Ինչպես տեղեկացրեց նախաձեռնող խմբի նախագահ Ֆլորա Շախգուլյանը, նախօրեին իր բնակարանից՝ Նորքի թիվ 115 տնից վտարվել է տուժող խմբի անդամներից մեկը՝ Ռոբերտ Ամիրյանը: ԴԱՀԿ աշխատակիցներն առանց զգուշացնելու, տանտերերի բացակայությունից օգտվելով, կոտրել են տան կողպեքը, փորձել են գազախեղդ անել բակապահ շանը, ներխուժել են տուն, բռնագրավել եւ անհայտ ուղղությամբ են տարել Ռ. Ամիրյանին պատկանող ողջ գույքը: Ռ. Ամիրյանը եւս «թափառաշրջիկ բրոկեր» Ռուզաննա Ադամյանի հետ կնքած գործարքի արդյունքում եւ հետագայում բրոկերի կողմից կեղծած փաստաթղթերի հիման վրա զրկվել է բնակարանի սեփականության իրավունքից: Նրա գործը թեեւ դեռ դատական վարույթում է (Ռ. Ամիրյանն օգտվելով իր իրավունքից` 15-օրյա ժամկետում բողոքարկել է Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի որոշումը), սակայն ԴԱՀԿ աշխատակիցները, չսպասելով Վերաքննիչ դատարանի որոշմանը ինքնագլուխ որոշել են տանտիրոջը վտարել սեփական տնից: «Մեր այն հարցադրումներին, թե վտարումը ինչի հիման վրա է արվում՝ իրենց գործողություններին տեղյա՞կ են արդյոք ՀՀ նախագահը, կամ արդարադատության նախարարը, կամ գլխավոր դատախազը, Աջափնյակի ԴԱՀԿ-ի ավագ կատարածու Ալիկ Ավետիսյանը ցինիկաբար ընդամենը ասում էր՝ «Չգիտեն՝ կիմանան»,- պատմում է Ֆ. Շախգուլյանը: «Հանգիստ եղեք, իշխանավորները բոլորն էլ տեղյակ են»,- հայտարարել է կատարածուն: Մեկ այլ տուժյալի՝ Գրիգոր Օհանյանին, բրոկերների այս խմբի պարագլուխ Ռուզաննա Ադամյանի ամուսինը՝ նույնպես բրոկեր Արամ Միրզաբեկյանը, փողոցում հանդիպելով՝ փորձել է ներքաշել վիճաբանության մեջ: Տուժյալների հավաստմամբ` դա բրոկերների այդ խմբին բնորոշ մեկ այլ գործողություն է, որով վիճաբանության մեջ են քաշում իրենց, որպեսզի «իրենց գլխին գործ սարքեն»: Նման օրինակ նրանք արդեն ունեն. տուժյալ խմբի անդամներից Կուրիկյան Լիլյայի ամուսինը՝ Աշոտ Գալստյանը բրոկեր Արթուր Գրիգորյանի հետ վիճաբանությունից չորսուկես տարվա ազատազրկում է «շահել»: «Նույն վիճակը նրանք ուզում էին ստեղծել նաեւ Գրիգոր Օհանյանի համար, բարեբախտաբար, վերջինս զգուշացել է Ա.Միրզաբեկյանի առաջարկից՝ ձոր իջնել ու հաշիվները պարզել»,- տուժյալների հավաստմամբ` նման ծուղակներ նրանք սարքում են դիտավորյալ եւ ոստիկանության աշխատակիցների համաձայնությամբ, որոնք հատկապես նման պահերին անմիջապես հայտնվում են դեպքի վայրում: Ռոբերտ Ամիրյանի փաստաբանը կարծիք է հայտնել, որ ԴԱՀԿ աշխատակիցները նրա վտարումը կազմակերպելով` ընդամենը Նորք-Մարաշ առաջին ատյանի դատավոր Մ. Մարտիրոսյանի «մուռն են հանել», քանի որ տուժյալների գործն առաջին ատյանում հենց այս դատավորն է սովորաբար քննել, իսկ վերջերս իրենց բողոքի ակցիաների ժամանակ տուժյալները նրան մեղադրել են անօրինական դատավարությունների մեջ. Մ.Մարտիրոսյանին դուր չեն եկել մամուլով իր հասցեին հնչած տուժյալների բողոքները:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Մարտի 3-ին տուժյալները նամակով դիմել էին ՀՀ
Գլխավոր դատախազին՝ խնդրելով իրենց գործերը Կենտրոն ոստիկանության քննչական բաժնից տեղափոխել Գլխավոր դատախազություն: Դատախազությունից թեեւ նրանց խոստացել էին հնգօրյա ժամկետում պատասխանել, սակայն առայժմ արձագանք չկա: Ֆ.Շախգուլյանի հավաստմամբ՝ «թափառաշրջիկ բրոկերներից» տուժած բազմաթիվ այլ ընտանիքներ կան, որոնք վախենում են որեւէ բան ձեռնարկել, որովհետեւ բրոկերների այս խումբը գործում է ահաբեկման սկզբունքով, եւ քանի դեռ տուժյալ խմբի անդամներից որեւէ մեկի գործն արդար լուծում չի ստացել, բազմաթիվ այլ գործեր կմնան չբացահայտված: