«168 Ժամ»-ի նախորդ համարում քաղաքագետ Հրաչ Գալստյանը կարծիք էր հայտնել, թե ՀՅԴ-ն ու Կոմկուսը մահացող խմբեր են: «Եվ տա Աստված, որ այդ պրոցեսն ավելի արագանա, եւ նրանք հեռանան քաղաքական ասպարեզից: Բայց այստեղ խոսքը չի վերաբերում կոնկրետ մարդկանց, այլ ի նկատի ունեմ նրանց գաղափարական հենքը»,- ասել էր պրն Գալստյանը: Քաղաքագետի այս հայտարարություններից երեկ խիստ վրդովվել էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Ոմն Գալստյան իր ուղեղի տրամաչափից ելնելով կարծում է, որ Կոմկուսը պետք է հեռանա քաղաքական կյանքից: Այդ ոճով ժամանակին զբաղվում էր Հիտլերը, Գեբելսի հետ միասին, այդպես զբաղվում էին Պորտուգալիայի բռնապետերը, այդպես զբաղվում էին աշխարհի շատ ու շատ բռնապետեր: Դրա հետ միասին այդպիսի մեծ ցանկություն ուներ ՀՀՇ-ն, որը ժողովրդի մեջ թողել է անեծքներով լի մի ժամանակաշրջան: Ես պատկերացնում եմ այդ ընկերոջ կանխագուշակումներ անելու մակարդակը: Ես նրան պատկերացնում եմ լաթի մի կտորը ծնկների տակ փռած, գլուխը կպցրած հատակին` դիմում է Աստծուն ու խնդրում, որ Կոմկուսը շուտ հեռանա քաղաքական ասպարեզից: Միեւնույն է, ոչ Եվրախորհուրդը, ոչ նրա սատրապները Կոմկուսին վախեցնել չեն կարող եւ իրենց աղերսանքն առ Աստված սատանայական է»,- ի պատասխան քաղաքագետի հայտարարությունների` արձագանքեց նա: