ուժգին հարվածի պատճառով աչքերը շլացել են, լուրջ վնասվածք է ստացել: Ծնողները տարել են բժշկի, սակայն, երբ նրանցից 200 դոլար են պահանջել վիրահատության համար՝ հույսները կտրել են, թե տղային կարող են երբեւէ օգնել: Թողել են աստծո հույսին, իսկ Սերոբը շիլ աչքերով դպրոց է գնում: Ծնողները՝ Արմենն ու Պայծառը կարծում են, որ թեեւ իրենք ամեն ինչ անում են իրենց 4 երեխաների համար, բայց այդպես էլ ոչինչ չեն հասցնում: Եղանակի հետ էլ չեն հարմարվում: Ամեն տարի ամռանը մտածում են երեխաների համար տաք հագուստ գնելու մասին, բայց, երբ ձմեռը գալիս է՝ հասկանում են, որ կրկին ուշացել են, չեն հասցրել եղանակին նախապատրաստվել, ու երեխաները մրսում են: Նույնն է նաեւ ուսման հարցը: Նրանց երեխաներից Ալինան 8 տարեկան է, իսկ Սերոբը՝ 9, բայց երկուսն էլ նոր են դպրոց գնում, առաջին դասարանում են: Ասում են, որ երեխաները շոր չեն ունեցել, որ դպրոց գնան: Հիմա սովորում են թիվ 5 գիշերօթիկ դպրոցում եւ շաբաթվա մեջ միայն շաբաթ-կիրակի օրերին են տուն գալիս: Երեխաներն այնքան էլ հիացած չեն իրենց առօրյայով. «Դաս ենք սովորում, հետո գնում ենք խաղասենյակ, տելեվիզորով մուլտիկ ենք նայում, հետո գնում ենք ննջարան, պառկում, քնում ենք, ճաշարանում ճաշ ենք ուտում: Ամեն օր նույն բաներն ենք անում, նույն-նույնը…»,- ասում է Ալինան: Ալինան եւ Սերոբն իրենց ցուրտ ու ճնշող տունը շատ են կարոտում: Ալինան իր կարոտը ցույց տալու համար գնում, կանգնում է մոր առաջ ու պաթետիկ տոնով արտասանում է. «Գիտեմ, բարի են, բարի, բոլոր մայրերն աշխարհի, բայց ինձ համար աշխարհում մի աշխարհ կա ու մի մայր…»: Կանգնած՝ սպասում է մոր արձագանքին՝ հույս ունենալով, որ իր բանաստեղծությունը մոր վրա կազդի, ու նա իրեն թույլ կտա ավելի երկար տանը մնալ: Խանդոտ հայացքով մորը մոտենում է Սերոբն ու միջամտում. «Էս ոտանավորը ինքը չի հորինել, մեզ դպրոցում են սովորացրել, ուզո՞ւմ ես՝ ես էլ արտասանեմ»: Արմենն աղջկան հորդորելու համար ասում է՝ «Էս իմ թաք աղջիկն ա, իմ տան թագուհին ա»: Հետո կնոջը նայելով` ասում է՝ «Դե, Պայծառ Արամովնան էլ իմ ընկերն ա»: Սերոբը խոսելիս չի նայում մարդկանց աչքերին, երեւի կաշկանդվում է, ամեն կերպ հայացքը թաքցնում է, որ աչքերի շլությունը չնկատեն:
Տունն իրենցը չէ, հայրը բազմիցս դիմել է Շենգավիթի թաղապետարան, որ անպետք այդ շինության մի սենյակն իրենց տան, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել: Օդից կախված՝ ապրում են, թե հետո ինչ կլինի՝ չգիտեն: Արմենն ասում է. «Տարիներ առաջ փողոցում էինք հայտնվել, մնալու տեղ չունեինք, պատահական եկանք, տեսանք դատարկ շենք ա: Մեջը սաղ զիբիլ էր: Մի քանի օր մենակ զիբիլն էինք մաքրում: Մտանք շենք, ու, 3 տարի ա, ստեղ ենք ապրում: Շենքում ոչ ջուր կա, ոչ էլ զուգարան: Եթե թաղապետարանից թույլտվություն ստանայինք, գոնե ջուր քաշելու մասին կմտածեինք: Ախր չորս երեխա առանց զուգարանի, մեր ամեն ինչը տանովի-բերովի ա»: Արմենը 29.000 դրամ աշխատավարձով պահակություն է անում, բացի այդ, ստանում են նաեւ 25.000 դրամ նպաստ: Արմենի եւ Պայծառի մյուս՝ 3 տարեկան որդին՝ Արտաշը ձմեռային շոր ու կոշիկով քնած էր ու, ի տարբերություն քրոջ ու եղբայրների, շատ բաներից դեռ չի հասկանում, ծնողներին չի կարոտում: Նրա պահանջը մեկն է՝ կուշտ ուտել, որը սակայն ծնողների համար ամենօրյա հոգս է: Եթե քույրն ու եղբայրը գոնե գիշերօթիկում սնվում են, ապա Արտաշը հաճախ սոված է մնում: Իսկ Սերոբն ու Ալինան, թեեւ գիշերօթիկում չեն ցանկանում մնալ, քանի որ կարոտում են ծնողներին, այլընտրանք չունեն: Ծնողներն ասում են, որ նրանք պետք է գնան գիշերօթիկ դպրոց, այլապես քաղցած կմնան: